Կլեոպատրան եգիպտուհի էր

Ոչ. Թագուհու նախնիները՝ մակեդոնացիները՝ Բալկանների բնակիչները, որոնք հին հունարենի բարբառով էին խոսում, Եգիպտոս են եկել Ալեքսանդր Մակեդոնացու բանակի հետ միասին: Վերջինիս դաշնակից Պտղոմեոս I-ը դարձավ մակեդոնական դինաստիայի առաջին փարավոնը: Ըստ հին եգիպտական ավանդույթի՝ Պտղոմեոսի իրավահաջորդները ամուսնանում էին միայն իրենց ընտանիքի ներսում գտնվող կանանց հետ՝ ժառանգ-որդիները ամուսնանում էին իրենց քույրերի հետ: Այսպես, մ.թ.ա. 69 թվականին՝ Կլեոպատրայի ծննդյան պահին, դինաստիան կառավարում էր Եգիպտոսն արդեն շուրջ 250 տարի: Դարերի ընթացքում մակեդոնական արյունը «տարածվեց» տեղացիների մեջ ևս, սակայն պաշտոնապես դրա մասին երբեք չի հայտարարվել:

 

Կլեոպատրան միայնակ էր կառավարում

Ոչ. Կլեոպատրա VII-ն կառավարել է հաջորդաբար երեք տղամարդկանց հետ միասին. երկու եղբայրների՝ Պտղոմեոս XIII-ի և Պտղոմեոս XIV-ի, որոնց հետ նաև ամուսնացել է, և Հուլիոս Կեսարի որդու՝ Կեսարիոնի:

 

Կլեոպատրայի պատճառով զոհվեցին երկու հայտնի հռոմեացի հրամանատարներ

Այո. Հռոմի կառավարման համար մ.թ.ա. 48 թվականին Հուլիոս Կեսարին պարտվելով Գնեյոս Պոմպեոսը փախավ Եգիպտոս, որտեղ նույն ժամանակ Կլեոպատրան գահի համար պայքարում էր եղբայր-ամուսին Պտղոմեոս XIII-ի հետ: Ցանկանալով Կեսարին իր կողմում պահել՝ փարավոնը հրամայեց սպանել Պոմպեոսին: Մ.թ.ա. 30-ականներին որդեգրված Կեսար Օկտավիանոսի և հրմանատար Մարկոս Անտոնիոսի, որն ամուսնացել էր Կլեոպատրայի հետ, միջև կոնֆլիկտ տեղի ունեցավ: Օկտավիանոսը ցանկանում էր Եգիպտոսը միացնել հռոմեական տարածքներին, որի հետ, ենթադրաբար, չէր համաձայնում թագուհին: Պատերազմն անխուսափելի էր: Մարկոս Անտոնիոսը գործեց ի հաճո իր սիրեցյալի և տանուլ տվեց բոլոր մարտերը: Խուսափելու համար գերությունից և խայտառակությունից՝ նա ինքնասպան եղավ:

 

Կլեոպատրան աստվածուհի էր համարվում

Այո. Մ.թ.ա. III դարի կեսերին Պտղոմեոսի դինաստիայի փարավոնները գահակալության գալուց հետո սկսեցին աստվածացվել, նրանց հետ մեկտեղ նաև նրանց կողակիցները: Այդպիսինն էր հատկապես Կլեոպատրան, ով իրեն ճանաչում էր որպես Իսիդա՝ եգիպտական գլխավոր աստվածուհիներից մեկը: Անգամ դրամների վրա, որոնք հատում էր թագուհին, նա իրեն հռչակում էր որպես Նոր Իսիդա:

 

Կլեոպատրային Հուլիոս Կեսարի մոտ են բերել գորգի վրա

Ոչ. Այս միֆը տարածվել է ժողովրդի մեջ շնորհիվ հոլիվուդյան ֆիլմի ազդեցիկ տեսարանի, որի ընթացքում Հուլիոս Կեսարի դեմաց նախշազարդ գորգ են բացում, որի մեջ էլ Կլեոպատրան է լինում: Պատմությունն այն մասին, թե ինչպես է թագուհին Կեսարի պալատ եղբորից գաղտնի եկել՝ համոզելու, որպեսզի իրեն աջակցի իշխանության համար պայքարում, գրել է I-II դարերի պատմիչ Պլուտարքոսը: Այնտեղ թագուհու օգնականը նրան բերում է սպիտակեղենի համար նախատեսված պարկով: Սակայն արդեն XIX դարի ստեղծագործություններում այս սյուժեում գորգի հետ միասին նշվում է նաև գորգը: Հնարավոր է, որ սա հետևանքն է այն բանի, որ Պլուտարքոսի աշխատությունը թարգմանելը բավականին բարդ գործ է. Բառը թարգմանել են որպես carpet, որն ըստ Սամուել Ջոնսոնի 1768 թ. բառարանի նշանակում է «բազմագույն ծածկոց», իսկ ժամանակակից անգլերենում՝ «գորգ»:

 

Կլեոպատրան կաթով լոգանքներ էր ընդունում, որոնց համար կթում էին 700 այծերի

Ոչ. Գեղեցկության այսպիսի բաղադրատոմսի մաիսն վկայությունները, որոնք օգտագործել է թագուհին, հաճախ հայտնվում են հանրահայտ ինտերնետային կայքերում և հղում են կատարվում կա՛մ Հիպոկրատին, կա՛մ Պլինիոս Ավագին: Հիպոկրատն ապրել է Կլեոպատրայից գրեթե չորս հարյուրամյակ առաջ: Իսկ Պլինիոսը գրում է, որ կնճիռների դեմ կաթի լոգան առաջին անգամ ընդունել է արդեն նոր շրջանում ծնված կայսրուհի Պոպեյ Սաբինան:

 

Կլեոպատրան ինքնասպանություն է գործել հանուն սիրո

Դժվար թե. Ռոմանտիկ լեգենդը, ըստ որի թագուհին ինքնասպան է եղել, քանի որ չէր կարողանում տանել Մարկոս Անտոնիոսի մահը, չի համապատասխանում այն ամենին, ինչը հայտնի է մեզ պատմական աղբյուրներից այս կնոջ բնավորության և մահվան պայմանների վերաբերյալ: Կլեոպատրայի կյանքի վերջին օրերի մասին պատմել է Պլուտարքոսը՝ հղում կատարելով վերջինիս բժշկի արձանագրություններին: Ըստ Պլուտարքոսի՝ Անտոնիոսի ինքնասպանությունից մի քանի օր անց Կլեոպատրային հայտնել են, որ նա շուտով Հռոմ է տեղափոխվելու: Դա միայն մեկ բան կարող է նշանակել. թագուհին պետք է մասնակցեր Օկտավիանոսի՝ Եգիպտոսը գրավելու առթիվ կատարվող հաղթական տոնակատարությանը՝ որպես գավաթ: Առավել հավանական է, որ Կլեոպատրան ցանկացել է մահանալ՝ խայտառակությունից խուսափելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել