Երեկ կայացավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ ժյուրիի քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլ անցան Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը, «Նեմրան» և Մհեր Արմենիան: Եզրափակչում հայտնվելու համար մրցում էր նաև երգչուհի Թամար Կապելյանն իր «Թույն արի» երգով: Պայքարից դուրս մնալու մասին Թամարը զրուցել է BlogNews.am-ի հետ։

«Մրցույթի ավարտից հետո ինձ նամակներ էին գալիս, որ իրենց քվեարկությունները տեղ չէին հասնում, կամ ուղարկված համարը գոյություն չունի, սխալ է: Ինչևէ, մենք մեր մեծ թիմով որոշել էինք մասնակցել նախագծին, քանի որ հաշվի էինք առել, որ սա երգի մրցույթ է: Չի կարող միջազգային բլոգերների քվեարկությամբ մեր երգը լինի առաջին տեղում, իսկ մրցույթի ժամանակ ցածր միավորներ ունենանք»,- պարզաբանում է երգչուհին։

Այս ամենից զատ՝ երգչուհին ուրախ է՝ «Նվակի» մասնակիցներից Լուսինե Մարդանյանն անցավ եզրափակիչ: «Այս պահին դա է ինձ համար ամենակարևորը: Ամեն դեպքում այս մրցույթը լավ հնարավորություն էր ինձ համար խոսելու «Նվակի» մասին և ներկայացնելու մեր մեծ թիմի աշխատանքը»:

Հիշեցնենք, որ երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա փետրվարի 22-ին, որի ժամանակ կմրցեն Կամիլը, Սուրեն Պողոսյանը, Մարիա Սիքրեթը, Սևակ Խանաղյանը, AlternatiV բենդը, Ամալյա Մարգարյանը, Հասմիկ Շիրոյանը:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել