Tert.am-ը գրում է.

Անպայման վերադառնալու եմ Արցախ. Արցախյան շարժման 30-ամյակի առթիվ վերջերս այստեղ այցելած արտասահմանցի բլոգերներն այս մասին միանշանակ են խոսում:

Tert.am-ը զրուցել է այցից ստացած տպավորություններից «Интересный мир» ամսագրի խմբագիր Իգոր Շիրյաևի և բլոգեր Ալեքսեյ Վեսյոլիի հետ:

Իգոր Շիրյաևի խոսքով՝ սա նրա առաջին այցը չէ. Արցախում եղել է դեռևս 2009 թվականին: Նրա պատմածով՝ այդ ժամանակ ոտքով է անցել Արցախի մեծ մասը՝  Զոդի ոլորաններից մինչև Տող գյուղ, հրաշալի տպավորություններ է ստացել Արցախից»,- պատմեց նա:

«Ես սիրահարվեցի այդ երկրին և այդ երկրի ժողովրդին, հրապարակեցի Արցախի մասին ռեպորտաժների շարք «Интересный мир» ամսագրում, և ինքս ինձ խոստացա, որ վերադառնալու եմ: Ինձնից չկախված պատճառներով կարողացա կատարել ինձ տրված խոստումը միայն տասը տարի հետո՝ 2018-ին:

Ես ինձ երջանիկ եմ զգում՝ Արցախ այցելելով: Եվ ես նորից ինձ խոսք եմ տվել, որ վերադառնալու եմ»,- նշեց նա:

Արցախը, Իգոր Շիրյաևի խոսքով, անձամբ իր համար ուժի կենտրոն է:

«Անցած լինելով այս մոլորակի շատ գեղեցիկ և էկզոտիկ վայրերով՝ ես Արցախը համարում եմ այն քիչ վայրերից, որոնց կարող եմ անվանել «իսկական»: Այո՛, աշխարհում կան  ավելի բարձր լեռներ, ավելի էկզոտիկ բնություն ունեցող և ավելի հարուստ երկրներ, բայց Արցախն իրական է»,- ասաց նա՝ նշելով, որ «իրական» բառի տակ նա նկատի ունի ճիշտ դաստիարակված մարդկանց, որոնք շատ բան են ապրել, բայց զարմանալիորեն դրանից նրանք վատը չեն դարձել, այլ հակառակը:

«Նրանք ոչ մեկից ոչինչ չեն խնդրում: Նրանք պարզապես ցանկանում են, որ իրենց հանգիստ թողնեն. թողնեն` հանգիստ ապրեն այն հողում, որը իրենցն են համարում: Եվ այդ հարցում ես նրանց հետ համաձայն եմ»:

Իգոր Շիրյաևի խոսքով՝ ինքն իրեն ոչ մի այլ տեղ չի զգում այդքան ազատ և անվտանգ, ինչպես Արցախում:

«Դա պարադոքս է՝ հաշվի առնելով, որ այս երկրի պատմության անցյալը դրամատիկ է, իսկ ներկան` ոչ հեշտ, բայց դա փաստ է: Սակայն ես հասկանում եմ, որ պատերազմ կարող է սկսվել: Եթե դա լինի, ես իմ ուժերի ներածին չափով օգնելու եմ Արցախին»,- ասաց նա:

Փաստացի Երկիր մոլորակում հիմա գոյություն ունի նոր երկիր՝ առաջանալով Արցախյան ազգային ազատագրական շարժման և Ղարաբաղյան պատերազմի արդյունքում․ դա սուվերեն հանրապետություն Ղարաբաղն է՝ Արցախը․սա Իգոր Շիրյաևի համոզումն է:

«Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ Արցախի միջազգային ճանաչումը մոտ ապագայի հարց է, քանի որ պետք է հաշվի նստել փաստերի հետ»,- նշեց նա:

Իսկ հարցին, թե Արցախը հայկական է թե ադրբեջանական, նա  միանշանակ պատասխանում է՝ հայկական:

«Դա արդեն պատմական և քաղաքական փաստ է: Այո՛, պատերազմում պարտվելը վիրավորական է Ադրբեջանի համար, բայց պետք է կարողանալ   պարտությունն ընդունել»,- ասաց նա:

Իսկ Ադրբեջանի իշխանությունների ստեղծած «սև ցուցակը», որտեղ ներառվում են մարդիկ, որոնք այցելում են Արցախ, Իգոր Շիրյաևն անհեթեթ բան համարեց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել