Ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի և տիկին Դեսիսլավա Ռադևայի՝ այսօր երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջպետական հարաբերություններին, ինչպես նաև փոխադարձ հարգանքի, նույնական արժեհամակարգի ու ավանդույթների վրա հիմնված հայ և բուլղար ժողովուրդների բարեկամությանը:

Նախագահ Սարգսյանն իր բաժակաճառում խոսել է պատմության ընթացքում հայ և բուլղար ժողովուրդների պատմական առնչություններին և դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր զարգացող միջպետական հարաբերությունների մասին:

«Անցած քառորդ դարում աշխատելով համատեղ՝ թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում, մենք անցանք իրադարձություններով հագեցած ուղի, բազմապատկեցինք և խտացրեցինք այն կապերը, որ ժառանգել ենք՝ դրանց հաղորդելով ավելի գործնական, ավելի առարկայական ու նաև ապագային միտված բնույթ։ Խոսքս ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական, զբոսաշրջության, միջխորհրդարանական, պաշտպանական, գիտակրթական և մշակութային ոլորտներում ձեռքբերումների մասին է»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Նշելով, որ Բուլղարիայի նախագահն այսօր Երևանում այցելել է բուլղարացի մեծանուն բանաստեղծ Պեյո Յավորովի անվան հիմնական դպրոց, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ կրթօջախն ու այնտեղ հիմնված՝ անվանի մտավորականի՝ Պեյո Յավորովի թանգարանը փայլուն օրինակ է, թե ինչպես են երկու ժողովուրդների զավակները բարեկամություն կերտել:

«Մեր բարեկամության հիմքն ամուր է, բայց ցանկացած՝ անգամ ամենաամուր հիմքը կարիք ունի ամենօրյա հոգածության և ուշադրության։ Պետք է շարունակենք աշխատել, որ մեր հարաբերությունները որակական վերընթաց ապրեն։ Պետք է շարունակենք ավելի լավ աշխատել, որ ոչ միայն պահպանենք մեր ժառանգածը, այլև ամրապնդենք այն մերօրյա ձեռքբերումներով` շոշափելի ձեռքբերումներով։

Խնդրում եմ ինձ հետ միասին բաժակ բարձրացնել բարեկամ Բուլղարիայի Նախագահ պարոն Ռադևի և տիկին Ռադևայի համար, բուլղար արժանավոր ժողովրդի հետագա բարօրության և հայ-բուլղարական բարեկամության հարատևության համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևն իր բաժակաճառում շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստան այցելելու հրավերի, ինչպես նաև անձամբ իր, իր տիկնոջ և բուլղարական ամբողջ պատվիրակության նկատմամբ ցուցաբերած սրտագին ու ջերմ հյուրընկալության համար: Նախագահ Ռադևը վստահություն է հայտնել, որ տեղի ունեցած արդյունավետ հանդիպումները կնպաստեն քաղաքական երկխոսության ակտիվացմանը և պայմաններ կստեղծեն Հայաստանի ու Բուլղարիայի միջև երկկողմ համագործակցության խորացման համար փոխշահավետ բոլոր ոլորտներում:

«Հուզված եմ, որովհետև 14 տարվա ընմիջումից հետո Հայաստան է այցելում Բուլղարիայի նախագահը և վստահ եմ, որ այսօր տեղի ունեցած արդյունավետ հանդիպումները կնպաստեն քաղաքական երկխոսության ակտիվացմանը և պայմաններ կստեղծեն Հայաստանի ու Բուլղարիայի միջև երկկողմ համագործակցության խորացմանը փոխշահավետ բոլոր ոլորտներում: Չեմ կարող իմ ուրախությունը չկիսեմ նաև, որ Ձեր հրաշալի ու հնամենի մայրաքաղաք Երևանն եմ այցելում պայծառ տոնի՝ քաղաքի հիմնադրման 2800-ամյա հոբելյանի նախօրեին:

Բուլղարիայի և Հայաստանի միջև գոյություն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ, որոնք հիմնվում են բուլղար և հայ ժողովուրդների պատմանական և մշակութային բազմամյա կապերի վրա. փոխհարաբերություններ, որոնցում երբեք չեն եղել բաց մնացած հարցեր: Բուլղար և հայ ժողովուրդները միավորված են փոխադարձ համակրանքի ու համերաշխության զգացմամբ, որը ծագել է նրանց դժվարին պատմական ճակատագրից»,-նշել է նախագահ Ռադևը:

Բուլղարիայի նախագահը, անդրադառնալով հայ-բուլղարական բարեկամական հարաբերություններին, կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի դերակատարությունը, որը, ըստ նրա, կապող օղակ ու բարեկամության կամուրջ է երկու երկրների միջև: Նախագահ Ռադևի գնահատմամբ՝ հայկական համայնքի ներկայացուցիչները բուլղարական հասարակական-քաղաքական կյանքի կարևոր մասն են կազմում և նրանց կողմից պահպանված հայ մշակույթն ու ինքնությունը, մասնագիտական ինքնահաստատումն ու հաջողությունները Բուլղարիայի հարստությունն է:

Նշելով, որ ս.թ. հունվարի 13-ին լրացել է բուլղար մեծ բանաստեղծ, թատերագիր ու հեղափոխական Պեյո Յավորովի ծննդյան 140-ամյակը՝ Ռումեն Ռադևն ընդգծել է, որ նա նույնքան ծանոթ ու սիրելի գրող է ինչպես Բուլղարիայում, այնպես էլ Հայաստանում: Ըստ նախագահ Ռադևի՝ Յավորովը իր «Հայեր» բանաստեղծությամբ մտերմության կամուրջներ է կառուցել երկու ժողովուրդների միջև:

Իր բաժակաճառում Բուլղարիայի Հանրապետության նախագահն անդրադարձել է ՀՀ-ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ վստահություն հայտնելով, որ արագ վավերացումից հետո այն կդառնա ԵՄ հետ ավելի սեղմ մերձեցման ու համագործակցության գործիք:

«Անկեղծորեն ուրախ եմ, որ իմ այս այցը իրականանում է այն ժամանակ, երբ Բուլղարիան նախագահում է Եվրոպական Միության Խորհրդում: Սա երրորդ երկիր կատարած իմ սակավաթիվ այցերից մեկն է այս ժամանակաշրջանում, ինչը վկայում է այն անվիճելիորեն կարևոր նշանակության մասին, որը տալիս ենք Հայաստանի հետ ունեցած հարաբերություններին:

Թույլ տվեք դարձյալ իմ շնորհավորանքներն ուղղել Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրելու կապակցությամբ: Համոզված եմ, որ արագ վավերացումից հետո այն կդառնա ԵՄ հետ ավելի սեղմ մերձեցման ու համագործակցության գործիք:

Բուլղարիայի նախագահության ժամանակ մեր երկիրը կշարունակի ուշադրություն դարձնել ու սատարել ԵՄ բոլոր քաղաքականությունները, որոնք կնպաստեն նաև մեր երկկկողմ հարաբերությունների ամրացմանը: Վստահ ենք, որ դրանք պետք է հասցնեն քաղաքացիների համար կոնկրետ ու տեսանելի արդյունքների՝ խորացնեն մտերմությունը, տրանսպորտային և էներգետիկ կապերը, մարդկանց միջև շփումները, համագործակցությունը կրթության ոլորտում»,-նշել է Բուլղարիայի նախագահը:

Ռումեն Ռադևը բաժակաճառում անդրադարձել է նաև Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ունեցած հանդիպումներին և դրանց արդյունքներին, որոնք, նրա համոզմամբ, է՛լ ավելի մեծ դինամիկա կհաղորդեն երկու պետությունների միջև քաղաքական երկխոսությանը և տնտեսական կապերի զարգացմանը:

«Խոսքիս ավարտին կուզենայի վստահություն հայտել, որ հաշվի առնելով մեր ժողովուրդների միջև պատմական կապերը, ինչպես նաև իմ այցի ընթացքում ձեռք բերված բուլղարա-հայկական փոխհարաբերությունների հեռանկարներն ու պայմանավորվածությունները, դրանք ջերմորեն կողջունվեն ինչպես Բուլղարիայում, այնպես էլ Հայաստանում:

Թույլ տվեք բաժակ բարձրացնել՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանի և մեծարգո տիկին Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության ու բարեկամական հայ ժողովրդի բարօրության ու բարեկեցության, բուլղարա-հայկական հարաբերությունների ապագայի և բոլոր ներկաների առողջության համար»,-ասել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրված պետական ճաշին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել