Ադրբեջանում հնարավոր են համարում Թուրքմենստանի միացումը Հարավային գազային միջանցքին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովը։

Ըստ նրա՝ ԵՄ-ն Հարավային գազային միջանցքի շուրջ բանակցություններ է վարում Թուրքիայի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի հետ։

Նա հավելել է, որ Ադրբեջանն ու Թուրքմեստանը համագործակցում են էներգետիկայի ոլորտում․ թուրքմենական նավթը Եվրոպա է արտահանվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։
Անկարայի ու Արևմուտքի շահերը Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա էներգետիկ-տրանսպորտային միջանցք կառուցելու առումով համընկնում են, իսկ այդ միջանցքն էլ շրջանցելու է ՌԴ-ին ու նրա հարավկովկասյան դաշնակից ՀՀ-ին։ Կենտրոնական Ասիայի երկրների նավթն ու գազը հետաքրքրում են Եվրոպային, որը ցանկանում են ՌԴ-Արևմուտք «սառը պատերազմի» պայմաններում նվազեցնել իր էներգետիկ կախվածությունը ռուսական գազից ու նավթից։ Կասպից ծով-Թուրքիա-ԵՄ միջանցքի կառուցումը բխում է Վաշինգտոնի շահերից։

Թուրքիան այս պայմաններում դառնում է Եվրոպան կասպյան էներգակիրներին կապող միջանցք` էներգետիկ խաբ, իսկ Ադրբեջանն էլ՝ որպես թուրքական, պանթուրքիստական շահերի սպասարկող Կասպից ծով-Կենտրոնական Ասիա ուղղության վրա, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի համար դառնում է «պատուհան», ՌԴ շրջանցող միջանցքի մասնիկ դեպի Արևմուտք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել