Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի և Լիբանանի նախագահների հանդիպումը նեղ կազմով:

Սիրիային սահմանակցող 4 մլն բնակչություն ունեցող Լիբանանը սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր ընդունել է 1.300.000 սիրիացի փախստականի։ Սիրիական ճգնաժամի հետևանքով Լիբանանում փախստականների ներհոսքի շնորհիվ ավելացել է սուննիների թիվը, ինչն անհանգստացնում է էթնոկոնֆեսիոնալ փխրուն բալանսը պահպանող լիբանանյան ղեկավարությանը:

Լիբանանյան Հզբոլահ շարժումը, աջակցելով Բաշար Ասադին, Լիբանանի տարածքում դարձել է սիրիական իսլամիստական տարբեր խմբավորումների թիրախ: Իսրայելին անհանգստանցում է Հզբոլահի ու իրանական ազդեցության մեծացումն ինչպես Սիրիայում, այնպես էլ Լիբանանում, որի հարավը գտնվում է շիայական Հզբոլահ շարժման վերահսկողության տակ։ Այդ շրջանները սահմանակցում են Իսրայելի հյուսիսային շրջաններին։

ՀՀ-ի շահերից է բխում Լիբանանում կայունության, միջէթնիկ և միջկրոնական համերաշխության պահպանումը`տեղի հայ համայնքի անվտանգությունից ելնելով։ Լիբանանում հայկական գործոնի պահպանումն ու հզորացումը բխում է Երևանի շահերից`Մերձավոր Արևելքում հայկական ներկայության ու արաբական աշխարհի հետ կամրջի դերակատարում ստանձնելու տրամաբանությունից ելնելով։

Լիբանանի համար էթնոկոնֆեսիոնալ բախումները կարող են կործանարար լինել պետականության և երկրի տարածքային ամբողության համար: Չպետք է մոռանալ, որ Լիբանանը 1975-1990 թթ.-ին անցելէ դաժան քաղաքացիական պատերազմի բոհով, ինչի մասին հիշողությունը թարմ է հասարակության գիտակցության մեջ:

Բացի քաղաքական համագործակցությունից՝ անհրաժեշտ է ակտիվացնել տնտեսական կապերը․ պետք է խրախուսվեն երկկողմ ներդրումներն, ու ՀՀ-ն Լիբանանի համար դառնա ԵԱՏՄ դուրս գալու մեկնարկային հարթակ, իսկ Լիբանանը դառնա հայկական կապիտալի` արաբական աշխարհում ներկայության ու ապահովագրության կղզյակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել