Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև որոշում է կայացրել, որ երկրի պետքարտուղարը պետք է այցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այդ մասին հայտնում է NLTimes-ը:

Երկրի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների մեծամասնությունը հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու նախագիծ: Դրանցից մեկը վերաբերում է ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, մյուսը վերաբերում է նրան, որ երկրի կառավարության ներկայացուցիչը կամ պետքարտուղարը պետք է այցելի Հայաստանում ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության հիշատակման արարողությանը:

Երկու նախագծերը ներկայացրել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ֆորդևինդը: Խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների մեծ մասը քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:
Ինչպես հայտնել է նիդեռլանդական ANP գործակալությունը, սպասվում է, որ այս որոշումը կհանգեցնի Նիդեռլանդների և Թուրքիայի միջև հարաբերությունների է՛լ ավելի վատթարացմանը:

Երկրների միջև հարաբերությունները լարվել են այն ժամանակից ի վեր, երբ Նիդեռլանդները թույլ չտվեց թուրք նախարարներին մուտք գործել երկիր՝ Թուրքիայում հանրաքվեի հարցով Նիդեռլանդներում հանրահավաքներ իրականացնելու համար: Հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցությունները ձախողվել են, և Նիդեռլանդները պաշտոնապես հետ է կանչել Թուրքիայից իր դեսպանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել