Panorama.am-ը գրում է.
Հայաստանում 2018 թվականին կներդրվի էլեկտրոնային աճուրդների համակարգը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
«Այսինքն՝ 2019 թ-ից մենք կունենանք լիարժեք էլեկտրոնային աճուրդների մեխանիզմներ»,-նշեց նա։
Արման Սահակյանը հայտնեց, որ պետական անշարժ գույքի հաշվառման գրանցամատյանում 2017 թվականին վերահաշվառվել է պետական սեփականություն հանդիսացող 8862 միավոր անշարժ գույք և պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների գույքի կազմում՝ 2705 միավոր անշարժ գույք: Ըստ նրա՝ 2018թ. հաշվառման փաստաթղթային համակարգից անցում կկատարվի էլեկտրոնային ինտեգրացված համակարգին: «Արդյունքում, բոլորը կարող են հետևել, թե ինչ անշարժ գույք կա հանրապետությունում։ Հաշվառման համակարգը հասանելի կլինի բոլոր շահագրգիռ մարմիններին և կունենա ավելի մեծ կիրառական նշանակություն»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով սոցիալական խնդիրներին՝ Արման Սահակյանը հայտնեց, որ շարունակվում է հանրակացարանների սեփականաշնորհումը։ Մասնավորապես, ըստ նրա, 2017թ. 249 քաղաքացիներ (90 ընտանիք) նվիրատվությամբ կամ սեփականաշնորհման ճանապարհով իրենց զբաղեցրած հանրակացարանային 91 սենյակների սեփականատեր են դարձել: Մինչդեռ 2016 թվականին 177 քաղաքացի է (68 ընտանիք) 70 սենյակի սեփականատեր դարձել:
Վարչության պետը հայտնեց, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ փոփոխություններ են կատարվում իրավական ակտերում, որի նպատակն է պարզեցնել սեփականաշնորհման գործընթացները։ «Այս փոփոխությունից հետո 509 ընտանիք կսեփականաշնորհի իր բնակարային տարածքը։ Կարծում եմ, որ մինչև տարեվերջ գրեթե ամբողջությամբ կավարտենք սեփականաշնորհման գործընթացը»,- ասաց Արման Սահակյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ