Մեր կյանքի կարևորագույն ընտրություններից է մասնագիտության ընտրությունը։ Կարելի է ասել, որ մեր ապագա կյանքը, մեր երջանկությունն ու հաջողությունը 60-70%-ով կախված է հենց այդ ընտրությունից։ Իսկ ինչպե՞ս կարող ենք մենք ապահովել վերը նշվածները։
  Հարցիս պատասխանը միանգամից տամ։ Գործում հաջողակ ու կյանքում երջանիկ լինելու համար կարևորագույն հանգամանքը սիրած գործով զբաղվելն է։ Սիրում ես երաժշտություն, ամբողջ ազատ ժամանակդ տրամադրում ես նվագելուն կամ երգելուն – ուրեմն քո ուղղությունը հենց երաժշտությունն է։ Գնալով այդ ճանապարհով, դու ոչ մի ջանք չես խնայի ու ոչնչի առջև կանգ չես առնի։ Իսկ դա արդեն հաջողության հասնելու գրավականներից մեկն է։ Բերածս օրինակը գործում է նույն սկզբունքով ամեն բնագավառում։ Ճիշտ է, կարող են և դժվարություններ լինել, բայց որտե՞ղ չկան դրանք ;))։ Իսկ եթե մասնագիտությունը ընտրեք դրանից զզվելով, ապա ոչնչի չեք հասնի։ Այս մասին ավելի մանրամասն խոսել եմ ԱՅՍ գրառման մեջ։Խնդրում եմ, մինչև շարունակելը կարդա այն, թեկուզ միայն այն հատվածը, որը վերաբերվում է այս գրառմանը։
  Այս տեսանկյունը քննարկեցինք, ու հուսով եմ` իմ տեսակետը պարզ ու հասկանալի է այս հարցում։ Հիմա խնդիրը դիտարկենք ավելի գլոբալ տեսանկյունից։
  Այսօր Հայաստանում կա տնտեսագետների, իրավաբանների, դիվանագետների և մի շարք նմանատիպ «պրեստիժնի մասնագետների» ավելցուկ։ Հենց այսպես եմ գրում, որովհետև բոլորս էլ գիտենք, որ այդ մասնագետների մեծամասնությունը բոլորովին էլ իր գործի մասնագետ չէ։ Հենց այդ մեծամասնությունը ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն մի քանի պատճառով.
  • ծնողների խնդրանքով կամ պարտադրանքով,
  • քանի որ այդ ֆակուլտետում ծանոթներ ունեն, ովքեր կօգնեն,
  • ուրիշ ոչինչ անել չգիտեն (և այնպես չէ, որ իրենց ընտրածից էլ գաղափար ունեն)։

 

  Պատճառները շատ են, բայց չեմ պատրաստվում ժամանակ վատնել բոլորը թվարկելու վրա։ Ասելիքս այլ է։ Ովքեր սիրելով են ընտրում վերը նշածս մասնագիտությունները, նրանց դեմ ոչինչ չունեմ, ապրեն նրանք։
  Խնդրեմ, ինչպես արդեն ասացի, Հայաստանում որոշ մասնագետների թվի ավելցուկ կա, այնինչ այլ ոլորտներում մասնագետների պակաս է զգացվում։ Սա արդեն գործազրկության լուրջ պատճառներից է։ Ենթադրենք` 100 հոգի, համալսարանն ավարտելով, դարձել են տնտեսագետ։ Նրանցից լավագույններն են միայն անցնում եկամտաբեր աշխատանքի, իսկ մնացածը կա՛մ հազիվ իրենց հացի գումարն են վաստակում, կա՛մ էլ նույնիսկ դա չեն կարողանում անել։ Միայն թե չասեք, որ այստեղ ծանոթությունը մեծ դեր է խաղում։ Այնպես չէ, որ դա սխալ է, բայց ինքներդ պատկերացրեք. դուք ձեռնարկության ղեկավար եք, և աշխատանքի պետք է ընդունեք երկուսից մեկին` կա՛մ նրան, ով ծանոթի միջոցով է հասել այդտեղ, բայց այնքան էլ լավ մասնագետ չէ, կա՛մ նրան, ով չունի ոչ մի ծանոթ, բայց լավ մասնագետ է։ Բնական է, կընտրեք երկրորդին, չէ՞։ Առաջինին ընտրելու դեպքում կստացվի աշխատավարձ նվիրել մեկի, ով լավ չի աշխատում և չի ապահովում ցանկալի արդյունքը։ Այդպես ձեր ձեռնարկության բյուջեն ճեղքվածք կտա, կամաց-կամաց ունեցածն էլ կկորցնեք։ Իսկ երկրորդը, ով սիրում է իր մասնագիտությունը ու լավ մասնագետ է, շահագրգռված կլինի լավ աշխատելու ու անընդհատ առաջ գնալու, ինչը նաև կապահովի ձեր ձեռնարկության առաջընթացը։ Հիմա տեսնու՞մ եք, որ, ինչպես հայտնի ասացվածքն է, «Տաշված քարը երբեք գետնին չի մնում»։
  Իսկ հիմա վերադառնանք այն 100 հոգուն։ Իրականում նրանք ավելի շատ են, սակայն չկան նրանց մասնագիտությանը համապատասխան բավականաչափ աշխատատեղեր։ Հենց դա էլ հանդիսանում է Հայաստանում գործազրկության պատճառը։ Եթե յուրաքանչյուրը սովորի այն, ինչով իրոք ցանկանում է հետագայում զբաղվել, կկարողանա ստեղծել աշխատատեղեր, ինչը կնվազեցնի գործազրկությունը Հայաստանում։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Հայաստանը կսկսի զարգանալ ու ավելի արագ տեմպերով դուրս գալ այս ճահճից։ Խնդրում եմ, չփորձեք խոսել քաղաքականությունից ու հիմիկվա իշխանությունից։ Ապագան միայն ձեր ձեռքում է և ամեն ինչ կլինի այնպես, ինչպես դուք կորոշեք ու կանեք։
  Այնպես որ, խնդրում եմ, մի՛ վախեցեք ընտրել այն մասնագիտությունը, որը դուք սիրում եք։ Ինքներդ տեսեք, թե ինչպիսի հեռանկար է բացվում այդ հասարակ բառը գրելուց։ Մասնագիտություն ընտրելուց հասա մինչև քաղաքականություն։ Հենց այդպիսի մեծ հեռանկար ունի սիրած մասնագիտության ընտրությունը։
  Այսքան գրածս ամփոփելու համար խնդրում եմ դիտեք ներքևում տեղադրված հոլովակը։
  Հուսով եմ այս գրառումս կօգնի նրանց, ովքեր կանգնած են այդ բարդ ընտրության առջև։ Եթե զգում եք, որ դա է ձեր ճանապարհը, մի լսեք ուրիշ ոչ ոքի։ Ընտրեք այն ու ապացուցեք, որ դուք ճիշտ էիք ու ցանկության դեպքում կարող եք հասնել այն ամենին, ինչ ցանկանում եք։
  Դե, ասա տեսնեմ, արդյոք քո ընտրած մասնագիտությունը կարո՞ղ է ապահովել այն, ինչի մասին դու միշտ երազել ես ու ինչին միշտ ձգտել ես ;)))...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել