Media.am-ը գրում է.
1
Ի՞նչ է պատահել:

2018 թվականի մարտի 1-ից հակաբիոտիկ, հորմոններ ու կոդեին պարունակող դեղեր գնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է դեղատոմս ներկայացնի:

Սա դեղատոմսով դեղերի վաճառքի առաջին փուլն է, երկրորդն ու երրորդը սպասվում են հուլիսին (բոլոր ներարկումային դեղերը) և հոկտեմբերին (մնացած դեղերը): Հայաստանում գրանցված 4700 անուն դեղից հոկտեմբեր ամսից առանց դեղատոմսի կվաճառվի 1060-ը:

Այս փոփոխությունները նախատեսված էին 2006 թվականին ընդունված «Դեղերի մասին» նոր օրենքով:

2
Ինչպե՞ս իմանալ դեղատոմսով և առանց դեղատոմսի վաճառվող դեղերի մասին:

Դեղերի ցանկերը (դեղատոմսով, առանց դեղատոմսի և հսկվող դեղերի) հրապարակված ենառողջապահության նախարարության  և ՀՀ ԱՆ «Դեղերի փորձագիտական կենտրոն»կայքում:

3
Նշված ցանկերում կան նույնանուն դեղեր, ո՞րն է դրանց տարբերությունը:

Կան դեղեր, որոնց բարձր չափաբաժնով տարբերակները վաճառվելու են միայն դեղատոմսով, իսկ ցածր չափաբաժին ունեցողները՝ առանց: Կան դեղատեսակներ, որոնց ներարկման լուծույթները դեղատոմսով են, հաբերը՝ ոչ:

4
Դեղատոմսով դուրս գրվող դեղ գնելու համար քաղաքացին պարտադիր պետք է այցելի պոլիկլինիկա՞:

Քաղաքացին կարող է դիմել և՛ պոլիկլինիկա, և՛ ցանկացած բժշկի, որն էլ անհրաժեշտության դեպքում հիվանդին կտրամադրի համապատասխան դեղատոմսը:

Սահմանվել է դեղատոմսի 4 ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար:

5
Ի՞նչ ժամկետներով են տրամադրվելու դեղատոմսերը:

Թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ միանգամյա ու բազմակի դեղատոմսերը` 6 ամիս:

6
Հիվանդը հնարավորություն ունենալո՞ւ է դեղերը հատով գնել, թե՞ միայն դեղատոմսում նշված քանակով:

Հիվանդը կարող է դեղերը գնել նաև հատով և ցանկացած դեղատնից: Բազմակի օգտագործման դեղատոմսերը հենց դրա համար են: Դրանք նախատեսված են նաև քրոնիկ հիվանդների համար:

Բազմակի օգտագործման դեղատոմսով գրված դեղի` մասնակի բաց թողնելու յուրաքանչյուր դեպքում դեղատոմսից մեկ կտրոնը կտրվում և պահվում է դեղատանը:

7
Անվճար կամ արտոնյալ պայմաններով (զեղչերով) տրվող դեղերի դեղատոմսերը տարբերվելո՞ւ են մյուսներից:

Այդ դեղատոմսերը համարակալվելու են, և դեղատոմսի վրա նշվելու են՝ անվճար կամ զեղչի (տոկոսի) չափը, հաշվառման մատյանի հերթական համարը:

8
Իսկ ի՞նչ է լինելու նախկին կարգով հաստատված դեղատոմսերի հետ:

Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը նախկին կարգով հաստատված դեղատոմսերի ձևերն ուժի մեջ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել