Tert.am-ը գրում է.

Հայաստանում կոռուպցիայի մակարդակը մտահոգիչ է: Լրագրողների հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ խոսելով 2017թ.-ի կոռուպցիայի ընկալման համաթվի մասին, ըստ որի՝ Հայաստանը 180 երկրների շարքում 107-րդ տեղում է:

Հոկտանյանն ասաց, որ այս կոռուպցիայի ընկալման համաթիվը ներդրողների, պետությունների կողմից կարևորվում է որպես «առավել ադեկվատ» գնահատական: «Սա ոչ թե շարքային քաղաքացիների գնահատական է, որ չասեն, թե նրանք սոված են, աղքատ են, դրա համար ցածր են գնահատում, այլ փորձագետների, գործարարների ընկալման գնահատականն է, այդ թվում՝ արտասահմանցի փորձագետների»,- նշեց Վարուժան Հոկտանյանը:

Նախորդ տարիների համեմատ Հայաստանը բարելավել է իր դիրքերը երկրների ցանկում 2 հորիզոնականով, բայց սա, ըստ Վ. Հոկտանյանի, ամենևին չի նշանակում, որ Հայաստանը հաղթահարել է կոռուպցիան կամ դրա դեմ պայքարի ճանապարհին է:

«Հայաստանի պարագայում ընկալման շեղումը 3 է: Եթե այս թվից մեծ լինի նախորդ տարվա և այս տարվա համեմատության ցուցանիշը, նոր կարող ենք ասել, որ առաջընթաց է եղել, բայց սա ընդամենը հնարավոր վիճակագրական շեղման ցուցանիշի տարբերություն է: Օբյեկտիվ ճշմարտություն է սա, բայց եթե համեմատենք Սոմալիի, Ադրբեջանի կամ Ռուսաստանի հետ, այո, մեր դիրքերն ավելի լավ վիճակում են»,- նշեց Վ. Հոկտանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել