168.am -ը գրում է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ թույլ չի տա գինին դնել թունդ ալկոհոլի հետ նույն շարքում, ինչպես նաեւ խոստովանել է, որ «ավանդական ֆրանսիական ըմպելիքը» խմում է օրական երկու անգամ: Այդ մասին հայտնել է France Info ռադիոկայանը:

«Հասարակության առողջությունը փորձանքի մեջ է ընկել, որը դրսեւորվում է նրանով, որ երիտասարդներն ավելի ու ավելի շատ են օգտագործում թունդ ալկոհոլ եւ գարեջուր, բայց գինու դեպքում դա այդպես չէ»,- հայտարարել է Մակրոնը՝ ելույթ ունենալով փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսում:

«Անձամբ ես գինի եմ խմում ցերեկը եւ երեկոյան»,- պատմել է Ֆրանսիայի ղեկավարը: Նա հավելել է, որ իր նախագահության օրոք թույլ չի տա «ալկոհոլին եւ ծխախոտին վերաբերող օրենսդրության խստացմանը միտված որեւէ ուղղում»:

Ալկոհոլային օրենսդրության խստացմած շուրջ բանավեճը Ֆրանսիայում բորբոքվեց փետրվարի սկզբին, երբ երկրի առողջապահության նախարար Անիես Բուզինը հայտարարեց, թե «գինու ինդուստրիան ստիպում է հավատալ, որ գինին տարբերվում է ալկոհոլային մյուս խմիչքներից» եւ «մի շարք օգտակար հատկություններով է օժտված», թեեւ, ինչպես գիտական տեսակետից, այնպես էլ հասարակության առողջության տեսակետից «գինի խմելը նույնն է, ինչ գարեջուր, օղի կամ վիսկի խմելը»:

Ի պատասխան աշխարհագրագետ Ժան-Ռոբեր Պիտը, գրող Բեռնար Պիվոն, ուռուցքաբան Դավիդ Կայյան եւ Ֆրանսիայի Գինու ակադեմիայի եւս մի քանի տասնյակ անդամներ Figaro թերթում հոդված են հրապարակել, որում Ֆրանսիայի առողջապահության նախարարին կոչ են արել «դադարեցնել գինու դիվայնացումը, որը ֆրանսիական քաղաքակրթության մաս է կազմում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել