Մինչ SMS-ի, էլեկտրոնային փոստերի և սոցիալական կայքերի հայտնվելը գոյություն է ունեցել միայն մեկ միջոց, որի օգնությամբ իրարից հեռու ապրող մարդիկ կարողացել են կապ հաստատել իրար հետ, և դա նամակն էր:

Անխոս, նամակների մեծ մասն անձնական էին, այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ դրանք հետաքրքիր գաղտնիքներ են պարունակել, որոնցից որոշներն այժմ ցանկանում ենք ներկայացնել Ձեզ:

Ֆիդել Կաստրոյի նամակը՝ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին

Ֆիդել Կաստրոն ապրել է ԱՄՆ-ի տասը նախագահների կառավարման ժամանակներում, որոնցից շատերը ցանկանում էին Կաստրոյի վերջը տալ: Ոմանք անգամ այդպիսի փորձեր են կատարել, սակայն առաջին շփումն ԱՄՆ նախագահներից մեկի հետ խաղաղ և հանգիստ է ընթացել:

1940 թ. Դոլորեսի դպրոցի երիտասարդ աշակերտը նամակ գրեց նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին: 12-ամյա տղան այսպես էր սկսել իր նամակը. «Իմ սիրելի ընկեր Ռուզվելտ...»:

Այնուհետև նա ողջունել է նախագահին և գրել, որ շատ ոգևորվել է, երբ ռադիոյով լսել է այն մասին, որ Ռուզվելտին ընտրել են նոր ժամկետով: Կաստրոն խնդրել է նախագահին նաև ուղարկել իրեն 10-դոլարանոց թղթադրամ, քանի որ երբեք չի տեսել այդպիսին:

Երեխան գրել էր, որ, չնայած իր՝ անգլերենի վատ իմացությանը, ինքը շատ խելացի է. «Ես փոքր տղա եմ, սակայն շատ եմ մտածում»: Պետական դեպարտամենտ նամակը հասել է 1940 թ. նոյեմբերի 27-ին, սակայն այն Ռուզվելտն այդպես էլ չի տեսել և չի կարդացել: Ֆրանկլինը մահացավ՝ չիմանալով անգամ, թե ով է Ֆիդել Կաստրոն:

 

Ելիզավետա II թագուհու նամակը՝ ԱՄՆ նախագահ Էյզենհաուերին

1957 թ. Դուայթ Էյզենհաուերը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, ով հյուրընկալեց Անգլիայի թագուհուն: Թագուհին իսկապես վայելեց ԱՄՆ-ում անցկացրած իր ժամանակը և որոշեց նույն կերպ շնորհակալություն հայտնել նախագահին՝ երկու տարի անց նրան և կնոջը Շոտլանդիա՝ Բալմորալ հրավիրելով:

Այցի ընթացքում նախագահն ուշքի չէր գալիս թագավորական տորթերի անզուգական համից: Այցից հինգ ամիս անց թագուհին նամակ գրեց նախագահին, որում պատմում էր տորթերի սեփական բաղադրատոմսերի մասին:

1960 թ. հունվարի 24-ին ուղարկված նամակը գրելիս թագուհին ոգևորվել էր նախագահի՝ բարբեքյուով լուսանկարից, որը տեսել էր լրագրում: Ուղարկված բաղադրատոմսի մեջ օգտակար տեղեկություններ կային նաև այն մասին, թե ինչպես կերակուր պատրաստել, որը կբավարարի 16 մարդու համար:

Թագուհին նշել է, որ երբ սեղանի շուրջ 16-ից պակաս մարդ է նստած, ապա ալյուրի և շաքարավազի քանակը պետք է սահմանափակել տորթեր պատրաստելիս: Նա ավարտել է նամակը՝ գրելով, թե ինչքան է իրեն և իր ընտանիքին դուր եկել ժամանակ անցկացնելը նախագահի և նրա կնոջ ընկերակցությամբ:

 

Հիտլերի նամակն արձակուրդի մասին

1932 թ. մարտին Ադոլֆ Հիտլերը Բրանսուիկի նահանգ նամակ է ուղարկել, որում խնդրում է արձակուրդ տրամադրել իրեն և թույլատրել Ռեյխի ապագա ընտրությունների համար իր քարոզարշավն անցկացնել:

Նամակը գրվել է 4 օր հետո այն բանից, երբ նա պաշտոնապես դարձավ Գերմանիայի քաղաքացի: Ի սկզբանե Հիտլերն Ավստրիայի քաղաքացի էր, իսկ Գերմանիայի քաղաքացի դարձավ այն բանից հետո, երբ կառավարությունը նրան աշխատանքի վերցրեց:

Հիտլերը պարտվեց ընտրությունները գործող նախագահ Պաուլ ֆոն Հինդոնբուրգին: Մեկ տարի անց Հինդենբուրգը Հիտլերին կանցլեր նշանակեց:

Նամակի մեջ շատ սխալներ կան: Հիմնական բովանդակությունը Հիտլերի խնդրանքն էր արձակուրդ վերցնել մինչև մյուս ընտրությունները: Նամակը հայտնաբերվել է միայն մի քանի տարի առաջ: Սպասվում էր, որ այն աճուրդով կվաճառվի ավելի թանկ, քան 5000 ֆունտ ստերլինգ:

Ալբերտ Էյնշտեյնի նամակը՝ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին

Էյնշտեյնի՝ 1939 թ. Ռուզվելտին ուղարկած նամակը համարվում է պատմության նորագույն շրջանի ամենահայտնիներից մեկը: Նամակում Ալբերտը նախագահին զգուշացրել է այն մասին, որ գերմանացիները կարող են չափազանց հզոր զենք ստեղծել:

Ավելի ուշ Էյնշտեյնն ասել է, որ այդ նամակն իր կյանքի մեծագույն սխալներից մեկն է եղել: Որոշ պատմաբաններ կարծում են, որ նամակը գրել է Լեո Սցիլարդը, իսկ Էյնշտեյնն ուղղակի ստորագրել է այն:

Քիչ բան է հայտնի այն երեք նամակների մասին, որոնք հետագայում Ալբերտն ուղարկել է Ռուզվելտին: Այն դեպքում, երբ առաջին երկու նամակները միայն խորհրդատվական բնույթ էին կրում և առաջարկներ էին պարունակում, վերջին նամակում խնդրանք կար:

Վերջին նամակը մինչ նախագահի մահը չի հասել նրան: Այն, ամենայն հավանականությամբ, ևս գրվել է Սցիլարդի կողմից, և դրանում ասվում է, որ հենց Սցիլարդն է եղել առաջինը, ով միջուկային զենքի ստեղծման հայեցակարգ է մշակել:

Նամակում խնդրանք կար Սցիլարդի, նրա խմբի և նախագահի հանդիպում կազմակերպելու՝ վերոնշյալ հարցը քննարկելու համար:

 

Գանդիի նամակը՝ Ադոլֆ Հիտլերին

1939-1940-ական թվականներին Գանդին երկու նամակ է ուղարկել Ադոլֆ Հիտլերին: Դրանցից առավել հայտնին «Սիրելի ընկեր»-ն էր, որը գրվել է 1939 թ. հուլիսին: Գանդին գրել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը կարող է կանխել միայն Հիտլերը:

Նա ֆյուրերին խնդրել է հետևել իր՝ բռնություն չիրագործելու օրինակին, և պատմել է, թե ինչքան շատ բանի է հասել այս մեթոդի օգնությամբ: Հնդիկ հայտնի փիլիսոփան ավարտել է նամակը՝ ներողություն խնդրելով Հիտլերից անհանգստություն պատճառելու համար:

Երկրորդ նամակը, սակայն, սկսվել է այն հիշեցմամբ, որ նախորդ նամակում Հիտլերին «ընկեր»-ով դիմելը պաշտոնական եղանակ էր: Այս նամակում, որը գրվել է 1940 թ. դեկտեմբերից հետո, Գանդին Հիտլերի նացիզմը համեմատել է բրիտանական իմպերիալիզմի հետ, որին Հնդկաստանը փորձում էր դեմ գնալ:

Նա նաև նախազգուշացրել է Հիտլերին, որ իր առաջարկած մեթոդը կօգնի հաղթել թշնամուն իր իսկ զենքի միջոցով:

Եզրափակման մեջ Գանդին նշել է, որ բոլոր ասվածները վերաբերում են նաև Մուսոլինիին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել