Ֆեյսբուքյան սնոբների սեզոնային սրացումների ժամանակ իմանում ենք, որ 1000 դրամները վատ են բանակի համար, քաղաքացիների նվիրած ոչ լետալ սպառազինությունն ու միջոցները (հեռադիտակներ, նշանոցներ, էկիպիրովկայի տարրեր, аптечка-ներ և այլն) վատ են բանակի համար, լվացքի մեքենաները վատ են բանակի համար։ Ընդհանրապես, ամեն ինչ վատ է բանակի համար, եթե դա չի անում պետությունը․ չէ՞ որ մենք բավարար քանակությամբ հարկեր ու տուրքեր մուծում ենք, թող չթալանեն ու նորմալ բանակ պահեն։ Արդեն այլ հարց է, որ ֆեյսբուքյան սնոբները միշտ պատրաստ են շատ հիմնավոր ու ցասումնալից բացատրել, որ պետությունը չի անում այդ ամենն ու հաճախ խնդրի լուծումը, ըստ միջին վիճակագրական սնոբի, հանգում «դրանց ջպերը ծախեք, բանակ պահեք» թեզին․․․

Ինչպես ցանկացած պոպուլիզմ ու դեմագոգիա, այս ամենն իհարկե ունի բազում ու բազմաթիվ օբյեկտիվ ու իրական փաստերի վրա կառուցված կառկաս, բայց եկեք դիմենք սովորական թվաբանությանն ու համեմատական անալիզի։ Եկեք մի պահ պատկերացնենք, որ վաղը պետությունը դառնում է իդեալական, ու ոչ մի կոպեկ չեն թալանում և ոչ նպատակային ծախսում։ Բանակը պահպանում է իր առկա թվակազմը և բյուջեն։ Արդյո՞ք այդ ժամանակ մենք կկարողանանք ասել, որ բանակն ապահովված է ամեն ինչով, ու ամեն ինչ տեղին է։

Խոսենք մոտավոր թվերով․ ՀՀ ԶՈւ թվակզամը, շա՜տ մոտավոր ու կլորացրած, կազմում է 70000 հազարին մոտ թիվ, իսկ ռազմական բյուջեն՝ մոտ 1 միլիարդ դոլար։ Էլի շատ կոպիտ հաշվարկով, ստացվում է, որ իդեալական ու նպատակային տնօրինման դեպքում մեկ զինծառայողին հասնելու է տարեկան 14000 դոլար կազմող բաժին՝ ընդհանուր ռազմական բյուջեից։

Հիմա դիտարկենք ԱՄՆ ԶՈւ-ի համանման ցուցանիշները։ Բանակի, ՌՕՈՒ-ի, ՌԾՈւ-ի, Ծովային հետևակի կորպուսի ու Ազգային գվարդիայի ընդհանուր թվակազմը 2017-ին կազմել է մոտ 1,1 միլիոն, իսկ ռազմական բյուջեն՝ 602 միլիարդ դոլար։ Էլի նույն մոտավոր ու կոպիտ հաշվարկով ստացվում է, որ ամերիկյան մեկ զինծառայողին բաժին է հասնում մոտ 600000 դոլար կազմող բաժին՝ ընդհանուր ռազմական բյուջեից, այսինքն, սիրելի սնոբներ ու ադեկվատ քաղաքացիներ, մոտ 40 անգամ ավելի շատ, քան իդեալական տեսլականի ՀՀ ԶՈւ-ի դեպքում։

Դրա շնորհիվ ամերիկացի զինվորի զենքն ու սպառազինությունն ավելի թանկ են ու ժամանակակից, ուտելիքը ավելի համով է, զորամասերն ավելի հարդարված են ու լվացքի մեքենաներով և այլ կենցաղային տեխնիկայով հագեցած, աշխատավարձը՝ բարձր, թոշակները՝ բարձր և այլն։ Հասկանո՞ւմ եք, չէ՞, սիրելի սնոբիկներ ու ադեկվատ մարդիկ, որ մեր առկա ռազմական բյուջեի իդեալական տնօրինման դեպքում հայ զինվորն ապահովվածության տեսանկյունից տասնապատիկ անգամ զիջելու է ամերիկացի զինծառայողին։ Նորմա՞լ է արդյոք դա։ Համենայն դեպս, օրինաչափ է։ Արդյո՞ք պետք է համակերպվել դրա հետ։ Բնականաբար ո՛չ։ Ինչպե՞ս կարելի է կրճատել այդ տարբերությունը․․․

Այ այստեղ գալիս է ամենահետաքրքիրը․ միագամայն իրավացի են ֆեյսբուքյան սնոբներն ու ադեկվատ մարդիկ, երբ ասում են, որ պետությունը պետք է կատարելագործի իր ինստիտուտները, պայքարի կոռուպցիայի դեմ ու բարձրացնի կառավարման որակը։ Սակայն ճիշտ են նաև նրանք, ովքեր ասում են, որ ամբողջ պատասխանատվությունն ու բեռը պետք է պետական համակարգի վրա թողնել։ Ի վերջո, պետություն ասվածը միայն պետական համակարգը չէ, այլև սոցիումը ու եթե այդ սոցիումի որոշ տարրեր պատրաստակամ են իրենց ուժերով ու իրենց պատկերացրած օգուտը տալ, և պետական ինստիտուտը գտնում է, որ դա իրոք օգտակար է, քավ լիցի, ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ եք փնթփնթում ու պիտակավորում, առավել ևս, որ «մեր հարկերից» բրնձողների մեծ մասը սպիտակով աշխատավարձ էլ չի ստանում, որ հարկ տա, ոմանք փեշով փող են տվել, որ չծառայեն ու էսօր էլ բանակի ու պետության ճիշտ գործելաոճից են փրթում, երրորդներն էլ պարզապես չարացած մարգինալներ են, ովքեր դեմ են ամեն բանի, ինչին դեմ չէ մեծամասնությունը։

Չէ, ի՞նչ խոսք, կան նաև միանգամայն ադեկվատ մարդիկ, ովքեր դեմ են, բայց հարց է ծագում, թե ո՞վ է իրենց ստիպում միանալ այս կամ այն քաղաքացիական նախաձեռնությանը կամ էլ խանգարում, որ անեն իրենց պատկերացրած ճիշտ քայլերը։ Թերևս ֆիքսենք, որ ոչինչ չանելն ու Ֆեյսբուքում պրառաբությամբ զբաղվելը չի կարող համարվել ճիշտ քայլ։ Լավագույն դեպքում դա նշանակում է ոչինչ չանել, իսկ վատագույն դեպքում՝ խանգարել լավ բանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել