«Կձևավորվի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքական լայն ընդդիմադիր ճակատ, ովքե՞ր կմիավորվեն այդ ճակատի ներքո, և կլինի՞ քիչ թե շատ տեսանելի ու շոշափելի հրապարակային բողոքի շարժման գործընթաց, թե՞ ոչ: Ներկայումս, 2018-ի ապրիլին ընդառաջ Սերժ Սարգսյանի վարչապետության դիլեմային միանում է նաև դրա, այսպես ասած, հնարավոր կամ անհնարին հակազդեցության դիլեման: Ներկայումս այդ հեռանկարի դեմ պայքարի մասին հայտարարում է խորհրդարանական «Ելք» խմբակցությունը, նաև արտախորհրդարանական ուժեր, համենայնդեպս, օրինակ, «Ժառանգությունը»: Կլինի՞ «Ժառանգության» և «Ելք»-ի միավորում այդ նպատակի շուրջ՝ հրապարակում: Եվ է՞լ ինչ ուժեր կմիանան հնարավոր այդ գործակցությանը:
 
Այստեղ, սակայն, նախ հարց է, թե «Ելք»-ն ինքնին ինչ մոտեցում է ունենալու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հարցում՝ Ազատության հրապարա՞կ, թե՞ այսպես ասած «ԱԺ լսումներ» ֆորմատ:
Բանն այն է, որ այդ տեսանկյունից օրեր առաջ արձանագրվեց հետաքրքիր տարամիտում, նուրբ տողատակով: «Ելք»-ը լսումներ էր նախաձեռնել Մարտի 1-ի թեմայով: «Ելք»-ի առաջնորդներից Էդմոն Մարուքյանը լսումները հռչակեց «պատմական» հաջողություն, հայտարարելով, թե դա նոր ընդդիմության նոր մեթոդաբանություն է, որով քայլ առ քայլ գնալու են առաջ:
 
Էդմոն Մարուքյանի այդ ֆեյսբուքյան գրառմանը զուգահեռ, «Ելք»-ի մեկ այլ առաջնորդ՝ Նիկոլ Փաշինյանն իր գրառումն արեց, որ ընտանիքում քննարկել է նախնական պլանը և ստացել Ազատության հրապարակ գնալու հավանություն: Երկու ուշագրավ գրառում, ըստ էության, տարբեր ուղղություններով գնալու մասին, համենայնդեպս, նվազագույնը պատկերացումների մասին, ինչը, ըստ էության, հայտնի ժողովրդական խոսքի շրջանակում հնարավոր է ձևակերպել, որ կարող է կոծկվել առավելագույնը «40 օր»:
 
Եթե որևէ քաղաքական դաշինքում կան մեթոդաբանության և ճանապարհի վերաբերյալ սկզբունքային տարաձայնություններ և պատկերացումների տարամիտում, ապա դրանք մի օր անպայման դառնալու են իրականություն, հատկապես, երբ խոսքը հավասարազոր առաջնորդների և թիմերի միջև եղած տարբերության մասին է: Իսկ առնվազն ֆեյսբուքյան գրառումների մակարդակում այդ տարբերությունը «Ելք»-ի դեպքում ակնառու է, ինչը հարց է առաջացնում, թե նախ որևէ հրապարակային միավորում նախաձեռնելը կամ դրա մաս դառնալը, «Ելք»-ն ինքն ունենալո՞ւ է առողջ միավորվածություն տվյալ մեթոդաբանության շուրջ: Սակայն ամենաառանցքայինը թերևս այն հարցն է, թե կմիանա՞ այդ հնարավոր գործընթացին իշխանությունը, իշխանության որևէ թև, և ո՞ր թևը կմիանա: Օրինակ՝ Սերժ Սարգսյանն ինքը որևէ կերպ կմիանա՞ իր վարչապետության դեմ հնարավոր հրապարակային բողոքի կամ պայքարի դրսևորումներին»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել