Ապրիլի 30-ին աշխարհի ջազի սիրահարները նշում են Ջազի միջազգային օրը: 2011թ. վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսն իր 36-րդ նիստում ընդունել է բանաձև, համաձայն որի սկսած 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր:

Ջազը կառուցվածքով և առանձնահատկություններով արևմտաաֆրիկյան (սևամորթների) և արևմտաեվրոպական (սպիտակամորթների) 300-ամյա երաժշտական ավանդույթների միահյուսումն է: Ջազին բնորոշ է կատարողի հանպատրաստից ստեղծագործելը:

Սևամորթ ստրուկների թախծոտ երգերի և անգլիական ժողովրդական մեղեդիների փոխազդեցությամբ ստեղծված ջազն անցել է ձևավորման բարդ ուղի. իր հատու ռիթմերով, հորինվածքային սկզբունքներով արտահայտել է սևամորթների հույզերն ու ազատության ձգտումը: Ջազի օրրանը Նյու Օռլեանն է, որտեղ 1917 թ.-ին «Օրիջինալ Դիքսիլենդ Ջազ-Բանդ» խումբը թողարկել է առաջին ձայնապնակը, իսկ հետագա զարգացումը կապված է Սենտ Լուիսի, Կանզաս Սիթիի, ապա` Չիկագոյի, Նյու Յորքի գիշերային պանդոկներում ու տոնավաճառներում հանդես եկող բազմաթիվ «ջազ-բանդերի» (ջազ-խմբեր) գործունեության հետ: 

1920–30-ական թվականներին, երբ Արևմտյան Եվրոպայում ընդունվել է ամերիկյան ջազային երաժշտությունը, ԱՄՆ-ում այն արդեն ճանաչված ու սիրված արվեստ էր: Այդ ժամանակաշրջանը հայտնի է որպես «ջազային տենդի» տարիներ, երբ ջազն արագորեն տարածվել է ողջ աշխարհում՝ գրեթե ամենուր հարմարվելով տվյալ ժողովրդի երաժշտական մշակույթին:

1940-ական թվականների 2-րդ կեսից բի-բոփ ուղղությամբ սկսվել է ժամանակակից ջազի զարգացումը. սաքսոֆոնահար Չառլզ Փարկերի և շեփորահար Դիզի Գիլլեսպիի շնորհիվ ջազը հասել է պրոֆեսիոնալ նոր մակարդակի: Հետագայում հաջորդել են քուլ (Մայլզ Դևիս, Լեսթեր Յանգ), ֆրի (Ջոն Քոլթրեյն, Թելոնիուս Մոնկ), մոդալ (Քեյթ Ջալեթ), լատինո և ժամանակակից ջազի այլ ուղղություններ: Վոկալ ջազում հանրահայտ են Էլլա Ֆիցջերալդը, Լուի Արմսթրոնգը, Բիլլի Հոլիդեյը, Կարմեն Մակ Ռեյը, Նեթ Քինգ Քուլը և ուրիշներ:

Ջազի ազդեցությամբ համաշխարհային երաժշտության մեջ ստեղծվել են ժամանակակից փոփ երաժշտության տարբեր ոճեր (սոուլ, փոփ-ջազ): XX դարի կոմպոզիտորներ Կլոդ Դեբյուսին, Մորիս Ռավելը, Սերգեյ Ռախմանինովը, Դմիտրի Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը և ուրիշներ դիմել են ջազի արտահայտչամիջոցներին: 

Ջազի առաջին դասական գործերից են Ջորջ Գերշվինի «Բլյուզի ոճով ռապսոդիան» և Դաշնամուրային կոնցերտը:

Հայաստանում առաջին ջազային նվագախմբերն ստեղծվել են 1935 թ.-ին:

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում՝ բացման օրվանից (1936 թ.) գործել է ջազային նվագախումբ, որը ղեկավարել է երաժշտագետ Ռոբերտ Աթայանը, 1937 թ.-ին՝ շեփորահար Ցոլակ Վարդազարյանը: 1938 թ.-ին Արտեմի Այվազյանը ձևավորել է նոր նվագախումբ: Նա իր ստեղծագործություններում յուրովի զուգորդել է էստրադային երաժշտությանը բնորոշ գծեր և հայկական ժողովրդական մեղեդիների ռիթմն ու հնչերանգը, որոնք հետագայում կիրառել են Կոնստանտին Օրբելյանը, Ստեփան Շաքարյանը, Մարտին Վարդազարյանը և ուրիշներ: 1956 թ.-ից նվագախումբը ղեկավարել է Կ. Օրբելյանը: 1960–70-ական թվականներին հայկական ջազարվեստը ճանաչվել է նաև արտասահմանում. հայ երաժիշտները հյուրախաղերով շրջագայել են եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում, մասնակցել միջազգային փառատոների:

1954 թ.-ին Կ. Օրբելյանի ստեղծած գործիքային նվագախմբի (5 հոգի) հիման վրա ստեղծվել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (երգացանկում՝ սվինգ ջազային ուղղության գործեր), որը ղեկավարել են Մարտին Վարդազարյանը (1954–72 թթ.), Մելիք Մավիսակալյանը (1972–86 թթ.), 1986 թ.-ից ղեկավարում է Երվանդ Երզնկյանը:

1980-ական թվականներին հանրահայտ էր Դավիթ Ազարյան (դաշնամուր), Գրիգոր Բալաղյան (հարվածային գործիքներ), Գևորգ Գևորգյան (կոնտրաբաս) ջազային եռյակը: Կոմպոզիտոր, դաշնակահար Արտաշես Քարթալյանի եռյակի, ապա՝ քառյակի ստեղծագործության կորիզը ֆոլկլորն էր, որն էլ հետագայում դարձավ հայկական ֆոլկ-ջազի ձևավորման հիմքը: Այդ տարիներից հայկական ջազում մեծ ներդրում ունեն հայտնի դաշնակահար, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, Տիգրան Սահակյանը (գործիքավորող), դաշնակահար Վահագն Հայրապետյանը, երգչուհիներ Տաթևիկ Հովհաննիսյանը, Էլվինա Մակարյանը և ուրիշներ:

1990-ական թվականների սկզբին ստեղծված Արմեն (Չիկո) Թութունջյանի ջազային խումբը՝ «Չիկոն և ընկերները», խթանել է Հայաստանում ջազի հետագա զարգացումը. կատարում է դասական ջազի երկեր: Դասական ստեղծագործությունների ջազային մշակումներով հանդես է գալիս «Ուլիխանյան հնգյակը», հայտնի էր նաև էթնո-ջազ ուղղության «Թայմ Ռիփորթ» («Time Report») հնգյակը՝ սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցի և կոմպոզիտոր, դաշնակահար Խաչատուր Սահակյանի ղեկավարությամբ: Մեծ ճանաչում ունի Արտո Թունջբոյաջյանի «Արմինիան Նեյվի Բենդ» («Armenian Navy Band») խումբը, որի ստեղծագործության հիմքը հայկական ֆոլկլորն է:

Ջազային խմբեր են գործում նաև Գյումրիում, Կապանում, Իջևանում և այլուր: 2005 թ.-ին Արցախում ստեղծվել է ջազային նվագախումբ (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Տիգրան Լալայանց):

1998 թ.-ին Երևանում կազմակերպվել է ջազային երաժշտության առաջին միջազգային փառատոնը՝ «Ջազ արտ» («Jazz art») ակումբի ղեկավար Լևոն Մալխասյանի և պրոդյուսեր Արթուր Ասատրյանի ջանքերով:

2000 թ.-ի փառատոնի հյուրն էր ամերիկացի աշխարհահռչակ դաշնակահար Չիկ Կորեան, որի հետ իր առաջին ելույթն է ունեցել 13-ամյա, այժմ՝ հանրաճանաչ դաշնակահար Տիգրան Համասյանը:

2005 թ.-ից Երևանում կազմակերպվում են ջազի ամենամյա փառատոներ (կազմակերպիչ՝ Ա. Թութունջյան):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել