«ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը «Համաշխարհային սպառնալիքների գնահատման» 2018 թ. զեկույցում գրել է, թե Ղարաբաղյան հակամարտությունը 2018 թվականին կարող է վերաճել լայնածավալ պատերազմի, որի ընթացքում Ռուսաստանը, հնարավոր է՝ կաջակցի իր դաշնակից Հայաստանին: Նշվում է, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերն ավելացնում են Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխզիջումների չգնալը, ներքին ճնշումների ուժգնացումը, Ադրբեջանի ռազմական ներուժի կայուն արդիականացումը և Հայաստանի կողմից ռուսական նոր սպառազինությունների ձեռքբերումը:
 
Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը ռազմական սադրանքները չի բացառում, սակայն լայնածավալ ռազմական գործողություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի կանխատեսում:
Ռազմական փորձագետը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, թե շատ բան որոշելու է ընթացիկ իրավիճակը Ադրբեջանում, բայց Ադրբեջանի ռազմական կեցվածքի վրա ոչ թե ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններն են ազդելու, այլ ներիշխանական պայքարը կլանների միջև: Եվսեևը համոզված է, որ Բաքվում այսօր ռազմական լուրջ հաջողությունների ակնկալիքներ չունեն: Ավելին՝ հայկական զինված ուժերը, որոնք ավելացրել են իրենց ռազմական ներուժը, պատրաստ են հակահարձակման, և լավ կլիներ, որ այս գործոնը հաշվի առնեին Ադրբեջանում:
 
-Պարոն Եվսեև, համաձա՞յն եք այս տեսակետի հետ: Կա՞ն արդյոք իրական հիմքեր կանխատեսելու լայնածավալ պատերազմ:
 
-Ես գիտեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները և մասնավորապես Միացյալ Նահանգներն ունեն նման մտահոգություն, որ իրավիճակը կարող է սրվել մինչև այս տարվա ամառ, սակայն դա առայժմ դժվար է հաստատել կամ հերքել: Պարզ է, որ երբ ավարտվեն ընտրությունները, կավարտվի նաև Իլհամ Ալիևի ստանձնած պարտավորությունների ժամկետը, բայց հետո շատ բան որոշելու է ընթացիկ իրավիճակը Ադրբեջանում և կախված է լինելու տարբեր գործոններից: Ես չէի կապի պատերազմի հավանականությունը Ադրբեջանի հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների հետ, որի ելքն ակնհայտ է: Կարծում եմ՝ ադրբեջանական կողմի գործողությունների վրա ավելի շատ ազդում են ներքաղաքական որոշ գործոններ և մասնավորապես՝ Ալիևների և Փաշաևների կլանների պայքարը իշխանության ներսում: Բայց որքան հասկանում եմ՝ ներքաղաքական այս պայքարն առայժմ կրիտիկական վիճակում չէ:
 
Երբ կլանների դիմակայությունը սրվի, կարող է անհրաժեշտություն առաջանալ դուրս թողնելու այդ լարվածությունը այլ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուղղությամբ: Առայժմ կանխատեսում եմ, որ սադրանքներ կլինեն, բայց հակամարտության այնպիսի սրացումներ, ինչպիսին էր Ապրիլյան պատերազմը, ես չեմ սպասում:
 
-Զեկույցում նշված է, թե Ադրբեջանն ավելացրել է իր ռազմական ներուժը: Նմանատիպ գործոնները վստահություն հաղորդո՞ւմ են Ադրբեջանին՝ նոր պատերազմ սանձազերծելու, եթե հաշվի առնենք Ապրիլյան պատերազմի արդյունքները:
 
-Ապրիլյան պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի գոտում տեղի ունեցավ ուժերի որակական վերադասավորում: Ադրբեջանը քանակական առավելություն ունի, իսկ որակական՝ ոչ: Բացի այդ, ստեղծվել է ռուս-հայկական զորքերի միացյալ խմբավորում: Չեմ կարծում, թե Բաքվում այսօր ինչ-որ լուրջ հաջողությունների ակնկալիքներ ունեն: «Բլից-կրիգ» (կայծակնային պատերազմ) սկզբունքորեն չի կարող լինել: Ավելին՝ հայկական կողմը պատրաստ է հարձակման: Շատ կուզեի, որ այս գործոնը ևս հաշվի առնեին Ադրբեջանում, որ հարձակմանն ի պատասխան կարող է լինել հակահարձակում:
 
Ադրբեջանն ավելացրել է իր ռազմական ներուժը ոչ թե 2016 թ. ապրիլից հետո, այլ 2016 թ. ապրիլից առաջ: Ապրիլյան իրադարձություններից հետո որակական փոփոխություն տեղի չի ունեցել: Իսկ հայկական զինված ուժերի ռազմական ներուժը մեծացել է, այնպես որ, ուժերի հարաբերակցությունը շփման գծում քիչ թե շատ հավասարվել է: Ադրբեջանը չի ավելացնի պատերազմի ռիսկերն այն պայմաններում, երբ ակտիվորեն քարոզում է Հարավային գազային միջանցք ծրագրի իրականացումը: Համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին, ուստի պատերազմ սկսելով՝ նրանք փաստորեն կխափանեն համաձայնագրի ստորագրումը»,-գրում է թերթը։
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել