Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և այդ օրը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: Մեզանից շատերը գրքին ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթների, մանկական բանաստեղծությունների ու քառյակների շնորհիվ։ Գիրք նվիրելով ինքներս մեզ և մեր շրջապատին նվիրում ենք հոգևոր հաղորդակցման հաճելի ու անմոռաց պահեր: Կարծում ենք՝ ընթերցասերներից շատերն արդեն կողմնորոշվել են, թե ինչ գիրք են նվիրելու հարազատներին ու ընկերներին, ոմանք էլ արդեն ստացել են իրենց օրվա նվերը։ BlogNews.am-ն, օգտագործելով առիթը, զրուցել է պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանի հետ գրքի ու ընթերցանության մասին:

 

- Սոֆի, որքա՞ն ժամանակ ես հատկացնում ընթերցանությանը:

- Ցավոք, հաշվի առնելով զբաղվածությունս՝ շատ ժամանակ չեմ կարողանում տրամադրել ընթերցանությանը, բայց փորձում եմ ցանկացած գիրք, որը սկսել եմ, անպայման կարդալ մինչև վերջ, չեմ կարողանում կիսատ թողնել: Եթե նույնիսկ չեմ հասցնում գնալ գրադարան գիրք վերցնելու, գտնում եմ այդ գրքի օնլայն տարբերակը․ հիմա համացանցն այդ հնարավորությունը տալիս է: Չեմ ասի, թե ամեն օր պարտադիր կարդում եմ, բայց եթե ազատ ժամանակ լինում է, փորձում եմ նպատակային օգտագործել:

- Իսկ նախապատվությունն ավելի շատ հայկական գրականությա՞նն ես տալիս, թե՞ արտասահմանյան:

- Երկուսն էլ կարդում եմ, բայց ավելի շատ սիրում եմ արտասահմանյան գրականությունը: Հայ գրականությունից կառանձնացնեմ Չարենցին, Սևակին ու Նար-Դոսին: Բոլորի գործերից էլ կան առանձնահատուկ բաներ, որոնք առանձնացրել եմ ինձ համար:

img_9011-copy

- Ի՞նչ ժանրի ստեղծագործություններ ես սիրում:

- Բոլոր ժանրի ստեղծագործություններն էլ սիրում եմ, միայն ֆանտաստիկան է, որ չեմ սիրում ու չեմ կարդում: Կարող է լինել այնպես, որ առաջին հայացքից ժանրը չհավանեմ, բայց, կարդալով ստեղծագործությունը, հասկանամ, որ լավն էր:

- Ո՞րն է քո ամենասիրելի գիրքը:

- Սիրում եմ «Փոքրիկ իշխանը»: Առաջին անգամ այն կարդացել եմ տասը տարեկանում ու արդեն վերընթերցում եմ  մոտ վեց տարի: Ցանկացած տարիքում այն յուրովի եմ ընկալում: Այն իր ուրույն տեղն է գտել իմ հոգում, ու կարծում եմ՝ բոլորն են տեսնում իրենց այդ գրքում: «Փոքրիկ իշխանը» շատ ուսուցողական է ու օգնում է կյանքին այլ կերպ նայել, որոշ հարցերում ճիշտ կողմնորոշվել, ինչ-ինչ բաներ արժևորել և այլն:

img_9096-copy

- Սոֆի, կնշես այն հեղինակին կամ ստեղծագործությունը, որն այս պահին ընթերցում ես:

- Հիմա ընթերցում եմ Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևություն»-ը: Նոր եմ սկսել, բայց կարող եմ վստահեցնել, որ շատ հետաքրքիր գիրք է, որն ամբողջությամբ կլանում է մարդուն: Կյանքի ու մարդկային փոխհարաբերությունների ու ընկալումների մասին է:

- Սոֆի, համաձայն ես այն մտքին, որ գիրք կարդալու մշակույթը վերացել է մեզանում ու հատկապես՝ երիտասարդների շրջանում:

- Եթե համեմատենք տարիներ առաջ ու հիմա, կարծում եմ, որ կա նման բան: Ու այս առիթն օգտագործելով էլ ուզում եմ երիտասարդներին կոչ անել, որ նրանք չհեռանան գրականությունից ու ավելի շատ կարդան: Դա օգնում է, որ մարդ իրեն լիարժեք զգա:

img_9014-copy

- Այսօր ի՞նչ գիրք կուզենայիր նվեր ստանալ:

- Երկար ժամանակ է՝ ուզում եմ Էռնեստո Սաբատոի «Թունելը»: Հույս ունեմ՝ մինչև օրվա վերջ կգտնվի այն մեկն, ով ինձ հաճելիորեն կզարմացնի՝ նվիրելով այն:

- Իսկ դու սիրում ես նվիրել ու ի՞նչ սկզբունքով ես կատարում նվերի ընտրությունը:

- Այո, սիրում եմ ու նվիրելիս հիմնականում ընտրում եմ այնպիսի բան, որը կուզեի՝ այդ մարդը կարդար, բայց, իհարկե, նվիրում եմ նաև այն, ինչը, գիտեմ, որ կուզեին նվեր ստանալ: Այսօր դեռ չեմ գնել նվեր, բայց պատրաստվում եմ անակնկալ պատրաստել ծնողներիս ու ընկերներիցս մեկի համար:

img_8984-copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել