Facebook-ի ղեկավարությունը հատուկ ծածկագրով փոստային բացիկների օգնությամբ կստուգի այն անձանց և կազմակերպություններին, որոնք սոցցանցում կտեղադրեն գովազդներ՝ ԱՄՆ-ում պետական պաշտոններում թեկնածուների հիշատակումով: Այս մասին Reuters-ին հայտնել է ընկերության տնօրեններից մեկը՝ Քեթի Հարբաթը:

Նրա կարծիքով՝ սովորական փոստի օգտագործումը կատարյալ չէ, բայց ստուգման փորձված միջոց է՝ մարդն ապրո՞ւմ է ԱՄՆ-ում, թե՞ ոչ: «Եթե դուք գովազդ տեղադրեք թեկնածուի հիշատակմամբ, ապա մենք ձեզ կուղարկենք ծածկագրով բացիկ, որը դուք պետք է անվանեք՝ ապացուցելու համար, որ գտնվում եք Միացյալ Նահանգներում»,- հստակեցրել է Հարբաթը: «Դա չի լուծում ոլոր խնդիրները, բայց համենայնդեպս»,- հավելել է նա:

Ինչպես հստակեցրել է Reuters-ը, ամերիկյան օրենքները արգելում են օտարերկրացիներին միջոցներ նվիրաբերել ԱՄՆ տեղական կամ դաշնային ընտրարշավների մասնակիցներին: Հասցեի ստուգումը կարող է օգնել որոշելու՝ որտեղ է գտնվում մարդը, որը ցանկանում է Միացյալ Նահանգներում քաղաքական գովազդի համար փող վճարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել