Հայաստանի և ԵՄ միջև անցյալ տարվա նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից էր, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Համաձայնագիրն արտացոլում է մեր գործընկերության խորությունն ու ծավալը և սահմանում ապագա համագործակցության ուղենիշները: Մենք խորապես համոզված ենք, որ այն նպաստելու է մեր երկրում բարեփոխումների գործընթացի իրականացմանը և կայուն զարգացմանը՝ համաձայնագրում ներառված ոլորտներում: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանը վավերացման գործընթացը կավարտի ապրիլ ամսին», - ասել է Նալբանդյանը:

Նախարարը նշել է, որ համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում միայն Հայաստան-ԵՄ հարաբերություններով:

«Հայաստանը Եվրամիության հետ ընդլայնված համագործակցության հիմքերը դրեց՝ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ: Այդ առումով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կարող է դրական նախադեպ դառնալ տարբեր ինտեգրացիոն շրջանակների միջև փոխհարաբերությունների համար: Հատկանշական է, որ երեք օր առաջ՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Հայաստանի Նախագահի հետ կլոր սեղանի ժամանակ և՛ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը, և՛ Ռուսաստանի Դաշնության Խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը գովաբանում էին Հայաստանը՝ որպես տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի հետ համագործակցային մոտեցման օրինակի», - նշել է նա:

Նալբանդյանընաև անդրադարձել է այսօր Մոգերինի հետ ստորագրված Հայաստան - Եվրոպական միություն գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթղթին, որը բանակցվում էր ՀԸԳՀ-ին զուգահեռ և դրա հետ մեկտեղ պետք է ծառայի որպես Հայաստան-ԵՄ գործընկերության հիմնական ուղենիշ:

«Անցած երկու տարիների ընթացքում Հայաստանն արդյունավետորեն ներգրավվել է ԵՄ հետ համագործակցության մի շարք բնագավառներում, մասնավորապես միանալով «Փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն» (COSME) և «ՀՈՐԻԶՈՆ 2020» ծրագրերին, նախաստորագրելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը, դառնալով Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի ընդլայնված առանցքի մաս (TEN-T), վերջնականացնելով «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու շուրջ բանակցությունները, որը կստորագրվի հաջորդ ամիս: Մենք ակնկալում ենք նոր նախաձեռնություններ՝ մեծապես կարևորելով ի թիվս այլոց վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, և գնահատում ենք այս հարցում Եվրոպական խորհրդարանի ամուր աջակցությունը:

Պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից բրյուսելյան գագաթաժողովի ժամանակ հաստատած «20 արդունք մինչև 2020 թ․» ծրագիրը ոչ միայն գործողությունների լավ ծրագիր է հանդիսանում առաջիկա տարիների համար, այլև իրենից Արևելյան գործընկերության նոր, վերանայված ճարտարապետություն է ներկայացնում, որն անմիջականորեն կապված է գործընկեր երկրների գործունեության և, որն առավել կարևոր է, իրենց քաղաքական կամքիի հետ՝ իրագործելու ընդհանուր հանձնառությունները։

Նաև հավատացած ենք, որ տարբերակման և խրախուսման վրա հիմնված մոտարկման սկզբունքները (ավելին ավելիի դիմաց) յուրահատուկ հնարավորություն են ընձեռում զարգացնելու բազմոլորտ կամ բազմաշերտ համագործակցություն՝ այդպիսով մեզ թույլ տալով պահպանել Արևելյան գործընկերության ամբողջականությունը», - ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել