Tert.am-ը գրում է.

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 2008-ին աշխարհի բացարձակ չեմպիոն, կարիերայի ընթացքում 4 IBO տիտղոս նվաճած Վիկ Դարչինյանը ցանկանում է մենամարտել ռուս մարզիկ Եվգենի Գրադովիչի հետ, մենամարտն անցկացնել Հայաստանում և Հայաստանից հայտարարել մարզական կարիերայի ավարտի մասին: Այս և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Վիկ Դարչինյանի հետ:

-Վի՛կ, ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ գործունեություն եք ծավալում, որտե՞ղ եք, վերջին ժամանակահատվածում Ձեր մասին տեղեկությունները նվազել են:

-Այս պահին Հայաստանում եմ՝ տանը, հանգստանում եմ: Այցելել եմ Հայաստան, որ տեսնեմ ընկերներիս, հարազատներիս:

-Իսկ ընդհանրապես ինչո՞վ եք զբաղվում: Լրատվամիջոցներում Ձեր վերաբերյալ տեղեկություն վերջին անգամ հրապարակվել է, երբ 2017թ. մարտին տեղի ունեցած մենամարտի առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեցիք Թաիլանդը ներկայացնող Մանոտ Կոմպուտին, ի դեպ, դրանից առաջ նոկաուտով պարտվել էիք:

-2017-ին ես մենամարտ ունեցա Ավստրալիայում, հակառակորդս թաիլանդցի բռնցքամարտիկ էր, ով ունեցել էր 30 մենամարտ: Մենամարտը շատ լավ ավարտվեց՝ առաջին ռաունդում նոկաուտով: Դրանից հետո ինձ ձեռնոց էր նետել ռուսաստանցի աշխարհի չեմպիոն Եվգենի Գրադովիչը, որի հետ արդեն մի քանի տարի է՝ խոսում ենք մենամարտ անցկացնելու վերաբերյալ: Վերջերս կապվեց ինձ հետ, և ես ասացի, որ պատրաստ եմ մենամարտել:

Իրենց խնդրանքով փոխանցել եմ վերջին տեսանյութս, և իրենցից այլևս տեղեկություն չունեմ: Հավանաբար տեսան, որ վերականգնվել եմ, ուժեղացել եմ և չցանկացան մենամարտել: Սակայն ռուս մարզիկն այլ մարզիկի հետ էլ չի մենամարտել, ուստի սպասում եմ, որ եթե մենամարտել ցանկանա, ապա ինձ հետ կմենամարտի: Այդ մենամարտը եթե լինի, ապա այդ օրն էլ կհայտարարեմ կարիերայիս ավարտի մասին:

- 2008-ին Դուք աշխարհի բացարձակ չեմպիոն էիք, ունեցել եք 53 մենամարտ: Արդեն ամփոփե՞լ եք 53 մենամարտը, և ո՞րն է Ձեր կարիերայի ամենամեծ հաղթանակն ու ամենացավալի պարտությունը:

-Ամենալավ հաղթանակը երևի 2008 թվականի մենամարտներից մեկն էր՝ Քրիստիան Միխարեսի հետ, երբ դարձա աշխարհի չեմպիոն: Ինձնից հետո նման արդյունք չի գրանցվել, և երևի էլ չկրկնվի, որովհետև այդ քաշային կարգում ես ունեի չորս գոտի: Բայց ինձ համար ամենակարևոր մենամարտը 2004 թվականի դեկտեմբերին իմ նվաճած աշխարհի չեմպիոնի տիտղոսն էր, երբ ես հաղթեցի շատ ուժեղ աշխարհի չեմպիոնի՝ Իրրն Պաչեկոյին: Նա բոլորին հաղթել էր նոկաուտով, և քչերն էին հավատում իմ հաղթանակին, իսկ ես հաղթեցի նոկաուտով:

-Վի՛կ, 9-ը պարտություն եք ունեցել, վերլուծե՞լ եք դրանք:

-9 պարտությունից 5-6-ը պարտություններ չէին, չեմ ընդունում , որ պարտություն էր: Դրանք ԱՄՆ-ում և Ճապոնիայում կայացած մենամարտեր էին: Օրինակ՝ մի դեպքում մրցակիցը հարվածում էր գոտկատեղից ներքև, ինչն արգելված է բռնցքամարտում, իսկ ես պարտվեցի:

-2011-ին Դուք Հայաստանում նախաձեռնեցիք պրոֆեսիոնալ մենամարտ անցկացնել և հաղթեցիք: Բազմիցս եք նշել, որ դա Ձեր նպատակն էր Հայաստանի հետ կապված, այժմ ի՞նչ նպատակ ունեք՝ կրկին կապված Հայաստանի հետ:

-Հիմա ևս ցանկությունս այդքան շատ չի տարբերվում: Ցանկանում եմ, որ եթե ռուս մարզիկի հետ մենամարտը ստացվի, այն անպայման անցկացնեմ Հայաստանում և այդ օրն էլ հայտարարեմ կարիերայիս ավարտի մասին: Դա իմ նպատակն է, ցանկությունն է, լավ կլինի, հրաշալի կլինի: Ամեն դեպքում կարիերայիս ավարտի մասին կհայտարարեմ Հայաստանում:

-Վիկ, դժվար չէ՞ ռինգից հեռանալը:

-Դժվար է, շատ, 30 տարուց ավելի է՝ բռնցքամարտում եմ և չեմ էլ հավատում, որ եկել է ռինգից հեռանալու ժամանակը, քանի որ ես ինքս զգում եմ, որ էլի ուզում եմ պարապել, ռինգ դուրս գալ, բայց այդպես չի լինում, մի օր պետք է ավարտ հայտարարես:

-Վի՛կ, Դուք 2016-ին ևս հայտարարել էիք կարիերայի ավարտի մասին, ի՞նչ եղավ, ինչո՞ւ չստացվեց ավարտել կարիերան:

-Ես և՛ 2016-ին, և՛ 2017-ին հայտարարել եմ կարիերայիս ավարտի մասին, սակայն լավ առաջարկներ են եղել և ես չեմ կարողացել մերժել ու կրկին վերադարձել եմ սպորտ:

-Կա՞ ինչ-որ սովորույթ, գործողություն, որ անում եք ռինգ մտնելուց կամ ռինգը լքելուց հետո:

-Նման սովորություններ չկան, սակայն ռինգ դուրս գալուց առաջ մի քանի րոպե անպայման պետք է մնամ միայնության մեջ, որպեսզի ինքս իմ առաջ դնեմ իմ խնդիրները, կենտրոնանամ ու դուրս գամ ռինգ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել