Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ փետրվարի 17-ին ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկել ադրբեջանցի հայտնի բլոգերների հարազատների։ Ազերիական ԶԼՄ-ների տեղեկություններով Գերմանիայում ապաստանած և Ալիևների իշխանությանը խիստ քննադատող բլոգեր Թուրալ Սադըղլիի հայրը՝ Ալիովսաթ Սադըղլին, ձերբակալված է։ Իրավապաշտպաններին մինչև հիմա չի հաջողվում պարզել, թե ինչ մեղադրանքով են ձերբակալել Ալիովսաթին։
Այս տեղեկությունից ժամեր անց իր facebook-յան էջում գրառում է արել նաև հայտնի ազերի ընդդիմադիր բլոգեր Օրդուխան Թեյմուրխանը, ով հայտնել է, որ Բաքվի Սուրախանի շրջանի ոստիկանություն են բերման ենթարկվել նրա երկու ազգականները։ «Ազատություն» ՌԿ-ն Թեյմուրխանի ազգականների ձերբակալման վերաբերյալ հարցում է արել Սուրախանի ոստիկանության բաժանմունք, որտեղից մինչև հիմա չեն պատասխանել։ Ազգականներին Ալիևների ճիրաններից փրկելու համար Օրդուխանը գրառում է կատարել և բացահայտել, որ 10 տարուց ավել է՝ չի ապրում հայրենիքում և ոչ մի բարեկամի հետ կապ չի պահպանում։
Որքան կարելի է կռահել, արտահերթ նախագահական ընտրություններից առաջ, որոնք Ադրբեջանում տեղի կունենան ապրիլի 11-ին, ապշերոնյան սուլթանիկը որոշել է փակել նույնիսկ այն ընդդիմադիրների բերանները, ովքեր շատ վաղուց չեն բնակվում Ադրբեջանում, և հենց այդ նպատակով էլ սկսել է ընդդիմադիր բլոգերների հարազատների և ազգականների մասսայական որս։ Ալիևն այս երկու բլոգերների հարազատներով չի բավարարվի։ Սա դեռ սկիզբն է։
Իլհամ բաբան գործում է շատ պարզ. արտերկրում բնակվող ազերի ընդդիմադիրների բարեկամներին, ովքեր բնակվում են Ադրբեջանում, տարրական պատանդ կվերցնի, կլռեցնի մինչև ապրիլի 11-ը, իսկ հետո էլ եվրոպացի իրավապաշտպանների ծափահարությունների ներքո ազատ կարձակի։ Չեմ զարմանա, որ որոշ ընդդիմադիրներ իրենց բարեկամների կյանքը փրկելու համար շնորհակալություն հայտնեն Իլհամ բաբային և չոքեն Հեյդար Ալիևի գերեզմանի առաջ։ Այդ մեթոդով է Իլհամ Ալիևը հիմնականում փչացնում իր ընդդիմախոսներին։
Հա՛մ հանգիստ, առանց ավելորդ քննադատությունների և աղմուկի մի 97 տոկոս ձայն կնկարի իր պաշտելիին և չոորրորդ անգամ սուլթանիկ կվերընտրվի, հա՛մ էլ եվրոպացիների մոտ կրկին իրեն «կբացահայտի» որպես ընդդիմության բարեկամ և հանդուրժող քաղաքական գործիչ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել