Որպես պետականություն կերտող հանրույթ մեր հնարավորին արագ բուժման կարոտ ախտերից մեկն, ըստ իս, պատասխանատվություն ստանձնելուց համատարած կերպով խուսափելու«ավանդույթն» է՝ խոսակցական լեզվով ասած՝ վիզը տակը չտալը, ավելի ցածր ոճով՝ տակից թռնելը կամ ուխոդ ըլնելը։

Ավելի սոսկալի ախտ է, երբ նույն այդ հանրույթի ընկալումներում դա համարվում է ոչ միայն սովորական կամ ընդունելի երևույթ, այլ նաև, ըստ էության, քողարկված կամ նույնիսկ բացահայտ կերպով խրախուսվում է՝ գիտակցաբար կամ անգիտակից կերպով մեկնաբանվելով որպես ճարպկության, իմաստնության կամ հեռատեսության ցուցիչ։

Պետականություն ունենալն ինքնին ենթադրում է պատասխանատվության հսկայական բեռ, որը բնականաբար ոչ համամասնորեն, սակայն կամա-ակամա բաշխվում է նաև այդ պետությունը կերտող ողջ հանրույթի և դրա առանձին ներկայացուցիչների ուսերին, հետևաբար նույնիսկ անձնական մակարդակում պատասխանատվություն ստանձնելուց խուսափելը, որքան էլ միգուցե առաջին հայացքից պարադոքսալ թվա, պետականախույս դիրքորոշման բացահայտ դրսևորում է, վերջնարդյունքում պետականության թուլացմանը և դրա սասանմանը տանող ախտ, այլ ոչ թե ինչ-որ բարեմասնություն կամ շնորհք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել