Մի երրորդ անդրադարձ էլ Ղարաբաղյան շարժման թեմային, ու էսօր երեւի վերջ: Նորից պետք է հիշեմ Համբարձում.ամ կայքը, որը խմբագրելու ժամանակ Շարժման առաջին երկու ամիսների ժամանակագրություն կազմեցի ու հրապարակեցի կայքում: Այն ժամանակ ծրագրավորել էի, որ հետագայում պետք է այս եւ հաջորդող ժամանակագրությունները վերլուծվեն, այսինքն՝ չլինի ուղղակի չոր փաստագրում, այլ նաեւ՝ իմաստավորում: Էդ խոստումն էն ժամանակ չհսասցրի իրականացնել, չնայած ահագին նախնական աշխատանք էի արել, ահագին նյութ մշակել, որ էդպես էլ սեւագիր մնաց: Հիմա փորձեմ գոնե մասամբ էդ բացը լրացնել Ֆեյսբուքով: Կփորձեմ ամեն օր՝ մինչեւ փետրվարի վերջ, հերթով ներկայացնել օրվա կարեւոր իրադարձությունները եւ դրանց կարճ վերլուծությունը: Դա էն մեծ ու ծավալուն գործը չի լինի, որը նախատեսել էի, բայց էլի բան ա: Ուրեմն՝ սկսենք: 

Փետրվար 20: Այդ օրը Երեւանում տեղի է ունենում հանրահավաք՝ ի աջակցություն նույն օրը կայանալիք ԼՂԻՄ Մարզխորհդի նստաշրջանի, որը պետք է ընդուներ «ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմի մեջ անցնելու վերաբերյալ Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն սովետների առջև միջնորդելու մասին» որոշումը: Երեւանյան հանրահավաքի ժամանակ հրապարակվում է Ղարաբաղ կազմկոմիտեի կազմը: Սա առաջին կազմն էր: Միաժամանակ Ղարաբաղում տեղի ունենալիք նստաշրջանը փորձ է արվում տապալել, ինչի նպատակով Ղարաբաղ են այցելում Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովը, բյուրոյի անդամների եւ ԽՄԿԿ ԿԿ-ի հրահանգիչ Վ. Յաշինի հետ միասին: Չորս ժամ ուշացումով սկսված ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանում կեսգիշերից հետո ընդունվում է որոշումը։

Որոշումը վավերացվեց պատգամավորների ստորագրություններով, քանի որ մարզկոմի քարտուղար Բ. Կեւորկովը վերցրել էր մարզխորհրդի կնիքը եւ ադրբեջանցիների հետ հեռացել Աղդամ: 
Սա ժամանակագրությունն է։ Եթե մի բան սխալ է, ավելի լավ իմացողները կուղղեն: 
Հիմա տեսնենք՝ ինչ է այստեղ տեղի ունենում: Հայկական կողմը Երեւանում եւ Ղարաբաղում որպես պայքարի գործիք օգտագործում է երկու հիմնական միջոց․ 
1. Լեգալություն՝ որոշման ընդունում ԼՂԻՄ լեգիտիմ բարձրագույն իշխանության՝ Մարզխորհդի կողմից: 
2. Խաղաղ ժողովրդական ցույց եւ ինքնակազմակերպում, այսինքն՝ դիմում է անմիջական դեմոկրատիայի եւ զանգվածային մոբիլիզացիայի: 
Մյուս կողմից տեսնում ենք, որ հայկական պահանջներին ի սկզբանե խոչընդոտում են ոչ միայն Բաքվից, այլեւ՝ Մոսկվայից: Սա՝ չնայած նրան, որ այդ օրերին հայկական կողմի կարգախոսները բացարձակ լոյալ էին Մոսկվայի հանդեպ՝ հայտնի Լենին: Պարտիա, Գորբաչեւ: 

Ինչո՞ւ է այդպես տեղի ունենում: Այսօր անդրադառնամ մենակ խնդրի մի կետին՝ լեգալությանը: 
Խնդիրն այն է, որ սովետական համակարգի հիմնաքարը լեգալության եւ քաղաքականության խիստ հակադրությունն էր: Օրինակ՝ ըստ իրավական ձեւակերպման՝ գերագույն իշխանությունը խորհուրդներինն էր, բայց փաստացի իշխանությունը կուսակցական մարմիններինն էր: Խորհուրդները միայն վավերացնում էին կուսակցությունից եկած հրահանգները: Եվ սովետական համակարգը կարող էր աշխատել միայն, եթե այս չգրված օրենքն անխափան գործում էր: 
Երբ Ղարաբաղի հայերը միամտաբար օգտագործում են իրենց լեգալ, սահմանադրական իրավունքն իրենց իսկ ընտրած գերագույն իշխանության՝ Մարզխորհրդի միջոցով որոշում են կայացնում, որը նախապես հաստատված չէր կուսակցական համապատասխան մարմնի կողմից, ապա այդ՝ առաջին հայացքից բացարձակ խաղաղ, օրինական քայլը փաստացի ավելի վտանգավոր ապստամբություն էր համակարգի դեմ, քան որեւէ զինված գործողություն իսկ: Դա միանգամից պայթեցնում էր ամբողջ համակարգի չգրված կանոնը, ճգնաժամ ստեղծում եւ միաժամանակ վկայում, որ համակարգն այլեւս այն ուժը չունի, որ նա թուլացել է: Սա փաստացի ապստամբություն եւ պատերազմ էր ոչ թե միայն Ղարաբաղի պահանջով, որն ի վերջո երկրորդական կարար լիներ Մոսկվայի համար, այլ ամբողջ սովետական համակարգի: Օրենքի բառացի կիրառումը մի կորած-մոլորած սովետական ինքնավար մարզի իշխանության կողմից դառնում է ուժեղագույն զենք մի ամբողջ կայսրության կարգի դեմ: Նրբությունն այն է, որ հայերը դա անում են դեմքի ամենաանշառ արտահայտությամբ՝ Մոսկվային բացարձակ լոյալություն հայտնելով եւ սովետական օրենքների տառին համապատասխան եւ նույնիսկ երեւի թե նորմալ չգիտակցելով՝ էլ ինչ են անում: 
Բնական է, որ այդ օրվանից Մոսկվան, որքան էլ հայերը երդվեին, թե հավատարիմ էր, գործելու էր մեր դեմ, որովհետեւ պատերազմ հայտարարողը, թեեւ ակամայից, մենք էինք: Ահա թե ինչ տեղի ունեցավ 30 տարի առաջ այս օրը: 
Ժամանակագրությունը մանրամասնորեն՝ կից նյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել