«Մագնիտ» խանութների ցանցի բաժնետոմսերի 29.1%-ը երեկ վաճառվել է ՎՏԲ բանկին: Սա Ռուսաստանի վերջին օրերի տնտեսական գլխավոր նորությունն է: Ռուսաստանի խոշորագույն ռիթեյլերներից մեկը համարվող ընկերությունը պատկանում է Սերգեյ Գալիցկիին (Հարությունյան), ով ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլի ցուցակի» ֆիգուրատներից մեկն էր:

Դժվար է ասել, թե Գալիցկիի ընկերության ակտիվների վաճառքն ինչքանով է պայմանավորված այս հանգամանքով, սակայն գործարարը ակնհայտ ափսոսանքով է խոսում տեղի ունեցածի մասին` ասելով, թե շատ բարդ որոշում է կայացրել:

Ավելի վաղ պետական մասնակցությամբ ռուսական բանկերին էին անցել այլ հայ միլիարդատերերի ակտիվներ: Խոսքը` Ռուբեն Վարդանյանի «Տրոյկա-Դիալոգ» ընկերության և Դանիիլ Խաչատուրովի «Ռոսգոսստրախի»՝ Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերության բաժնետոմսերի մասին է:
Առհասարակ պարզ չէ բանտում վերջերս մահացած Լևոն Հայրապետյանի բիզնեսների և ֆինանսների ճակատագիրը:

Իհարկե, հիմքեր չկան պնդումների համար, որ հայ մեծահարուստներն ու նրանց բիզնեսները Ռուսաստանում պրոբլեմների մեջ են հայտնվում էթնիկական հատկանիշի կամ ազգային խտրականության հիմքով:

Ավելի շուտ կարծում ենք` Ռուսաստանում բիզնես միջավայրը դարձել է անտանելի` մի կողմից, Ռուսաստանի ավտորիտար իշխանության կոշտ, ըստ էության` բանդիտական քաղաքականության, պետական բեսպրեդելի, մյուս կողմից` արևմտյան պատժամիջոցների հետևանքով: Ռուբեն Վարդանյանը և Սամվել Կարապետյանը խոշոր նախագծեր են իրականացնում Հայաստանում` կարծես թե, որոշակիորեն ապահովագրելով իրենց կապիտալը կանխատեսելի ֆորսմաժորային իրավիճակներից:
 
Ռուսաստանում ձևավորված ոչ բարենպաստ տնտեսական կոնյուկտուրայի համատեքստում որոշակի առաքելություն կարող է վերապահվել Կարեն և Սամվել Կարապետյանների ստեղծած «Ներդրողների ակումբին»: Այս ինստիտուտն, ըստ էության, չկարողացավ կատարել այն գործառույթներն, ինչի համար ստեղծված էր ի սկզբանե: Հայաստան այդպես էլ չմտան խոշոր ներդրումներ, որոնք նշանակալի դեր կունենային Հայաստանի տնտեսության համար: «Ներդրողների ակումբը» չդարձավ նաև այն արդյունավետ գործիքը, որ միջոցով պետք է լեգիտիմացվեին և դրսևորում ստանային Կարեն Կարապետյանի իշխանական հավակնությունները: Այնուամենայնիվ, «Ներդրողների ակումբն» որոշակի ձևավորված հարթակ է, որը Ռուսաստանի շուրջ ձևավորված այսօրվա ոչ բարենպաստ միջազգային և տնտեսական համատեքստում կարող է լուծել` մի կողմից, հայկական ծագմամբ ռուսական կապիտալի ապահովագրման, մյուս կողմից` Հայաստանի տնտեսության զարգացման հարցեր: Եթե ռուսաստանահայ կապիտալին իրապես հետաքրքիր է Հայաստանը, ապա մեր տնտեսությունը կարող է փրկօղակ դառնալ Ռուսաստանում բնակվող մեծահարուստ հայերի համար: Նրանք կարող են իրենց կապիտալը ներդնել Հայաստանում` խուսափելով հնարավոր ռեպուտացիոն և ֆինանսական կորուստներից, որոնք կարող են ամերիկյան հնարավոր պատժամիջոցների հետևանք լինել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել