Անդրադառնալով Մյունխենում Սերժ Սարգսյանի ելույթին՝ կարող ենք մի քանի կարևոր շեշտադրում առանձնացնել, որոնք նաև ՀՀ դիվանագիտության յուրահատուկ գնահատական են.

1. Հայաստանը կառուցողական ու թափանցիկ գործընկեր է: Սարգսյանը հատուկ ընդգծեց, որ Հայաստանը երբեք չի փորձել խաղալ արտաքին հակասությունների վրա ու պղտոր ջրում ձուկ որսալ, ու հենց դրա շնորհիվ էլ հաջողել է: Դա հաստատեցին նաև ՌԴ-ն ու ԵՄ-ն: Այսինքն՝ եթե պարզ լեզվով ասենք, մենք միշտ հստակ շարադրել ենք, որ ուզում ենք և՛ Եվրոպայի հետ համագործակցենք, և՛ ՌԴ-ից երես թեքել չենք կարող, ուստի պիտի մենք էլ հարմարվենք, դուք էլ, ու կարծես թե բոլորը հարմարվել են: 
2. Հայաստանն օրինակելի երկիր է: Եվրոպայի ու ՌԴ-ի միջև երկրների խնդիրները քննարկելիս Հայաստանը դիտարկվեց որպես օրինակելի երկիր, որն ամենամեծ հաջողությանն է հասել: Փաստացի մենք կարողացանք ցույց տալ, որ և-և-ը հնարավոր է ու ամենալավն է բոլորի համար: Եվ այսօր դա բարձր գնահատականի է արժանանում: 
3. Թուրքիան խաղալու դաշտ չի ունենալու: ՀՀ նախագահը, հավատարիմ մնալով թափանցիկ դիվանագիտության սկզբունքին, հստակ հիմնավորեց, թե ինչու է պատրաստվում հետ կանչել ստորագրությունները հայ-թուրքական արձանագրությունների տակից․ որ զրկի Թուրքիայի իրեն հարմար պահի դրանք վավերացնելու և դրանց վրա խաղալու հնարավորությունից: Գնացքը գնացել է, և եթե Թուրքիան մի օր որոշի Հայաստանի հետ փաստաթուղթ ստորագրել, ստիպված կլինի նոր իրավիճակում նոր թուղթ բանակցել: Կարճ ասած՝ «մենք նախապայմանների լեզվով չենք խոսել և չենք թողնի, որ մեր հետ նախապայմաններով խոսեն»:
4. Եվրոպան պետք է արձագանքի Ալիևի զառանցանքին: Հասկանալի է, որ Հայաստանը չի սկսելու բացատրել Ալիևին, որ Երևանի մասին հեքիաթներին չհավատա, բայց Եվրոպան պետք է պաշտպանի իր սկզբունքներն ու արձագանքի Ալիևի ակնհայտ ագրեսիվ պահվածքին:
5. Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ, խաղաղ ճանապարհով: Եվ վերջինը՝ չնայած Բաքվի բոլոր աննորմալություններին՝ մենք հավատարիմ ենք մեր մոտեցմանը: Խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Եվ այս կոնֆլիտի օրինակով ՌԴ-ն, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կարող են ցույց տալ, որ դեռ ընդունակ են միասին կարևոր հարցեր լուծելու:

Ամփոփելով՝ Հայաստանը հավատարիմ է մնում կառուցողական, թափանցիկ ու հետևողական լինելու իր արտաքին քաղաքականության մշակույթին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել