Բավականին հետաքրքիր է հետևել Ռուսաստանում ծավալվող նախընտրական քարոզարշավին։ Ռուսական իշխանամետ լրատվամիջոցներն անողոք արշավ են ծավալում ոչ թե Սոբչակի, Յավլինսկու, Ժիրինովսկու ու այլ թեկնածուների դեմ, այլ թիրախավորել են Կոմկուսի անկուսակցական թեկնածու Պավել Գրուդինինին։

Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ, ինչպես կասեին ՀԱԿ-ականները, ռեժիմը խուճապի մեջ է, իսկ Գրուդինինն ամենամեծ ռիսկեր պարունակող թեկնածուն է, առավել ևս, երբ Յութուբը հեղեղված է տեսանյութերով, որտեղ վերջինս կոշտ ու առարկայական քննադատության է ենթարկում ռուսական իշխանություններին ու Պուտինին։ Սակայն իմ խորին համոզմամբ՝ Գրուդինինն այդ ընտրություններում ռուսական իշխանությունների գլխավոր պրոյեկտն է, որը կոչված է վիժեցնելու ռուսական Սասնա ծռերի ի հայտ գալու գործընթացները։

Հավանաբար ասածս կդիպչի ոմանց հոգու նուրբ լարերին, բայց Սասնա ծռեր հավաքական երևույթն առաջանում է միայն այնպիսի քաղաքական համակարգերում, որտեղ ինստիտուցիոնալ ու ծանրակշիռ ընդդիմությունը բացակայում է։ Հայաստանում այդպես էր, դրա համար մեզ մոտ Սասնա ծռեր եղան։ Ռուսաստանում էլ է այդպես, ու միայն միամիտները կարող են անկեղծորեն համարել, որ, ասենք, Պուտինի սանիկ Սոբչակը կամ էլ անատամ Յաբլոկոն կամ էլ գրպանային Ժիրինովսկին ու Միրոնովը կարող են կատարել ինստիտուցիոնալ ընդդիմության դերակատարությունը։ Կոմկուսն էլ, որը, ի դեպ, պակաս գրպանային չէ, ևս սպառել է իր ռեսուրսն այս առումով, դրա համար էլ գնում են այսպիսի մասշտաբային ռեբրենդինգի։

Ռուսական Սասնա ծռերի հավաքական մարմնավորումը Նավալնին է, իսկ ավելի կոնկրետ՝ այն ուժերը, որոնք կանգնած են նրա թիկունքում, ու ինչպես հայաստանյան ծռերի պարագայում, այնպես էլ Ռուսաստանում այդ ուժերը հենց ներէլիտար են ու ռուսական քաղաքական տերմինաբանությունում սահմանվում են որպես Կրեմլի աշտարակներից մեկը։ Նավալնին այս համակարգում պարզապես միջանկյալ օղակ է ու մեդիա դեմք, բայց սա առանձին քննարկման թեմա է։

Բուն թեման այն է, որ Գրուդինինի պրոյեկտը կոչված է մինիմիզացնելու ռուսական ծռիզմի համալրումը դժգոհ էլոկտորատի հաշվին, իսկ դրա համար պետք է մի ընդդիմադիր միավոր, որը կգրավի ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մեծամասնությանը։ Հաշվի առնելով ռուսական հասարակության մենթալ սպեցիֆիկան ու վերջին տարիների զարգացումը, այդպիսի կերպարը չի կարող լինել արևմտամետ ու լիբերալ արժեքներ քարոզող, պետք է հենվի ռազմահայրենասիրական պաթոսի ու ձախակողմյան հայացքների փառաբանման վրա ու միևնույն ժամանակ չհանդիսանա պուտինական համակարգի ակնհայտ սատարող։ Հենց վերջին կետի համար էլ իշխանական լրատվամիջոցներն անողոք արշավ են ձեռնարկել Գրուդինինի դեմ, որ ցույց տան չկողմնորոշված պրոտեստային էլեկտորատին, որ, տեսե՛ք, մենք իրեն չենք սիրում, ատում ենք, կեղտոտ արշավ ենք տանում, այսինքն՝ ինքը մեր թշնամին է ու իսկական ընդդիմություն։

Արդյունքում ստանում ենք փոխշահավետ գործարք, երբ Պուտինը կարողանում է հանգիստ վերարտադրվել ու հարաբերականորեն կայուն 5-ամյակ ունենալ, որի ընթացքում արդեն կսկսի կենտրոնանալ իր ժառանգի կերտման վրա, Գրուդինինը դառնում է առաջատար քաղաքական ֆիգուր առաջիկա մի քանի տարիների համար, Կոմկուսը լուծում է իր համար կենաց-մահու կարևորության հարց՝ չպարտվել Ժիրինովսկուն, մարգինալիզացված ծռիստական էլեմենտն էլ չի հզորանում այնքան, որ կառավարելիությունից դուրս գա։ Ահա այս ամենի իմաստը։

Կարծում եմ, որ ընտրությունները կավարտվեն Պուտինի հաղթանակով առաջին փուլում, բայց նա 50 տոկոսի շեմն աննշան կանցնի, իսկ երկրորդ տեղում կլինի Գրուդինինը՝ մոտ 20 տոկոսի կարգի ցուցանիշով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել