Armenpress.am-ը գրում է.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ընդհանուր միջոցները 2017-ին կազմել են 2 մլրդ 46 մլն 287 հազար ՀՀ դրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։

Նրա խոսքով՝ 2017 թվականը արդյունավետ տարի է եղել ՊԳԿՎ-ում և իր գործունեության ընթացքում դրամական մուտքեր ապահովել տարբեր ոլորտներում։

«Պետական գույքի օտարումից մուտքերը  2017 թվականին կազմել են 685 մլն 746 հազար դրամ։  2016 թվականի համեմատ՝ այս ցուցանիշն աճել է 4,7 անգամ։ Պետական գույքի մասնավորեցումից մուտքերը կազմել են 66 մլն 416 հազար դրամ, աճը 2016 թվականի նկատմամբ կազմել է 5,5 տոկոս։ Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են 367 մլն 393 հազար դրամ, 2016 թվականի նկատմամբ աճը՝ 8,5 անգամ։ Պետական գույքի վարձակալությունից մուտքերը կազմել են 398 մլն 547 հազար դրամ, աճը 2016 թվականի նկատմամբ՝ շուրջ 8 տոկոս։ Շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման ծառայությունից մուտքերը կազմել են 156 մլն 161 հազար դրամ, աճը՝ մոտ 75 տոկոս»,- ընդգծեց վարչության պետը և հավելեց, որ 2014 թվականին իրենք հայտարարել են՝ այս ծառայություններից երբևէ մուտքեր չեն իրականացվել։

Ընկերությունների լուծարման գործընթացից դրամական միջոցները կազմել են 372 մլն 25 հազար դրամ, 2016 թվականի նկատմամբ աճը՝ 3,1 անգամ։

«Տարիներ շարունակ եղել են կազմակերպություններ, որոնք անցնում էին լուծարման գործընթաց և լուծարման ժամանակ ունեցել են բավականին մեծ դեբիտորական և կրեդիտորական պարտքեր։ Այստեղ կար նաև սոցիալական խնդրի լուծում՝ կուտակվել էին մեծ քանակությամբ քաղաքացիների աշխատավարձերի պարտքեր։

Բարեփոխումների արդյունքում այսուհետ լուծարման հարցերով զբաղվելու է Պետական գույքի կառավարման վարչությունը։ Մենք կարողանում ենք լուծարման գործընթացները արագացնել և սոցիալական այդ խնդիրները լուծել մեր քաղաքացիների համար»,- ընդգծեց Արման Սահակյանը։ Նրա խոսքով՝ լուծարվող ընկերությունների կրեդիտորական պարտքերի մարումը կազմել է 223 մլն 599 հազար դրամ և 2016 թվականի համեմատ աճել է 12 անգամ։

«Համայնքային բյուջեների մուտքերը կազմել են 145  մլն 776 դրամ և 2016 թվականի նկատմամբ այն աճել 2,9 անգամ։ Պետական ոչ առևտրային կազմակերպությունների բյուջեների մուտքերը կազմել են 280 մլն 602 հազար դրամ, 2016 թվականի համեմատ աճել է՝ 34,36 տոկոսով»,- ասաց Սահակյանը։

ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն մուտք գործած դրամական միջոցներից պետական բյուջե մուտք է գործել 1 մլրդ 396 մլն 310 հազար դրամ, 2016 թվականի համեմատ այն աճել է 1,8 անգամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել