Armtimes.com-ը գրում է.

Երգիչ Հայկ Կասպարովը բարձր տրամադրություն ունի Հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի առաջին կիսաեզրափկչից հետո: Թեեւ երեկ՝ փետրվարի 19-ին, հեռուստադիտողների SMS քվեարկության ու միջազգային ժյուրիի գնահատականների հիման վրա դուրս է մնացել հետագա պայքարից չի տխրել: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ առանձնապես մեծ հույսեր չի էլ ունեցել

«Բոլորն էլ գիտեին, որ ես չէի սպասում, որ պետք է անցնեմ: Համենայնդեպս երեկվա ելույթս մի քանի անգամ դիտելուց հետո, չհաշված որոշ թերություններ, ընդհանուր առմամբ շատ գոհ եմ: Ելույթս կարեւորը ստացված էր: Իսկ թե մրցույթն ինչ է տվել, պարզ կլինի որոշ ժամանակ անց: Շատերն ինձնից ավելի շատ էին տխրել, չգիտեին գրեն, թե չգրեն: Գրում էին՝ հո նեղված չե՞ս: Ընդհանրապես նեղված չեմ, ու երեւի իմ դեմքի արտահայտությունից էլ դա երեւում էր: Ուրախ եմ, որ մասնակցեցի, գիտակցում էի, որ հաղթելու շանսերս բավականին քիչ էին, ու ավելի լավ է տանը նստեմ, մի քիչ հանգստանամ, քան հայտնվեմ եզրափակչում ու չհաղթեմ (կատակում է)»,- ասաց նա:

Երգիչը շնորհակալ է Հանրային հեռուստաընկերությանը: Մեծ հաճույք է ստացել ողջ աշխատանքի ընթացքում: Նշում է, որ ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով: Բոլոր իրենց լավագույն էին անում:

«Շատ մեծ թիմ էր աշխատում, ու բոլորը փորձում էին այնպես անել, որ ստանային լավը, գեղեցիկը: Եղել են պահեր, որ ասել եմ այսպես եմ ուզում, ու եղել է: Ամեն ինչ անում էին, որ մաքսիմալ լավ լինի»,- ասաց նա:

Երեկ եզրափակիչ են անցել Մգեր Արմենիան, Ռոբերտ Քոլոյանը, Գեւորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը եւ «Նեմրա» խումբը: Հեռուստադիտողների կողմից այս ընթացքում բազմաթիվ դժգոհույուններ են եղել: Հատկապես զայրացած ենԹամար Կապրելիանի երկրպագուները: Հայկն անդրադարձավ եզրափակիչ չանցած մասնակիցներին: Նա էլ այն կարծիքին է, որ Թամարն անպայման պետք է հաղթահարեր կիսաեզրափակիչը:

«Ինձ համար անակնկալ էր Թամարի եւ «Գաթա» Բենդի չանցնելը: Իմ կարծիքով՝ «Գաթան» այնտեղ 100%-ով պետք է լիներ, Թամարը նույնպես: Թամարին շատ սիրեցինք, շատ բեմական է, շատ գեղեցիկ, եթե համեմատական կարգով նայենք, նա պետք է լիներ եզրափակչում»,- ասաց նա:

Հեռուստադիտողներից շատերը սոցիալական ցանցերում գրել էին, որ SMS քվեարկության ժամանակ խնդիր է եղել: Նրանց քվեարկությունները տեղ չեն հասել: Նշում են, որ SMS-ն ուղարկելուց բավական ժամանակ անց պատասխան են ստացել, որ քվեարկությունն ավարտված է: Հայկ Կասպարովը նույնպես այս խնդրին բախվել է:

«Քվեարկությունն ավարտվելուց հետո շատ մարդիկ ֆոտոներ էին ուղարկում, որ քվեարկել են ու քվեարկությունը տեղ չի հասել: 2-3 ժամ հետո պատասխան է եկել, որ քվեարկությունն ավարտված է, շատ մարդիկ են ուղարկել: Բայց դե նորմալ է, ուղիղ եթեր է»,- ասաց նա:

Այս շրջանում Հայկ Կասպարովը Նիկ Էգիբյանի հետ աշխատում է նոր երգի վրա: Ունի նաեւ այլ ծրագրեր, որոնց մասին ժամանակից շուտ խոսել չի ցանկանում: Բացի այդ՝ ապրիլի 7-ին մասնակցելու է Գերմանիայի Քյոլն քաղաքում Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ կայանալիք համերգ-երեկույթին: Այն կրում է Armenian Delusion Night խորագիրը: Մեծ միջոցառում է, որը Գերմանիայում կայանում է տարին 2 անգամ: Ներկա են լինում Եվրոպայի տարբեր մասերից ժամանած հայեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել