Երևան, Հայաստան
Ց: 8°   Գ:
30.04.2013  16:01

Հայկ և Բել. առասպե՞լ, թե՞ իրապատում

Հեռադիտակ

Բարձրացված խնդիրը քննարկելու համար օգտագործել ենք հայոց դյուցազներգության մասին վաղ միջնադարյան պատմիչների` Խորենացի, Սեբեոս, պատառիկների տեսքով մեզ հասցրած գրառումները, ինչպես նաև վերջին տարիների հնագիտական հայտնագործությունները, որոնք կոչված են լրացնելու և նորովի լուսաբանելու խորը հնադարում տեղի ունեցած պատմական իրադարձությունների ազդեցությամբ ձևավորված ավանդապատումը:
Հայոց հնագույն և ամենանշանավոր վիպերգերից է Հայկի և Բելի պատերազմի հերոսապատումը, որն առավել սիրված ու հոգեհարազատ է մեր ժողովրդին: Ինչպես բազմաթիվ հնագույն զրույցներ, Հայկի և Բելի վիպազրույցի ատաղձը նույնպես, մեր կարծիքով, պետք է ունենար իր կոնկրետ պատմական հենքը, որը հետագայում հերոսականացվել և դարձել է ժողովրդական վիպերգ: Դարեր ու հազարամյակներ բերնեբերան երգվելով և պատմվելով այս ավանդապատումը հասել է ասորի իմաստասեր Մար Աբաս Կատինային, որի «Նախնյաց պատմություն» մատյանից օգտվելով` գրառել են Մովսես Խորենացին և Սեբեոսը՝ Անանուն պատմիչին վերագրվող ներածական գլխում, տեքստում կատարելով իրենց խմբագրումները և լրամշակումները[1]: Ըստ Բաբկեն Հարությունյանի` Մովսես Խորենացին քիչ, իսկ Սեբեոսը մեծապես օգտագործել են ժողովրդական ավանդազրույցները[2]: Դրանից բխում է, որ Հայկի և Բելի զրույցը շարունակվել է շրջանառվել նաև վաղ միջնադարում:
Փորձենք ձևակերպել այս հերոսապատումի էությունը, քանզի տարբեր գիտնականներ այն սահմանել են տարբեր տերմիններով: Այստեղ գերակայողը առասպել հասկացությունն է, որից էլ բխում է ավանդազրույցի մտացածին և հայոց սկզբնական պատմության և կրոնի հետ մասամբ կապված լինելը[3]:
Առասպել (միֆ) հասկացությունը ծագում է հունարեն mytos բառից, որը թարգմանաբար նշանակում է «առած», «մտացածին պատմություն»[4]: Օքսֆորդի անգլերեն լեզվի համառոտ բառարանում միֆ՝ առասպել հասկացությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ. «Մտացածին պատում, որտեղ գործում են գերբնական հերոսները, գործողություններն ու դեպքերը, որոնք մարմնավորում են այս կամ այն գաղափարը` կապված բնության կամ պատմական երևույթների հետ»[5]:
Ասք (լեգենդ) հասկացությունը ծագում է միջնադարում` լատիներեն Legenda բառից, որը թարգմանաբար նշանակում է «կարդալու ենթակա ինչ որ բան»: Ժամանակակից հասկացությամբ նշանակում է. «Հանրաճանաչ պատմություն )պատում), որը մեզ է փոխանցվել հնուց, և որի իսկությունը հնարավոր չէ հավաստել»: Ասքը բանավոր կամ գրավոր ձևով մեզ փոխանցված պատմություն է, որտեղ գերբնականը գերակայում է, և որի իրական լինելը դժվար է հիմնավորել գիտականորեն` պատմական կամ հնագիտական փաստերով, քանզի իրական դեպքերը բարդացված և ոճավորված են[6]: Ըստ Գ.Ա. Լևինտոնի` ասքում պատմվող դեպքերը, որոնք հիմնականում կապված են սրբերի գործունեության հետ, տեղի են ունեցել խոր հնադարում՝ առասպելական և պատմական ժամանակների սահմանագլխին: Ասքին բնորոշ է նաև տոհմի ծագումնաբանության թեման[7]:
Ավանդապատումը (ավանդազրույցը) ճշմարտապատում է, որը հյուսվել է աշխարհիկ իրադարձությունների, իրական, պատմական դեմքերի կատարած հերոսական արարքների մասին, և այստեղ հրաշապատումը պարտադիր տարր չէ: Որպես պատմական հիշողություն` սրանք բանավոր փոխանցվում են սերնդից սերունդ: Ի տարբերություն առասպելի և ասքի` ավանդապատումների դեպքերը տեղի են ունենում միայն պատմական ժամանակաշրջանում[8]:
Վաղ իրապատում հասկացության ներքո մենք պատկերացնում ենք կոնկրետ պատմական իրադարձությունների մարմնավորումը հերոսականացված վիպերգերի տեսքով, որտեղ իրականն ու անիրականը փոխշաղկապված են միմյանց, սակայն հնարավոր է դրանցից զատորոշել գերակայող պատմական ատաղձը, հենքը, քանզի այն վաղնջական ժամանակներում կատարված պատմական իրողություն է: Բացի այդ` հնագիտական հայտնագործություններն ի զորու են անուղղակի կամ ուղղակի իրեղեն վկայություններով լրացնել իրապատումներում նկարագրված դեպքերը, ծեսերն ու սովորույթները: Այս պատումներում առասպելը թեև դեռևս արտացոլվում է, սակայն հիմնական պատմական թեմայում չունի էական դերակատարում և միայն ոճական տարր է[9]:
Այսպիսով` առասպելի, ասքի, ավանդազրույցի և վաղ իրապատումի միջև, որոնք սերտորեն փոխշաղկապված են միմյանց հետ և հաճախ բխում են մեկը մյուսից, առկա են նուրբ, սակայն էական տարբերություններ: Նշված տերմինների ճիշտ կիրառումը կանխորոշում է դրանց ընկալումը և ներկայացվող թեմայի վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորումը: Այժմ քննարկենք մեզ հասած հայոց հնագույն ավանդազրույցի դրվագները և փորձենք բացահայտել նրա էությունը՝ առասպելից մինչև իրապատում:
Հայոց հին դիցարանի առանցքային կերպարներից է հետմահու աստվածացված Հայկ նահապետը, որը «լուսատու» էր, քաջ որոսորդ, անհաղթահարելի ռազմիկ, ազգ սերող նախնի: Ըստ առասպելական պատումների` նա հետմահու դարձել է պայծառ ու գեղեցիկ աստղ` իր համաստեղությամբ[10]: Այստեղ հստակ դիտարկվում է հզոր նախնու` նահապետի, արքա-առաջնորդի հետմահու աստվածացման գաղափարը, որը հավաստվում է Հայաստանի բրոնզի դարի վերնախավի թաղման ծիսակարգում[11]:
Որոշ գիտնականների կարծիքով Հայկի և Բելի ճակատամարտն իրավամբ եղել է հայ ժողովրդի կազմավորման, իր պատմական հայրենիքում պետականության հիմնման պատմականորեն վկայված իրադարձություն: Այս տեսակետի կողմնակիցները վիպերգին անդրադարձել են բազմիցս, նույնիսկ փորձել վերակազմել իրադարձությունների ժամանակը: Այսպես` ըստ Ղևոնդ Ալիշանի տոմարագիտական հաշվարկների` Հայկի և Բելի (Նեմրովդ) ճակատամարտը տեղի է ունեցել Ք.ա. 2492 թվականին: Ժամանակագրական այս վերակազմության համար նա օգտագործել է այն հայտնի փաստը, ըստ որի 428 թ. Նոր Տարին` Նավասարդի 1-ը, հայկական արեգակնային շարժական օրացույցով համընկել է հուլյան տոմարի օգոստոսի 23-ին (այժմյան օրացույցով օգոստոսի 11-ին): Հայոց բուն տոմարի մեկ տարին բաղկացած է 12 ամսից` յուրաքանչյուրը 30 օր և հինգ հավելյալ (Նոր Տարին տոնելու) օրերից, որոնց յուրաքանչյուր չորս տարին մեկ գումարվում էր ևս մեկ հավելյալ օր: Նավասարդի 1-ը, ինչպես և մյուս տոները, դրա հետևանքով դառնում են շարժական և կրկնվում 1460 տարին մեկ, ինչը համապատասխանում է աստղային համակարգում արևի մեկ լրիվ շրջապտույտին: Հաշվի առնելով աստղագիտական այն դիտարկումը, ըստ որի` «Հայկական ցիկլը» կամ աստղային համակարգում արևի մեկ լրիվ շրջապտույտը կրկնվում է 1460 տարին մեկ, և ընդունելով այն, որ Հայկի և Բելի ճակատամարտից հետո, մինչև 428 թ. անցել էր երկու շրջապտույտ, նա ճշգրտորեն որոշել է Հայկի և Բելի միջև տեղի ունեցած ճակատամարտի տարեթիվը` 1460 – 428 Ք.հ. = 1032 թ. Ք.ա. + 1460 = 2492 թ. Ք.ա. կամ 1460 X 2 – 428 = 2492 թ. Ք.ա.: Ըստ Ալիշանի` Ք.ա. 2492 թվականը որպես Բելի պարտության և մահվան թվական ընդունել են նաև հին հույն պատմիչներ Աֆրիկանոսն ու Եվսեբիոսը[12]:
Այսօր հրապարակում կա ևս մեկ կարծիք, որը նույնպես աներկբա ընդունում է օրացույցային հաշվարկների հիման վրա Հայկի և Բելի ճակատամարտի ժամանակի սահմանման հնարավորությունը: Սակայն դրա կողմնակիցները Հայկի և Բելի ավանդազրույցի հենքը համարում են Ասորեստանի և Վանի թագավորության միջև տեղի ունեցած երկարատև հակամարտության արձագանքը` դրանով իսկ ժամանակագրական առումով իրադարձությունները տեղափոխելով բոլորովին այլ միջավայր[13]: Զարգացնելով այս թեզը` Բաբկեն Հարությունյանն առաջ է քաշում մի տեսակետ, ըստ որի` տոմարագիտական հաշվարկների համար հիմք ծառայող 428 թ. մինչև Հայկի և Բելի միջև տեղի ունեցած ճակատամարտը պետք է անցած լիներ ոչ թե երկու, այլ մեկ արեգակնային շրջափուլ, հետևաբար պատմական այդ կարևորագույն իրադարձությունը տեղի է ունեցել Ք.ա. 1032 թ.: Որպես մեկ շրջափուլի տեսակետի հիմնավորում` նրանք առաջ են քաշում այն թեզը, ըստ որի` Հայկյան Արամը իրական դեմք է, որը Վանի թագավորության Արամե արքան պետք է եղած լիներ, հետևաբար բնական է եզրակացնել, որ Հայկից մինչև Արամը կարող էր անցած լինել մի քանի դար և ոչ թե մեկ և կես հազարամյակ[14]:
Այժմ քննարկենք պատմական սկզբնաղբյուրները` ինչպես գրավոր, այնպես էլ հնագիտական` այս խնդիրները լուսաբանելու համար:
Գրավոր սկզբնաղբյուրներ
ՏԵՂԱՆՔԸ: «… Իսկ Արամանեկայ առեալ զամենայն բազմութիւն` խաղայ յարևելս հիւսիսոյ, և երթալ իջանէ ի խորին դաշտավայր մի, ի բարձրագագաթանց պարսեալ լերանց, գետոյ կարկաջասահի յարևմտից ընդ մէջ անցանելով: Եւ զդաշտն արևելից գոգցես ոմն իբրև որսայսեալ, ձիգ յարեգակն կոյս զերկայնութիւն. և առ ստորոտովք լերանցն բազումք ականակիտ բղխեալ աղբիւրք, որք ի գետոց եկեալ հաւաքումն հեզաբար: Առ սահանօք նոցա, ծնիւք լերամբք և եզերօք դաշտին` պատանիք ոմանք իբր առ երիտասարդուհեօք ճեմիցին, այլ հարաւայինն արեգակնաճեմ լեառն, սպիտակափառ ունելով գագաթն, ուղղորդ յերկրէ բուսեալ, երեքօրէիւ, որպէս ասաց ոմն ի մերոցն, աջագօտւոյ առն շրջապատեալ ճանհապարհաւ, և առ փոքր փոքր ի շեշտումն անկեալ, ծեր ոմն արդարև լեառն ի մեջ երիտասարդացեալ լերանցն: Յայսմ խորութեան դաշտի բնակեալ Արամանեկայ` շինէ զմասն ինչ ի հիւսիսոյ կողմանէ դաշտին, և զոտն լերինն ի նոյն կողմանէ, և զլեառնն անուանէ յանկագոյն յիւր անուն Արագած, և զկալուածս` ոտն Արագածոյ»[15]: Նկարագրությունից կարելի է վերակազմել, որ Արամանյակի կայանատեղին Արարատյան դաշտի հյուսիսային մասում է` Արարատի հանդիման` Արագած լեռան հարավային ստորոտում` Արաքս գետի ձախ ափին: Արաքս գետի անունն այստեղ չի հիշատակվում, սակայն դատելով աշխարհագրական տեղանքի վերլուծությունից և գետի կարկաջասահ (Խորենացի) և հորդահոսան (Սեբեոս) անվանումներից, և այն փաստից, որը գետը կտրում է լեռների մեջ գտնվող դաշտավայրը` որոշակի է, որ խոսքը այս տարածքի ամենամեծ գետի՝ Արաքսի մասին է: Սեբեոսը վկայում է, որ հարավ-արևմուտքից դեպի հյուսիս շարժվող Արամանյակը կտրում անցնում է գետը. «Ապա Արամենակ աւելի հյուսիս գնաց եւ իջաւ բարձրաբերձ լեռներու մէջ գտնուող դաշտավայր մը, որուն մէջէն յորդահոսան գետ մը կտրելով կանցնի, որուն մէջէն Արամենակ անցնելով բնակեցաւ հոն եւ այդ լեռնոտ եւ առապար շրջանը շէնցուց, որպէս իր ժառանգութեան բաժինը»[16]: Եվ իրավ, Արամանյակը, գետը (Արաքսը) կտրելով, կհայտնվեր Արագած լեռան ստորոտում, որտեղ մինչ այժմ դիտվում են բազմաթիվ հրաբխային քարակարկառներ (լեռնոտ և առապար շրջան): Պատմահայրը նաև նկարագրում է լեռների ստորոտից բխող աղբյուրներից առաջացող գետերը, որոնք հեզաբար հոսում են դաշտավայրով: Այս տեղանքում հայտնի են Քասախ, Շաղվերտ և Անբերդ գետակները: Սրանցից Ամբերդի և Քասաղի ակունքները բավականին հեռու են Արագածի հարավային ստորոտից, և, բացի այդ, այս գետակները հայտնի են բուռն հոսանքով: Ի հակադրություն դրանց` Շաղվերտ գետակը սնվում է Ղազարավան և Փերսի (այժմ` Բազմաղբյուր) գյուղերի մերձակա, լեռան ստորոտից բխող քաղցրահամ աղբյուրներից, ունի հեզաբարո ընթացք և մինչև Օշականի սարահարթին հասնելը հոսում է «լեռնոտ եւ առապար» սարահարթով:
Քարտեզ 1
Աշխարհագրական տեղանքի այս ճշգրիտ նկարագրությունը ենթադրում է, որ Հայկյան առաջին զարմի ներկայացուցիչը հաստատվել է այստեղ: Եթե այդպես է, ապա տեղում պետք է պահպանվեին նաև նրա և նրա ժառանգների գործունեության հետքերը: Շաղվերտ գետակի ձախափնյա քարքարոտ սարահարթում տարածվում են Վերին Նավեր և Ներքին Նավեր կոչվող ընդարձակ դամբարանադաշտերը, իսկ փոքր-ինչ դեպի հյուսիս Բազմաղբյուրի, Նազրվանի և Փերսիի բերդշեներն են: Մեկ այլ ամրոցի ավերակներ նշմարվում են Շաղվերտ գետակի ափին: Նշված դամբարանադաշտերում հասարակ համայնականների հարյուրավոր դամբարանների մեջ առանձնանում են առաջնորդ-արքաների՝ նահապետների հսկա դամբանաբլուրները, որոնք աչքի են ընկնում ոչ միայն մեծությամբ, այլև` արքայական թաղման ծեսին բնորոշ զոհաբերություններով և թաղման ճոխ ընծաներով[17]: Այսպիսով` կարող ենք փաստել, որ գրավոր աղբյուրների հաղորդումը տեղանքի վերաբերյալ, այս դեպքում Հայկի և Բելի ճակատամարտին հաջորդած իրադարձությունների համատեքստում, համընկնում է պատմաաշխարհագրական միջավայրին և հավաստվում նահապետների կամ առաջնորդ-արքաների դամբարաններով, որոնք կենտրոնացված են հենց այն վայրում, որտեղ, ըստ պատմիչների, հաստատվել է Արամանյակը:
Շարունակությունը՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 3455 անգամ


Մեկնաբանել
Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:



Բոլոր նորությունները
Partner news
Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Հարցում
Loading...
Нижнее женское белье
О модном белье. Нижнее белье, купальники, бижутерия
laksheri.me
Utp
Отличные предложения поставщиков Москвы на кабели UTP
utpcable.ru
Отделка комнаты
Делаем внутренние отделки, наружные,без предоплаты, Костромские бригады
remont-snabplus.ru
  Կայքը՝
© 2014 Blognews.am - Մեր մասին
Яндекс.Метрика

Գովազդի համար զանգահարել՝

Հեռ: +374 60 511 511