Operativ.am -ը գրում է

Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» կողմից Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:

Նոր Սահմանադրությունն արդեն քայլեր է արել, կա Բարձրագույն դատական խորհուրդ, որն անմիջականորեն չի ենթարկվում կառավարությանը, ԱԺ-ին և նախագահին. «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդմանը հայտարարեց ՀՀ իշխող կոալիցիայի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» կողմից Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ-ում դատական մարմինների անկախությունը:

«Սա արդեն դրական երևույթ է, որովհետև ինչ-որ չափով բացառում է «վերևի մարդու» սինդրոմը»,-ասաց նա:

Արմեն Սարգսյանը նշեց, թե նախագահ դառնալու դեպքում կփորձի կատարելագործել դատական համակարգը՝ արձագանքելով խնդիրների դեպքում:

«Եթե ես լինեմ նախագահը, եթե սկզբունքային տարբերություններ ունենամ, մի՛ կասկածեք, որ կիրացնեմ սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը, որ նախագահն ունի՝ լինի չստորագրելով կամ խոսելով, որովհետև դա է այն ճանապարհը, որով կկարողանանք համակարգը մաքրել, բյուրեղացնել»,-ասաց նա:

 Գործարարության համար, ըստ նրա, անկախ դատարանը հարստություն է: «Աշխարհում կորպորատիվ պայմանագրերի մեծ մասը ստորագրվում է, այսպես կոչված, անգլիական օրենքով. պատճառն այն է, որ այդ դատարանի նկատմամբ վստահություն կա, որովհետև այդ դատարանում կկարողանաս դատի տալ աշխարհի ամենահարուստ մարդուն և հաղթել, քանի որ չես կասկածում այդ դատարանի անաչառությունը: Հայաստանի համար դա բացարձակ անհրաժեշտություն է»,-ասաց նա:

ՀՀ նախագահի թեկնածուն օրինակ բերեց, թե անկախ դատական համակարգն ինչքանով է կարևոր գործարար կյանքի համար:

«Պետք է գործարարը վստահ լինի, որ ինչին հասել է այսօր, կկարողանա վաղը հանձնել իր սերունդներին։ Նաև դրսից ներդրողների համար է կարևոր»,-ասաց նա:

Իսկ թե ինչու ՀՀ-ում ներդրումներ չկան, Արմեն Սարգսյանը չհամաձայնեց. «Կան, և փոքր Հայաստանում այդ ներդրումները տեսանելի են, կան և՛ ներդրումներ, և՛ լավ նախաձեռնություններ»:

Ըստ նրա՝ պետք չէ միայն դատարաններին մեղադրել: «Ամենամեծ գործոնը շուկայի փոքրությունն է, և կամաց-կամաց այն ավելի է փոքրանում, քանի որ արտահոսք կա: Եթե ՀՀ-ի բնակչությունը տասը կամ քսան անգամ ավելին լիներ, կգային, կհարմարվեին նույնիսկ ոչ լիարժեք անկախ դատական համակարգի դեպքում։ Հետևաբար դատական համակարգին քավության նոխազ դարձնելը ճիշտ չէ»,-ասաց նա:

Արմեն Սարգսյանը մՙեկ այլ պատճառ նշեց և շեշտեց, թե Հայաստանը դրսում լավ չի ներկայացված. «Հայաստանին դրսում լավ չեն ճանաչում, և մենք հսկայական անելիք ունենք»։

Ըստ նրա՝ Հայաստանը հայտնվել է յուրօրինակ վիճակում։ «Միակ երկիրն է, որ տարածաշրջանում կապում է Եվրամիությունը Եվրասիական տարածքի հետ։ Սա հսկայական հնարավորություն է ներդրողին ասել՝ սիրելի՛ բարեկամ, խնդրում եմ, արի Հայաստան։ Եվ եթե մենք կարողանաք լավ աշխատող դատական համակարգ, ներդրումների համար պայմաններ և, իհարկե, ծրագրեր առաջարկել, ֆինանսաբանկային համակարգը լավ գործի, ապա ներդրումները կգան, իսկ ռեսուրս ասելով՝ նկատի ունեմ մարդկային ռեսուրսը: Եթե ճիշտ ներկայացնենք, ապա ներդրողները կգան»,-ասաց նա և պնդեց, թե ինքը բազմաթիվ ազգականներ ունի, ովքեր կգան, և ոչ նրա համար, որ ազգական են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել