«Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հարվածած, քաշքշած, հրած ավագանու ՀՀԿ-ական անդամները, յուրաքանչյուրը, պարզվում է՝ առանձին-առանձին թաթախված է տարբեր քրեական պատմությունների մեջ։
 
Նշենք, որ armtimes.com-ը գրել էր, որ ծեծի հիմնական մասնակիցներից ավագանու անդամ Վասպուրակ Մարտիրոսյանը քրեական անցյալ ունի: Նրա պաշտոնական կենսագրությունում նշված է, որ աշխատել է «Մաքս կոնցեռն» ՍՊԸ-ում: ՀՔԾ-ի հաղորդագրություններից մեկում նշվում է, որ «Մաքս Կոնցեռն» ՍՊԸ խորհրդի նախագահի օգնական Վասպուրակ Մարտիրոսյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին հասցված գույքային վնասի վերաբերյալ, հիշյալ ընկերության նախկին աշխատակիցներից պարզաբանումներ և հատուցում ստանալու նպատակով, նրանց բոլորին ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ, 2009 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 7-ն ընկած ժամանակահատվածում, վերջիններիս կամքին հակառակ, պահել են ընկերության վարչական շենքում:
Նույն վայրում գործով չպարզված` անվտանգության աշխատակիցների միջոցով նրանց նկատմամբ սահմանել են հսկողություն` ապօրինաբար զրկելով տեղափոխվելու և գտնվելու վայրն ընտրելու ազատությունից, պահել այնքան ժամանակ, մինչև վերջիններս պարտադրմամբ և թելադրանքով գրել են «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի դրամարկղ գումարներ վճարելու վերաբերյալ պարտավորագրեր: Վասպուրակ Մարտիրոսյանը որոշ ժամանակ եղել է կալանավորված, սակայն հաջողացրել է ազատվել քրեական պատասխանատվությունից:
 
«Ժամանակ»-ի տրամադրության տակ հայտնված նյութերից մենք պարզում ենք, որ Վասպուրակ Մարտիրոսյանից ոչնչով հետ չի մնում միջադեպի օրը Մարինա Խաչատրյանին ավագանու նիստերի դահլիճից հեռացնելու «օպերացիային» մասնակցած ավագանու անդամ, Երևանի Նոր Նորքի նախկին թաղապետ Մելիք Գասպարյանի եղբայր Արտակ Գասպարյանը, որին հաջողվել էր քաշելով Մարինա Խաչատրյանին հանել նախասրահ:
 
Մասնավորապես՝ մեր ձեռքի տակ եղած նյութերից պարզ է դառնում, որ Արտակ Գասպարյանի դեմ անցած տարի հաղորդում է ներկայացվել հատուկ քննչական ծառայություն, որով քննություն է գնում։
 
Այդ տեղեկությունների համաձայն՝ դեռևս 2007 թվականից Արտակ Գասպարյանը թաղված է պարտքերի մեջ: Իսկ 2013 թվականի սեպտեմբեր ամսին բանկերից մեկի ղեկավարությանը տվել է 10.000 ԱՄՆ դոլար կաշառք և ստացել 135.000 ԱՄՆ դոլար վարկ: Վարկի դիմաց գրավադրել է եղբոր՝ Մելիք Գասպարյանին պատկանող տունը: Վարկը չմարելու պատճառով եղբորը պատկանող տունը դարձել է բանկի սեփականությունը:
 
Դիմող կողմը իրավապահ մարմիններին ներկայացրած հաղորդման մեջ նշել է, որ պատրաստ է ապացուցել, որ Արտակ Գասպարյանի կողմից կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ (1-ին կամ 2-րդ մաս) հոդվածով նախատեսված հանցավոր արարքներ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել