Չնայած որ եգիպտական փարավոն Թութանհամոնը մահացել է ավելի քան 3300 տարի առաջ, նրա մահվան և մումիֆիկացման գաղտնիքը դեռևս հետաքրքրում է գիտնականներին: Բրիտանացի հետազոտողները կարծում են, որ գտել են փարավոնի մահվան պատճառը և անհավանական բացահայտում են կատարել:

Այն բանից հետո, երբ փարավոնին գերեզմանում փակեցին մ.թ.ա. 1323 թ., նրա մումիֆիկացված մարմինն այրվեց սարկոֆագի մեջ: Թութանհամոնը, ամենայն հավանականությամբ, մահացել է մարտի ժամանակ՝ կառքի տակ ընկնելով:

Այն բանից հետո, երբ եգիպտագետներ Լորդ Քարնավոնը և Հովարդ Կարտերը 1922 թ. հայտնաբերեցին Թութանհամոնի գերեզմանը, նրանց հայտնաբերածը ողողվեց խորհրդավոր գաղտնիքներով: Սկսեցին խոսել փարավոնի անեծքի մասին, երբ հնագիտական խմբի մի քանի անդամներ միաժամանակ մահացան:

Հնէաբան Քրիս Նաունտոնը՝ Եգիպտական հետազոտական հասարակության ղեկավարը, վերջերս հանդիպել է Կարտերի արձանագրությանը, որում ասվում է, թե Թութանհամոնի մարմինն այնպիսի տեսք ուներ, կարծես այրվել էր:

Նաունտոնը մարմնի և ոսկորների հետազոտություն է իրականացրել՝ էլեկտրոնային մանրադիտակով ուսումնասիրելով մարմնի մնացորդները, որն էլ ցույց է տվել, որ փարավոնի մարմինն իսկապես այրվել է փակ գերեզմանում:

Քիմիական թեստերի շարքը խոսում է այն մասին, որ թթվածնի, զմռսման համար նախատեսված յուղերի և կտորների համադրությունը հանգեցրել է մարմնի ինքնահրկիզման: Թթվածնի և յուղերի խառնումը ջերմության կուտակման է բերել, ինչն էլ հանգեցրել է կրակի, իսկ երբ այդ ամենին միացել են նաև կտորները, որոնցով փաթաթված էր, Թութանհամոնի մարմինը սկսել է այրվել 200 աստիճան ցելսիուսի տակ:

Սա վկայում է այն մասին, որ փարավոնին արագորեն են թաղել, քանի որ մարմինը խիստ վնասված էր: Գերեզմանի պատերի վրայի հետքերը, որոնք առաջացել են միկրոբների ակտիվության հետևանքով, խոսում են այն մասին, որ պատերի ներկը չի հասցրել չորանալ մինչև սարկոֆագի՝ գերեզմանի մեջ մտցնելը:

Ռենտգենը և համակարգչային տոմոգրաֆիան ցույց են տվել, որ մարմնի ոսկորները մանր մասերի են բաժանված եղել: Հետևաբար կարելի է ենթադրել, որ նա իսկապես մահացել է կառքին հարվածելու արդյունքում, որը մեծ արագությամբ էր ընթացել: Կմախքում հայտնաբերել են կոտրված ձախ կողեր, բացակայել են կրծքավանդակի ոսկրերը և սիրտը:

Նախորդ վարկածներն այն բանի, թե ինչպես է մահացել փարավոնը, ներառում էին դիտավորյալ սպանությունը, դժբախտ պատահարը և հիվանդությունը: 2005թ. հետազոտությունը ցույց է տվել, որ Թութանհամոնը մահից առաջ ձախ ոտքի կոտրվածքներ է ունեցել: 2010թ. ԴՆԹ-ի հետազոտությունը ցույց է տվել, որ մահացածը մալարիայով է տառապել:

Թութանհամոնի գերեզմանը հայտնի է դարձել, այսպես կոչված, «փարավոնի անեծք»-ի շնորհիվ՝ դժբախտ պատահարների և մահերի, որոնք կապվում են այս գերեզմանի հետ: Դրանցից մի քանիսն են.

  • Լորդ Կարնարվոնը, ով ֆինանսավորել է Թութանհամոնի գերեզմանի ուսումնասիրությունները, գերեզմանի բացումից մի քանի ամիս անց մահացել է մժեղի խայթոցից:
  • 1923 թ. եգիպտական արքայազն Ալի Քեմալ Ֆահմի Բեյը, ով մի անգամ այցելել էր գերեզման, սպանվեց իր իսկ կնոջ կողմից:
  • Ֆրանսիացի եգիպտագետ և Լուվրի աշխատակից Ջորջ Բենեդիտը նույնպես մահացել է Թութանհամոնի գերեզմանին այցելելուց հետ՝ 1926 թ.՝ 69 տարեկան հասակում:
  • Ռենտգենոլոգ Արչիբալդ Դուգլաս Ռիդը հիվանդացել և մահացել է Թութանհամոնի ռենտգենավորումն անցկացնելուց 3 օր հետո:
  • Ֆինանսիստ Ջորջ Ջեյ Գոուլդը, ով այցելել էր գերեզման, հիվանդացել և մահացել է այցելությունից մի քանի ամիս անց:

Ինքը՝ Հովարդ Կարտերը, չէր հավատում անեծքին, քանի որ գերեզմանի բացման ժամանակ ներկա 58 մարդկանցից միայն 8-ն է մահացել 12 տարվա ընթացքում: Կարտերը մահացել է 1939թ.՝ 64 տարեկանում, լիմֆոմայից:

Շատերը եկել են եզրակացության, որ «անեծքի» առաջացման պատճառը միայն համաշխարհային օրաթերթերն են, որոնք երևույթը տարածել են և սենսացիա դարձրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել