Հաշվի առնելով անցած դարի կեսերին մայրենի լեզվի իրավունքների դեմ մի շարք ընդվզումները` 1999 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ 2000 թ.-ից սկսած՝ այդ օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման ու գործածության աջակցման օր։

Մայրենի լեզվի միջազգային օրը հավերժացնում է այն քաղաքական պայքարը, որը մոտ վաթսուն տարի առաջ մղվել է բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար:

1947 թ.-ին, երբ անգլիացիները վերջապես հեռանում են Հնդկաստանից, կազմավորվում է Պակիստան պետությունը։ Այն կազմված էր երկու խոշոր տարածաշրջաններից, որոնք խիստ տարբերվում էին իրենց մշակույթով և լեզվով. Արևմտյան Պակիստանում իշխում էր ուրդու լեզուն, իսկ Արևելյանում՝ բենգալերենը։ Չնայած բենգալերենը միլիոնավոր մարդկանց մայրենի լեզուն էր, սակայն 1948 թ.-ին Պակիստանի Կառավարությունն ամբողջ երկրի համար պետական լեզու է հռչակում ուրդուն։

Երկրի արևելյան մասի բնակչության մեծ մասը կառավարության որոշումը դժգոհությամբ է ընդունում՝ պարբերաբար կազմակերպելով բողոքի ցույցեր: Կառավարությունը ոչ միայն հաշվի չի նստում արևելյան տարածաշրջանի բնակիչների պահանջների հետ, այլև ճնշում է բենգալերենի պաշտպանությանն ուղղված ցույցերը։

1952 թ.-ին՝ Դաքքա քաղաքում ուսանողական ցույցը ճնշելի նույնիսկ մի քանի զոհեր են լինում՝ հանուն իրենց մայրենի լեզվի իրավունքի պաշտպանության: Ողբերգության հետևանքով զանգվածային ցույցեր են ծայր առնում։ Ի վերջո, հակամարտության ընթացքում՝ 1956 թ.-ին, բենգալերենը պետական լեզվի կարգավիճակ է ստանում։

Մայրենի լեզվի իրավունքների համար մղվող պայքարը նպաստեց բենգալցիների ազգային ինքնագիտակցության աճին։ Ազգային-ազատագրական պատերազմից հետո Արևելյան Պակիստանն առանձնացավ, և 1971 թ.-ին առաջացավ նոր պետություն՝ Բանգլադեշը։ Ուստի փետրվարի 21-ը Բանգլադեշում նշվում է նաև որպես Մայրենի լեզվի օր, իսկ մայրաքաղաք Դաքքայում՝ Սիդնեյի Էշֆիլդ զբոսայգում, զոհված ուսանողների հիշատակին կանգնեցվել է «Պահպանի՛ր մայր լեզուդ» հուշարձանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել