ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։

ՀՀ ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, նախնական տվյալներով՝ փետրվարի 19-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, զինված երկու անձ մուտք է գործել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ 4 մասնաճյուղ և աշխատակիցների կյանքի և առողջության  համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ ավազակային հարձակմամբ, հափշտակել առանձնապես խոշոր չափի գումար։  Պատճառված վնասի չափը հստակեցվում է. ըստ նախնական հաշվարկների՝ հափշտակվել է շուրջ 8,5 մլն դրամի տարբեր արտարժույթի գումար։

Դեպի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ստեղծվել քննչական խումբ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել մասնաճյուղի տարածքում գործող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։

ՔԿ-ն նախաքննության արդյունքների մասին տեղեկություն խոստանում է տրամադրել ավելի ուշ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել