Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի հարցը քննարկվելու է ընթացիկ տարվա մարտին նախատեսվող միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ։ Այս մասին, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ դա ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերը խորացնելու նոր հնարավորություն կստեղծի։ 

«Մենք մշտապես մեր օրակարգում ունեցել ենք այս հարցը: Վերջին ժամանակահատվածում իմ կողմից ևս ակտիվացվել է այդ գործընթացը, ես հանդիպում եմ ունեցել ԱՄՆ դեսպանի հետ, քննարկել ենք այդ հարցերը: Ի՞նչ եմ խնդրել մեր գործընկերներին (որովհետև ամեն տարի, կարծես, դոփում ենք նույն տեղում), որ մենք բերենք մեր փաստարկները, իրենք՝ իրենց, և դրանք համադրենք։ Ամեն դեպքում մենք վստահ ենք, որ այդ համաձայնագրի բացակայությունը խոչընդոտում է տնտեսավարող սուբյեկտների կողմից դրական որոշումներ կայացնելուն»,- ասաց նախարար Արամյանը։

Պաշտոնյայի դիտարկմամբ՝ որքան էլ մեկ դեպքով ընդունված չէ դատողություն կատարել ու եզրահանգումների գալ, այնուամենայնիվ, իրենց աչքի առջև ունեն ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերության օրինակը, որը Հայաստան մուտք գործեց Լյուքսեմբուրգում ստեղծված ընկերության միջոցով։ 

«Եվ այստեղ տրամաբանական հարց է ծագում՝ ինչու չի մտել հենց ամերիկյան կազմակերպության միջոցով:

Պատասխանը շատ պարզ է, որովհետև Լյուքսեմբուրգի հետ ունենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր։ Իսկ դա վստահություն է ներշնչում, թե ինչպիսին պետք է լինեն միջազգային հարկման սկզբունքները։ Ակնհայտ է, որ եթե ես էլ լինեի այդ ընկերության փոխարեն, նույն որոշումը ինքս կկայացնեի»,- նշեց Վարդան Արամյանը։

Նախարարը դժվարացավ համաձայնագրի շուրջ աշխատանքների և դրանց ամբողջացման վերաբերյալ ժամկետներ նշել, սակայն կարևորեց հանգամանքը, որ ԱՄՆ ֆինանսների նախարարի կողմից դրական արձագանք է եղել այս գործընթացի առնչությամբ։

ԱՄՆ կոնգրեսականներ ,Կալիֆոռնիա նահանգը ներկայացնող հանրապետական Դեյվիդ Վալադոն և դեմոկրատ Բրեդ Շերմանը երկու կուսակցությունների ներկայացուցիչների ստորագրություններով նամակ են հղել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին՝ կոչ անելով վերաբանակցել Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը:

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2015թ-ին, ինչը ճանապարհ է բացում կրկնակի հարկման վերացման մասին պայմանագրի ստորագրման համար: ԱՄՆ-ն նման պայմանագրեր ունի Մերձբալթյան երկրների, Մալթայի, Ճամայկայի, Սլովենիայի և այլ երկրների հետ: Հայաստանը նման պայմանագրեր ունի Ավստրիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Չինաստանի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների և այլ երկրների հետ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել