Armenpress.am-ը գրում է.

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գրիգորը Ախուրյան գյուղից էր, բայց նրա ընտանիքը բնակվում է Ռուսաստանում։ Եղոյանները վերջին տարիներին ապրում էին ՌԴ-ում, իսկ Գրիգորը Հայաստան եկել էր հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար: 1 տարի 6 ամիս արդեն ծառայել էր և շուտով պետք է տուն վերադառնար: Մարտակերտի շրջանի դիրքերից մեկում հերթապահությունը ճակատագրական դարձավ Գրիգորի համար՝ նա զոհվեց թշնամու երկու գնդակից: 

«Գրիգորը տան կրտսեր զավակն էր, ավագ քույր ու եղբայր ունի։ Նորմալ ընտանիք են, գյուղում երկհարկանի սեփական տուն ունեն, բայց հիմա Ռուսաստանում են ապրում: Հայրն ավելի վաղ է ՌԴ մեկնել, իսկ մայրը՝ որդու բանակ գնալուց հետո: Շատ լավ ու շնորհքով տղա էր»,-ասել են ախուրյանցիները՝ հավելելով, որ երբ արձակուրդ էր եկել գյուղ, նշում էր, որ ծառայությունը շատ լավ է անցնում, միակ խնդիրը հակառակորդի պարբերական կրակոցներն են:

Գրիգորը պարտադիր զինվորական ծառայության էր զորակոչվել է 2016թ. հուլիսին և այս տարվ հուլիսին պետք է վերադառնար տուն։ Նա մահացու վիրավորում էր ստացել Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում` հակառակորդի կրակոցից։

Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գրիգոր Եղոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել