«Հրապարակ»-ը զրուցել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի հետ իրավա­կան օրենսդրության, դատական համակարգում կատարվող փոփոխությունների մասին: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից:
 
«-Պարոն Ավեստիսյան, ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանի առաջարկով բոլոր այն դատավորները, որոնց քննած գործերով ՄԻԵԴ-ն ի վնաս Հայաստանի որոշումներ կկայացնի, հնարավոր է՝ հետագայում պատժվեն՝ նրանց նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցվեն և անգամ պետության վճարած փոխհատուցումները բռնա­գանձվեն այդ դատավորներից:
 
Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս առաջարկին, և դա ի՞նչ հե­տևանքներ կարող է ունենալ մեր դատական համակարգի համար:
 
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիման վրա դատավորին պա­տասխանատվության ենթարկելու հարցը պարբերաբար բարձ­րացվում է տարբեր ամբիոն­ներից:
Վկայակոչելով դատավորի կարգավիճակի վերաբերյալ միջազգային փաստաթղթերը՝ բազմիցս ասել եմ, որ նման մո­տեցումն անթույլատրելի է:
 
Ընդդեմ Հայաստանի կայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների մեծ մասը կապված է օրենսդրական խնդիրների հետ: Օրինակ՝ Սալարցորցյանի վե­րաբերյալ Վճռաբեկ դատարանի 2005 թվականի նախադեպային որոշումից հետո կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում «վարչա­կան կալանք» երևույթը վերացավ, սակայն տասը տարի շարունակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում և վճիռներ է կայացնում չգործող օրենքի վերաբերյալ՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրո­պական կոնվենցիայի 5-րդ հոդ­վածի խախտում արձանագրե­լով տարբեր անձանց նկատ­մամբ վարչական կալանքի կի­րառման կապակցությամբ: Նման պայմաններում դատավորին մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիման վրա կարգապահական պատաս­խանատվության ենթարկելու հարցը քննարկելն առնվազն ար­դար չէ: Մինչև 2005 թվականն ինչ ակտ պետք է կայացներ դա­տավորը, եթե ղեկավարվել է այն ժամանակ գործող օրենսդրու­թյանը համապատասխան, և նման ակտի համար կարելի՞ է արդյոք դատավորի պատասխա­նատվության հարց բարձրացնել: Կարծում եմ՝ ոչ:
 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիման վրա դատավորին պա­տասխանատվության ենթար­կելու վերաբերյալ այլ երկրների դիրքորոշումը պարզերս նպա­տակով ՀՀ դատավորների միու­թյունը Դատավորների եվրոպա­կան միության տարեկան համա­ժողովներից մեկի ընթացքում կարճ գրավոր հարցում իրակա­նացրեց՝ պարզելու համար, թե կան արդյոք երկրներ, որտեղ դատավորին կարգապահական պատասխանատվության են են­թարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիման վրա: Հարցման արդյունք­ները ցույց տվեցին, որ չկա որևէ եվրոպական երկիր, որտեղ նման հիմքով դատավորի պատասխանատվության հարց քննարկվի: Ավելին՝ մեր հարցադրումը մասնակիցներից շատերի մոտ անկեղծ զարմանք առաջացրեց:
 
Գործուղումներից մեկի ժա­մանակ, երբ Ֆրանսիայի բարձ­րագույն դատական ատյանում հետաքրքրվեցինք, թե ինչ հե­տևանք և ազդեցություն կարող է ունենալ Ֆրանսիայի դեմ Մար­դու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռը, մեզ պարզաբանվեց, որ իրենց երկրի նկատմամբ ՄԻԵԴ-ի կող­մից կայացված ցանկացած վճիռ բացառապես ներպետական իրավունքի զարգացման մի­ջոց է և ոչ որպես դատավորին պատմելու հիմք:
 
Այս ամենն ավելի արտահայ­տիչ է վիճակագրական տվյալ­ների լույսի ներքո: Մասնավո­րապես՝ այսօրվա դրությամբ Հայաստանի նկատմամբ կա­յացվել է 83 վճիռ, իսկ, օրինակ, բնակչությամբ մեր երկրից շատ չտարբերվող Լատվիայի նկատ­մամբ՝ 128, Լիտվայի նկատմամբ՝ 157, Մոլդովայի նկատմամբ՝ 328: Կան երկրներ, որոնց նկատ­մամբ կայացված վճիռների թիվը հաշվարկվում է հազարներով (Ռուսաստան, Թուրքիա): Ի դեպ, այս դրական վիճակագրությունը նաև պարոն Գևորգ Կոստանյանի՝ որպես Եվրոպական դատա­րանում ՀՀ-ի ներկայացուցչի, երկար տարիների աշխատանքի արդյունքն է»:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել