ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը փետրվարի 14-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության եւ բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությանը՝ ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Վլասովի գլխավորությամբ, հայտնում է ՍԱՊԾ լրատվականը:Մինչ օրակարգային հարցերի քննարկումը՝ ՍԱՊԾ պետը Նիկոլայ Վլասովի հետ առանձնազրույցում ներկայացրել է սննդամթերքի անվտանգության բարելավմանն ուղղված ընթացիկ ծրագրերը եւ ակնկալվող արդյունքները՝ կարեւորելով հատկապես կենդանական ծագման մթերքի անվտանգության ապահովման նպատակով իրականացվող համալիր միջոցառումները: Անդրադարձ է կատարվել այս ուղղություններով համագործակցության հնարավորությանն ու անելիքներին:Քննարկման օրակարգում ՍԱՊԾ կազմում գտնվող «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման եւ վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակառուցման եւ վերազինման հարցն էր. ստորագրվել է աշխատանքների ընթացքն ամրագրող արձանագրություն: Վերահաստատելով ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համաձայնությունը, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ արդեն ընտրվել է կառուցապատող կազմակերպություն՝ պատրաստվել է ՌԴ «Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնի» եւ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության միջեւ համաձայնագրի նախագիծ, որի ստորագրմամբ արդեն կմեկնարկեն գիտական այս կենտրոնի շինարարական աշխատանքները:Պատվիրակությունը շրջայց է կատարել նորաստեղծ «Դիտարկման կենտրոն», որը հնարավորություն է տալիս առցանց ռեժիմով հետեւել հանրապետության անասնահամաճարակային եւ բուսասանիտարական իրավիճակին,  նաեւ՝ այստեղ կհամախմբվեն ՍԱՊԾ գործունեությանն առնչվող բոլոր տվյալներն ու կկատարվեն անհրաժեշտ վերլուծություններ: Նաեւ ծանոթացել է արտահանման եւ ներմուծման ձեւակերպման գործընթացներին Ծառայության սպասարկման կենտրոնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել