Armsport.am-ը գրում է.

Փհենչհան-2018-ում հայ մարզիկներն ավարտել են իրենց ելույթները: Հիշեցնենք, որ Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին ներկայացել էր 3 մարզիկներով՝ դահուկորդներ Միքայել Միքայելյան, Կատյա Գալստյան, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյան:

Հիշեցնենք, որ Միքայել Միքայելյանը 72-րդ հորիզոնականն է զբաղեցրել և չի որակավորվել, Կատյա Գալստյանը նույնպես 72-րդն է եղել իր մրցմանը, իսկ Աշոտ Կարապետյանը եզրագծին հասած 43 լեռնադահուկորդների թվում 42-րդն է եղել:

Armsport.am-ը Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի հետ ամփոփել է Փհենչհան-2018-ում հայ մարզիկների ելույթները:

«Օլիմպիական խաղերը մեզ համար համարում եմ բավարար: Մենք նպատակ ունեինք յուրաքանչյուր մարզիկի կտրվածքով անձնական լավագույն արդյունք ցույց տալը, որը մասամբ կատարեցինք: Մեր մարզիկների մոտ վստահությունը մեծ էր»,- ասաց Գ. Սարգսյանը:

Հարավային Կորեայում Հայաստանի պատվիրակության անդամներից մեկը առանձին-առանձին անդրադարձավ մեր ներկայացուցիչների ելույթներին.

Կատյա Գալստյան

«Կատյան մեր ամենափորձառու ներկայացուցիչն էր, ում համար Օլիմպիական 2-րդ խաղերն էին: Կատյան ներկայացավ լավագույն կողմերով: Կարևոր է այն, որ նախորդ Օլիմպիադայի համեմատ նա առաջընթաց գրանցեց: Բնական է, եթե տարբերություն չլիներ, քառամյա ցիկլն անիմաստ կլիներ, բայց այդպես չէ: Կատյան կռիվ տվող աղջիկ է, կարծում եմ՝ իրենը դեռ ասելու է:

Միքայել Միքայելյան

«Միքայելը մեր վերջին տարիների ձեռքբերումն է. նա բավականին լավ տեմպերով առաջընթաց է գրանցել: Երիտասարդների Օլիմպիական խաղերում 26-րդ տեղը մեզ համար լավ արդյունք է: ՕԽ-ի մենարկից առաջ էլ Շվեյցարիայում փայլուն արդյունք գրանցեց՝ 23-րդ տեղ: Արդեն իսկ նշմարվում է, որ երիտասարդների աշխարհի առաջնությանը նա պայքարելու է տասնյակում տեղ ունենալու համար: Կարևոր է նաև այն, որ նա մեր 2-րդ համարն է և վարկանիշով էր մասնակցում Փհենչհան-2018-ին: Միքայելին մեկնարկ ուղեկցելիս նաև կատակեցի, որ քեզնից մեծ տարիքի մարզիկների հետ ես մրցելու, ովքեր քո տարիքի չափ փորձ ունեն: Փառք ու պատիվ Միքայելին, ով 30-ից ավելի մարզիկներ իր հետևում թողեց: Պարզ ասեմ, որ ելույթից հետո մեր մարզիկը դժգոհ էր. դա ուրախալի է, քանի որ նա ավելիին է ձգտում:

Աշոտ Կարապետյան

«Աշոտ Կարապետյանը մարզվել է Ծաղկաձորում բնական ձյանվրա, իսկ մրցուղում արհեստական կոշտ ծածկույթ էր: Կարևորն այն է, որ Աշոտը կարողացավ ավարտել: Ունենք այն, ինչ ունենք: Որպես երիտասարդ մարզիկ՝ նրա համար մեծ փորձ էր»:

Անդրադառնալով Աշոտ Կարապետյանի հետ կապված հայտնի դեպքերին՝ Սարգսյանն ասաց. « Ցավալի հանգամանք էր, որ որոշները փորձեցին «ցեխ շպրտել» մեզ վրա. ես դեմ եմ հարցերը նման կերպ լուծելուն: Փաստերով, ավելի մանրամասն անդրադառնալու ենք: Աշոտի համար միայն լավ մթոնոլտ է եղել, վերջիվերջո նա իմ ազգի ներկայացուցիչն է: Ամենայն հոգածություն է եղել իր հանդեպ, մենք Հայաստանի Հանրապեությունը ներկայացնող մարդիկ ենք: Ապացուցել ենք, որ լավ թիմ ենք»:

«Մյուս Օլիմպիական խաղերին ունենալու ենք կրկնակի լավ արդյունք: Սա տեսել եմ մեր մարզիկների մտքերում և ծրագրերում»,- եզրափակել է Գագիկ Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել