Երեկ Կինո Պարկում տեղի ունեցավ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Գաղտնի գործը» դրամատիկական թրիլերի ֆիլմի փակ ցուցադրությունը, որի գլխավոր դերերում են Մերիլ Սթրիփը և Թոմ Հենքսը: Այն համարձակ լրագրողների մասին է, ովքեր բացահայտում են Պենտագոնի փաստաթղթերը Վիետնամական պատերազմի մասին: «The Washington Post»-ի առաջին կին հրատարակիչ Քեթրին Գրեմի և Բեն Բրեդլիի խմբագրի պատմությունն է: Վերջիններս մտնում են «Նյու Յորք Թայմսի» հետ  մրցավազքի մեջ՝ ավելի քան 30 տարի թաքնված պետական գաղտնիքների լուսաբանման իրավունքի համար: Այս մրցավազքում լրագրողները ստիպված կլինեն հաղթահարել իրենց տարաձայնությունները և վտանգել իրենց կարիերան, ազատությունը, որպեսզի աշխարհն իմանա ճշմարտությունը:

Սթիվեն Սփիլբերգի դրամատիկական թրիլերը հիմնված է իրական դեպքերի հիման վրա, սցենարը գրել է Լիզ Հաննայը:

«Մեծ սպասելիքներ ունենք ֆիլմի հետ կապված՝ հաշվի առնելով ռեժիսորին և դերասանական կազմը: Կինո Պարկում այն ցուցադրվելու է առնվազն երկու շաբաթ, սկսած փետրվարի 22-ից, բայց նաև ունենք լավ հնարավորություն ցուցադրելու ֆիլմը preview ֆորմատով, ինչը նշանակում է համաշխարհային պրեմիերայից մի քանի օր շուտ դիտել: Այն կցուցադրվի օրական մեկ սեանսով, երեկոյան՝ ժամը 18:00-ին»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Կինո Պարկի կինովարձույթի մասնագետ Ղամբարյան Մարինան:   

Կինո Պարկը հիմնականում աշխատում է ցուցադրել և ընտրել ամենասպասված, ամենահետաքրքիր ֆիլմերը՝ այդ ցուցադրություններին հրավիրելով կինոսերներին, կինոքննադատներին, լրագրողներին, բլոգերներին՝ չմոռանալով իրենց մշտական և հավատարիմ հաճախորդներին. «Մեր ֆեյսբուքյան էջում մենք միշտ խաղարկում ենք անվճար այցելության հնարավորություն: Այս անգամ խաղարկվել է տասը տոմս՝ երկու անձի համար»:   

Ի դեպ նշենք, որ Կինո Պարկն այս տարի հանդիսանում է Օսկար մրցանակաբաշխության ցուցադրման գործընկերը: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել