Գեղեցիկի ընկալումները միշտ էլ տարբեր են եղել․ եթե մեկի համար մի բանը գեղեցիկ է, մյուսի համար այն կարող է տգեղ լինել։ Չնայած, համաձայնեք, որ կան որոշ չափանիշներ, որոնք առավել ընդհանուր ու ընդունված են մեծամասնության կողմից։ Այնուամենայնիվ, մոդել Սոֆյա Հաջիպանտելին կարծես թե այնքան էլ չի համապատասխանում այդ չափանիշներին, ինչը, սակայն, նրան բացարձակ չի մտահոգում։

Կիպրոսում բնակվող հույն մոդելը չի հարդարում իր հոնքերը․ դրանք շատ հաստ ու իրար կպած են։ Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր մարդ պետք է լինի այնպիսին, ինչպիսին ինքն է ցանկանում, և ոչ թե այնպիսին, ինչպիսին հասարակությունն է ցանկանում։

«Ժամանակին շատ էի հանում հոնքերս։ Մայրս միշտ ասում էր, որ իմ բնական հոնքերը շատ ավելի գեղեցիկ են, պետք չէ այդքան շատ հանել։ Եկավ ժամանակ, երբ դադարեցի դրանք հանելուց, քանի որ ինձ էլ սկսեց դուր գալ իմ այդ տեսքը։ Վերջերս նաև սև եմ ներկել հոնքերս, որպեսզի ավելի արտահայտիչ տեսք ստանան»,- պատմել է Սոֆյան։

Շատերն են դրական մեկնաբանություններ թողնում Սոֆյայի նկարների տակ, բայց երիտասարդ ու բոլորից տարբերվող մոդելի հասցեին քիչ չեն նաև մեղադրական ու վիրավորական խոսքերը։ «Այո, մարդիկ պարբերաբար քննադատում են ինձ։ Իհարկե, այնքան էլ հաճելի չէ, բայց արդեն սովորել եմ այդ ամենին։ Գիտե՞ք՝ ինձ համար լրիվ միևնույն է, թե մարդիկ ինչ են մտածում իմ մասին, քանի որ նրանք չեն իմ մարմնի տերը, այլ միայն ու միայն ես։ Կարևոր կոչ ունեմ բոլորին։ Մի ենթարկվեք հասարակական ճնշումներին, մի վախեցեք տարբերվելուց։ Մի ներկեք ձեր մազերը, որովհետև հասարակությունն է այդպես ցանկանում, մի շպարվեք, որովհետև հասարակությունն է այդպես ցանկանում, մի արեք պլաստիկ վիրահատություններ, որովհետև հասարակությունն է այդպես ուզում։ Փոխարենը գնացեք այդ քայլերին, եթե ԴՈՒՔ եք այդպես ցանկանում։ Ես դեմ չեմ ո՛չ դիմահարդարմանը, ո՛չ հոնքերի հարդարմանը, ո՛չ էլ պլաստիկ վիրահատություններին, սակայն դեմ եմ մյուսների կարծիքի պատճառով այդ ամենն անելուն»։

Ահա ևս մի քանի լուսանկար, որոնք ցույց են տալիս մոդել Սոֆյայի յուրահատուկ արտաքինը․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել