«Մինչ հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրությունն այս օրերին սևեռված է ներքաղաքական ինտրիգների վրա, կառավարությունը թաքուն քայլեր է անում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ամբողջ ծավալով կիրառելու ուղղությամբ: Եվ ահա հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր կդառնա 1976թ. հետո ծնված բոլոր քաղաքացիների համար անխտիր:
 
Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 22-ին ստորագրել է համապատասխան որոշում` հանձնարարելով ՀՀ ֆինանսների նախարարությանն ու ՊԵԿ-ին սկսել համապատասխան միջոցառումները: Ու ստացվում է` բավական չէ շարունակական գնաճը, հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիների գրպանին ևս մեկ բեռ է ծանրանալու՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անվան տակ աշխատավարձի 5 տոկոսը նրանք վճարելու են կուտակային հիմնադրամներին: Ընդ որում, կառավարությունը պատրաստվում է այս քայլին գնալ ներքաղաքական բոլոր խնդիրները «լուծելուց» հետո, երբ արդեն ընտրված կլինի նոր նախագահը, ձևավորված կլինի կառավարությունն ու քաղաքական դաշտում «մեռյալ սեզոն» կտիրի:
Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեծ դժգոհություն առաջացրեց Հայաստանում. երիտասարդները տևական ժամանակ բողոքի ցույցեր էին անցկացնում` պահանջելով չեղարկել այն: Կառավարությունն էլ՝ որպես փոխզիջում, որոշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր է լինելու պետական կառույցների աշխատակիցների համար, իսկ մասնավորների դեպքում օրենքի կիրառումը հետաձգեց:
 
Հիմա, սակայն, այլևս այն չի հետաձգվելու, իսկ «Դեմ եմ» շարժման անդամները, որ բողոքի ցույցեր էին անցկացնում, այլևս չեն պատրաստվում դժգոհության նոր ալիք բարձրացնել: Նրանցից Դավիթ Մանուկյանն ու Հայկ Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, թե «Դեմ եմ» շարժումն, ըստ էության, գոյություն չունի այլևս, և բացի այդ` իրենք անձնական գործերով են զբաղված»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել