Միջին դարերում ինկվիզիցիան տարածում էր գտել ողջ Եվրոպայում և իր «աշխատանքային» մի քանի հարյուրամյակի ընթացքում շատ մարդկանց կյանքեր է խլել: Ինկվիզիցիան կաթոլիկ եկեղեցու ատյան էր, որը կոչված էր պայքարելու հերետիկոսության` հերձվածության դեմ, քննելու տարբեր ուսմունքների համապատասխանությունը ճշմարիտ հավատքին: Այն հիմնել են Հռոմի պապերը՝ 12-րդ դարի սկզբում: Ցանկանում ենք Ձեզ ներկայացնել, թե ինչպես սուրբ ատյանը պատմության մի շրջափուլում Նիդերլանդների բոլոր բնակիչների համար մահապատժի որոշում կայացրել:

 

Նախապատմություն

Իսպանական ինկվիզիցիան, որը ի հայտ էր եկել XIII դարում, նոր թափով զարգացում էր ապրում XV դարում՝ արդեն քաղաքական նշանակություն ստանալով:

Երբ Հռոմի պապը «կաթոլիկ արքաներին» թույլատվություն շնորհեց իրենց ինկվիզիցիան հիմնելու, Կաստիլիայում և Արագոնում իշխում էին Իզաբելա I-ը և Ֆերդինանդ Կաթոլիկը, որոնք երկրի ինկվիզիցիոն համակարգը վերակազմավորեցին և դրա շնորհիվ զգալիորեն ավելացրին գանձարանի պարունակությունը:

Գլխավոր ինկվիզիտորը՝ Իսպանիայում կազմակերպված նոր ինկվիզիցիայի առաջնորդը, դարձավ Իզաբելայի խոստովանահայրը՝ դոմինիկացի Թոմաս դե Տորկվեմադան:

Ըստ որոշ տվյալների՝ 1481-1498 թթ. ժամանակաշրջանում իսպանական ինկվիզիցիան խարույկի վրա այրել է շուրջ 10 հազար մարդկանց, 6,5 հազարն էլ այրվել են խեղդամահ արվելուց հետո: Եվս 100 հազարը ենթարկվել են գույքի բռնագրավման, եկեղեցական պատիժների և քրեական պատասխանատվության:

 

Ինկվիզիցիան Նիդերլանդներում

Իսպանական ինկվիզիցիան արագորեն տարածում գտավ մի շարք երկրներում, այդ թվում նաև Պորտուգալիայում, Ֆրանսիայում և Նիդերլանդներում:

Նիդերլանդներում այն հաստատվեց Կառլ V-ի կողմից 1522 թվականին և շարունակեց մեծ թափով գործել նրա որդու՝ Ֆիլիպ II-ի օրո, ով կաթոլիկության եռանդուն աջակից էր: Բացի Իսպանիայից նա հորից ժառանգել էր նաև Նիդերլանդները, Նեապոլը, Միլանը, Սիցիլիան և Նոր աշխարհի ևս մի քանի երկրների հողեր: Իր տիրույթներում գտնվող տարածքներում հերետիկոսությունն արմատախիլ անելու համար Ֆիլիպը ամրապնդեց ինկվիզիցիոն դատարանների դերը:

Մինչ Կառլ V-ի մահը Նիդերլանդների բնակիչները հիմնականում կաթոլիկներ էին, այդ իսկ պատճառով ինկվիզիցիան նրանց կյանքի վրա մեծ ազդեցություն չէր ունենում: Սակայն Ֆիլիպի կառավարման սկզբից ի վեր մեծ զարգացում ապրես առևտուրը, և հետևաբար, հարևան երկրներից Նիդերլանդներ ներթափանցեցին նաև լյութերականությունն ու կալվինիզմը, որը ինկվիզիցիային ստիպեց շատ ավելի աշխույժ գործել:

Նիդերլանդներում Ֆիլիպին չէին ընդունում որպես թագավոր նրա սահմանած խիստ սահմանափակումների, բարձր հարկերի և հարուստ առևտրականների հետապնդման պատճառով: Նրա կառավարումը բունտ առաջացրեց, որը 1565-1567 թթ. վերաճեց ազգային մեծ դիմադրության:

Այդ ժամանակ Ֆիլիպը Նիդերլանդներ ուղարկեց իր լավագույն զորահրամանատարներից մեկին՝ գեներալ Ալբային: Վերջինիս և իր զորքի՝ Նիդերլանդներ մուտք գործելու պահից ինկվիզիցիայի խարույկները «սկսեցին ավելի հաճախ այրվել». գրեթե յուրաքանչյուր զրպարտության բավական էր, որպեսզի մարդուն մահապատժի ենթարկեին:

 

Յուրահատուկ պատմական դրվագ

1568 թ. փետրվարի 16-ին Նիդերլանդների ողջ բնակչությունը, որն այդ պահին կազմում էր շուրջ 3 միլիոն մարդ, դատապարտված էր մահապատժի:

Այդ օրը Ֆիլիպ II-ը յուրահատուկ մեմորանդում ներկայացրեց, որում ասվում էր, որ «բացառությամբ հատուկ ցուցակում նշված անունների, Նիդերլանդների բնակչության մյուս մասը հերետիկոսներ, հերետիկոսության քարոզիչներ էին, և այդ պատճառով մեղադրվում են պետական դավաճանության մեջ»: Ինկվիզիցիայի դատարանն ընդունեց առաջարկը, և փետրվարի 26-ին Ֆիլիպը ստորագրեց փաստաթուղթը, որում հրամայվում էր պատշաճ կերպով կատարել վերոնշյալ մեմորանդումի հիմքով հրամանը:

Տասն օր անց Ֆիլիպ II-ը Ալբային հրամայեց սկսել իրականացնել որոշումը: Երկրում սկսվեցին զանգվածային մահապատիժներ իրականացվել: Ժողովրդի մեծ մասը փախուստի էր դիմում դեպի Գերմանիա: Ալբան Ֆիլիպին պատասխան նամակ ուղարկեց այն մասին, որ արդեն առաջին 800 մարդկանց ցուցակն է կազմել, որոնք պետք է պատժի ենթարկվեն, կախաղան հանվեն կամ այրվեն խարույկի վրա: Հարյուրավոր մարդիկ մահվանից առաջ սարսափելի խոշտանգումների էին ենթարկվում. տղամարդկանց այրում էին խարույկների վրա, իսկ կանանց ողջ-ողջ թաղում էին:

Ըստ պատմաբանների տվյալների՝ Նիդերլանդներում գտնվելու 6 տարիների ընթացքում Ալբան անձամբ տվել է 18,600 մարդկանց մահապատժի ենթարկելու հրաման:

Ժամանակի ընթացքում Նիդերլանդներում ազգային դիմադրության ոգին ճնշվեց, և 1564 թ. ինկվիզիցիան փաստացիորեն վերացվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել