Միքելանջելոն, ով միշտ գերադասել է քանդակագործությունը գեղանկարչությունից, ձգտում էր առաջին հերթին ավարտել Հռոմի Հոլիոս II պապի գերեզմանի քանդակները: Սակայն հոգևոր նոր հովիվ Պավել III-ը ստիպում էր, որ վարպետը որքան հնարավոր է շուտ սկսեր «Ահեղ դատաստան» որմնանկարը Սիքստինյան մատուռի համար: Նկարիչը հիշում էր, թե ինչպես ավելի քան քսան տարի առաջ թողել էր ամեն հոգս աշխարհում և անցել էր առաստաղի նկարազարդմանը՝ արդյունքում մեջքի անտանելի ցավ ձեռք բերելով:

Հետաքրքիրն այն է, որ դեռ աշխատանքների ընթացքում որմնանկարը մի կողմից առաջացրել էր անսահման և անվերապահ հիացունք, մյուս կողմից՝ սուր քննադատություն: Ամենայն հավանականությամբ, նկարիչը բախվել է հերետիկոսության մեջ մեղադրվելու վտանգին: «Ահեղ դատաստանը» դարձել էր կարդինալ Պավել IV-ի և Միքելանջելոյի հակամարտության պատճառ: Նկարիչը մեղադրվում էր անբարոյականության և անպարկեշտության մեջ, քանի որ ամենակարևոր քրիստոնեական եկեղեցում նկարազարդում էր մերկ մարմիններ՝ չծածկելով սեռը: Նկարչի մահից անմիջապես հետո որմնանկարի վրայի մերկ մարմինները սկսեցին ծածկել գործվածքի պատկերներով: Ահա թե որ կերպարներն են տեղ գտել հանրահայտ «Ահեղ դատաստանում» և ինչ եղանակով:

Քրիստոս

ELC847608-1.jpg

Առանց մորուքի, ֆիզիկապես զարգացած կերպարը նման է հին հունական արձանի, քանի որ անտիկ գեղեցկությունը նկարչի համար միշտ էլ աստվածային կատարելություն է համարվել: Այս նմանության համար ևս ժամանակակիցները քննադատում էին Միքելանջելոյին: Քրիստոսի կերպարի վրա աշխատել է տասն օր շարունակ՝ բազմաթիվ փոփոխություններ կատարելով:

Սուրբ Եկատերինա Ալեքսանդրիացի

Հենց նրանից էլ Միքելանջելոյի մահից հետո սկսվեց կերպարների վրա «հագուստ ավելացնելը»: 1565 թ. Միքելանջելոյի աշակերտ Դանիել դը Վոլտերից պահանջեցին Սուրբ Եկատերինայի մերկությունը քողարկել և փոխել նրա հետևում կանգնած Սուրբ Վլասի դիրքը: Եկատերինայի կերպարը ամենաշատ քննադատություններն է առաջացրել հասարակության շրջանում, քանի որ նրա դիրքն անպարկեշտ էին համարում: Աշակերտ Վոլտերը զոհ գնաց հասարակական կարծիքին, և այդ օրվանից ի վեր նրան սկսեցին անվանել Il Braghettone` «տաբատների նկարիչ»:

Մինոս

Գեղանկարիչն այս կերպարը փոխառել է Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգությունից»: Նա միտումնավոր կերպով սատանայի կերպարին տվել է իր առաջին չարախոսի՝ պապական ծիսակատարությունների վարպետ Բյաջո դա Չեզենայի նմանությունը: Վերջինս էլ բարկացած հայտնել է Պավել III-ին, որ որմնանկարը՝ իր մերկ մարմինների պատկերներով հանդերձ, սազական է ոչ թե մատուռին, այլ՝ որևէ հասարակական բաղնիքի:

Սուրբ Բարդուղիմեոս

Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ կերպարը, որն իր ձեռքերին պահել է դանակ և մարդկային մաշկ, արտաքնապես միտումնավոր նմանեցված է փիլիսոփա Պիետրո Արետինոյին: Մինչ գեղանկարիչն  աշխատում էր կտավի վրա, փիլիսոփան ուղղորդումներ էր տալիս նրան «Ահեղ դատաստանի» սյուժեի վերաբերյալ, որոնք, սակայն, չէր ընդունում Միքելանջելոն: Երբ արդեն պատրաստ էր կտավը, Արետինոն միացավ քննադատողների շարքին, մինչդեռ հենց նա էր կտավի բաց տեսարանների մտքի հեղինակը:

Պետրոս առաքյալ

Կտավի աջ կողմում պատկերված է Պետրոս առաքյալը, ով ձեռքերում պահում է Երկնային թագավորության բանալիները, որոնք աստված է նրան փոխանցել: Առաքյալը բանալիները հեգնանքով վերադարձնում է Քրիստոսին: Որոշ ուսումնասիրողներ պնդում են, որ Պետրոսի կերպարին նկարիչը տվել է Պավել III-ի դիմագծերը:

Ինքնադիմանկար

Համարվում է, որ Միքելանջելոն ինքն իրեն է պատկերել Բարդուղիմեոս առաքյալի ձեռքին գտնվող մարդկային մաշկի վրա: Սա խորհրդանշել է այն բոլոր հոգեկան ու ֆիզիկական տանջանքները, որոնք նկարիչն ունեցել է որմնանկարը ստիպողաբար կատարելու ընթացքում:

Երիտասարդ

Արվեստի պատմաբան Ֆաբրիցիո Մանչինելին վարկած է առաջ քաշել, ըստ որի՝ Միքելանջելոն որմնանկարում պատկերել է նաև իր աշակերտ Ֆրանչեսկո Ամադորիին, ով Ուրբինո կեղծանունն ուներ: Գեղանկարիչն իր աշակերտին «թաքցրել» է Բարդուղիմեոսի հետևում, քանի որ զայրացած էր այն բանից, որ բավականաչափ տաղանդ չունեցող աշակերտի կողմից որմնանկարի վրա արված հատվածները ոչ լիարժեք են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել