168.am-ը գրում է.

Պրահայի քաղաքային դատարանը փետրվարի 27-ին ազատ է արձակել Թուրքիայի պահանջով փետրվարի լույս 25-ի գիշերը Չեխիայի մայրաքաղաքում ձերբակալված՝ քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության նախկին համանախագահ Սալեհ Մուսլիմին: Այս մասին լրագրողներին հայտնել է սիրիացի քաղաքական գործչի փաստաբան Միրոսլավ Կրուտինան։

«Դատարանը հիմքեր չգտավ Սալեհ Մուսլիմին նախնական կալանքի վերցնելու համար: Նա ազատ է արձակվել»,- ասել է իրավաբանը:

Դատարանի վճիռը ողջունել են քրդերը, որոնք շենքի առջեւ պահանջում էին իրենց առաջնորդի ազատումը:

Սալեհ Մուսլիմը ձերբակալվել էր փետրվարի լույս 25-ի գիշերը: Պրահայում, ուր նա ժամանել էր Բրյուսելից, քաղաքական գործիչը մասնակցում էր Մերձավոր Արեւելքին նվիրված միջազգային խորհրդաժողովին:

«Դեմոկրատական միությունն» առաջատար քրդական քաղաքական կուսակցությունն է Սիրիայի հյուսիսային մասում: Անկարան այն համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության ճյուղավորումը, որն ահաբեկչական կազմակերպություն էճանաչված Թուրքիայում եւ Եվրամիությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել