Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանը, վերջին իրադարձության վերաբերյալ իր տեսակետն ապացուցելու համար «հեռուն» գնալով, հայտարարում է հետևյալը․ «Ինչ-որ մարդիկ մի կողմից պահանջում են հարգել ու ընդունել, որ, բացի առաքելականներից, այլադավաններ ու աթեիստներ կան, իսկ երբ եկեղեցին ա այդ տարանջատումն անում, այդ ժամանակ էլ պնդումներ են հնչում, թե ինչպե՞ս եք համարձակվում տարանջատել»: Կներեք, իսկ ովքե՞ր էին հայտարարում՝ «Ով քրիստոնյա չէ, նա հայ չէ» կամ «Հայը չի կարող աթեիստ լինել»: Երբ միջնադարյան այդ «օրենքները» պարբերաբար փորձում են ձեր իսկ թիմակիցները շրջանառել, հենց այդ ժամանակ էլ վրդովվեք ու լռեցրեք ձեր թիմակիցներին: Դա՝ մեկ: Ինչպե՞ս կարելի է հրապարակայնորեն հեգնել մի ամբողջ համայնքի բնակիչներին, այդ թեմայի վերաբերյալ բազմաթիվ այլ արձագանքողներին:
Եթե այդ խոսակցությունները հիմնազուրկ զրպարտանքներ են, ապա դրա մեղավորն այդ լուրը շրջանառության մեջ դնողն է, որի մասին, ի դեպ, Աջապահյանը խոսում է հենց սկզբից, այսինքն` եթե այդ բոլոր խոսակցությունները բացարձակ զրպարտանքներ են, ինչպես Աջապահյանն է պնդում, ապա հասարակությանն ուղղվող մեղադրանքների փոխարեն նա (Աջապահյանը) թող դատական հայց ներկայացնի տվյալ զրպարտանքը շրջանառության մեջ դնող լրատվականի դեմ ու դատարանում ապացուցի իր ճշմարտացիությունը:
Վերջում․ ի՞նչ է նշանակում՝ «Այսուհետ դուք կունենաք այլ առաջնորդ: Առաջնորդը գուցե մնա նույն անուն-ազգանունով, բայց դուք կունենաք այլ առաջնորդ, ինչին որ դուք ցանկացաք արժանի լինել: Այդ առաջնորդը կլինի լուռ և չի խառնվի ոչ մի բանի: Գնացեք ապրեք, ինչպես ուզում եք»: Ու սա հայտարարում է Հայ առաքելական եկեղեցու արժեքների մասին խոսող, Շիրակի թեմի առաջնորդ, 19 տարի ժողովրդին ծառայած հոգևորականը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել