Իրականում այս հարցի պատասխանն առավել քան ակնհայտ է, որը, սակայն, «այո» կամ «ոչ» չէ։ Զուտ քաղաքական իմաստով ԵԼՔ-ը՝ որպես ընդդիմություն, իր գործառույթը կատարում է, բարձրացնում հարցեր, որոնք հուզում են հասարակությանը, փորձում է ընդդիմությանն ինստիտուցիոնալ երանգավորում տալ, իր մեջ ներառել է տարբեր մոտեցումներ, սակայն գրեթե նույն աշխարհայացքն ունեցող մարդկանց։ Մի խոսքով՝ ներկայացուցչական առումով ամեն ինչ կարգին է, սայլն էլ, կարծես, տեղից շարժվում է, բավականին ակտիվ են ԱԺ-ում, տարվա կտրվածքով շուրջ 700 ելույթ են ունեցել, Երևանի ավագանու նիստերի ընթացքում բարձրացնում են հարցեր, որոնք շատ հաճախ ստանում են իրենց պատասխանները, սակայն ամեն դեպքում ԵԼՔ-ի վարկանիշը գնալով ընկնում է։ Եվ ուրեմն՝ ինչումն է բանը։ Նոր ստեղծված, ընտրություն հաղթած ուժերից ակնկալիքները միշտ էլ առավելագույնն են։ Դա հանրության պահանջն է, որը միշտ պահանջատեր է՝ անկախ քաղաքական կոնյուկտուրայից։ Դա է պատճառը, որ, օրինակ, ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո նախագահի վարկանիշն աննախադեպ ընկել է մեկ տարի հետո, Հայաստանում նույն կերպ քաղաքականություն վերադարձավ Կարեն Կարապետյանը, սակայն այժմ արդեն վարչապետն էլ շատ լուրջ հանրային դիմադրության է արժանանում։ Ինչո՞ւ։ Որովհետև փոփոխությունները միանգամից տեղի չեն ունենում, իսկ դա բացատրել ժողովրդին շատ դժվար է։ Սակայն սա չի նշանակում, որ պետք է անվերջ սրանով պարտակել սեփական ծրագրերի, որպես քաղաքական գործիչ անպետք լինելը։ Ինչ-որ մի պահի, միևնույն է, գոնե փորձագիտական շրջանակների համար տվյալ քաղաքական կառույցը կամ անհատը դառնում են հասկանալի, ի հայտ են գալիս ուժեղ ու թույլ կողմերը և հնարավորություն է ստեղծվում կազմելու նրա քաղաքական ռոբոտը։

ԵԼՔ-ն իրեն համարում է ընդդիմություն, խնդիր է դնում թույլ չտալու Սերժ Սարգսյանի վերարտադրությունը։ Նիկոլ Փաշինյանը սա համարում է գլխավոր խնդիր, իսկ դաշինքում այս առումով կան տարաձայնություններ, ու կարծես թե ակնհայտ է, թե ով է այդ տարակարծության հեղինակը։ Էդմոն Մարուքյանը վերջին հարցազրույցում հայտարարեց, որ Սարգսյանի դեմ պայքարը համարում է ուշացած, պետք է սպասել, թե ինչ կորոշի Հանրապետականը։ ԵԼՔ-ում, կարելի է ասել, սկսվել է խմորումների առաջին շրջափուլը, որ մինչև ապրիլի 9-ը, այսինքն՝ այն պահը, երբ պարզ կդառնա՝ արդյոք Սարգսյանը գնում է դեպի նոր վարչապետություն, թե ոչ, նրանք ունեն ժամանակ։ Չենք անդրադառնում, թե ինչ մեթոդաբանություն կընտրեն նրանք այդ հարցում, բայց ֆիքսում ենք, որ այդ հարցը նրանց ուշադրության կենտրոնում է։ Եթե, օրինակ, Հանրապետականը որոշի ԵԼՔ-ին անակնկալի բերել, հենց այսօր կարող են հայտարարել, որ իրենց վարչապետի թեկնածուն հենց Սերժ Սարգսյանն է, և բնականաբար, բոլոր ընդդիմադիր ուժերը կհայտնեն իրենց տեսակետը, ե ինչ են մտածում դրա շուրջ։ Փաշինյանը հայտարարում էր, որ կողմ է լայն կոնսոլիդացիային, այսինքն՝ այն ավանդական ոճին, որ սովորաբար որդեգրում է ընդդիմությունը որպես հռետորաբանություն, սակայն գլուխ այդպես էլ չի բերում։ Երկրորդն Էդմոն Մարուքյանի տարբերակն է, ով փողոցային պայքարին կողմ չէ, դրա համար ունի լուրջ ալիբի, սակայն պետք է նաև առաջարկի, թե ոչինչ չանելու դեպքում ինչ է պատրաստվում անել։ Սրա մասին դեռևս նա չի խոսել։ Դաշինքում տարակարծություն ունենալը դեռևս չի նշանակում, որ այդ դաշինքը փլուզվելու է։ Իսկ եթե անկեղծ, ինչպես նախկինում ենք բազմաթիվ անգամ նշել, ԵԼՔ դաշինքի համար ամենամեծ խնդիրը ոչ թե Սերժ Սարգսյանին գահընկեց անելն է, այլ այս պահին գոնե սեփական ֆրակցիան պահպանելը։ Եվ առաջին լուրջ փորձությունն արդեն իսկ կա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել