Թեպետ 2018 թվականը նոր է մեկնարկել, սակայն գինեգործության  ոլորտում նոր հաջողություններ արդեն գրանցվել են: Այս մասին հայտնում են գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես, Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 14 գինեգործական ընկերություններ փետրվարի 5-ից 9-ը մասնակցել են Մոսկվայում անցկացվող «ՊրոդԷքսպո» 25-րդ հոբելյանական ցուցահանդեսին: Տարածաշրջանի խոշորագույն ամենամյա միջազգային ցուցահանդեսում հայկական ընկերությունները միասնական տաղավարով իրենց արտադրանքն են ներկայացրել երկրորդ անգամ:

«Հանդիպեցինք Գերմանիայի, Կանադայի, Հունգարիայի ներկայացուցիչների հետ, որոնք հետաքրքրված են հայկական գինեգործությամբ:  Կարծում եմ, որ հետագայում կունենանք պայմանագրեր արտահանման ուղղությամբ»,- նշել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Գինու ոլորտի մասնագետները համոզված են, որ առաջիկայում հայկական գինին իր ուրույն տեղն է զբաղեցնելու աշխարհի գինու քարտեզի վրա: Նրանք նաեւ հույս ունեն, որ զուգահեռաբար Հայաստանում էլ ավելի կզարգանա գինի խմելու մշակույթը:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրել է 6,890.8 հազար լիտր գինի, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 37.7%-ով։ Նույն ժամանակահատվածում արտահանումն աճել է շուրջ 30 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել