Yerkir.am-ը գրում է.

«Ելք» խմբակցության հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը նրանց շնորհակալություն հայտնեց բարձրացրած հարցերի համար, մասնավորապես` Ամուլսարի հետ իր առնչությանը, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ ունեցած խնդիրներին վերաբերող: Նա նշեց, որ եթե նախագահի հետ հանդիպումից հետո համաձայնեց առաջադրվել, շատ կարևոր է, որ հասարակությունը ճիշտ պատկերացում ունենա իր ապագա բարձրաստիճան պաշտոնյայի մասին:

Սարգսյանն անդրադարձավ «Ելք» խմբակցության հետ տեղի ունեցած հանդիպմանը, այն գնահատեց բաց և պրոֆեսիոնալ: «Հանդիպման ընթացքում հարցեր ուղղեցինք իրար երկու կողմից: Քննարկումը շատ բաց էր, պրոֆեսիոնալ: Ես իմ կողմից բավարարված եմ զգում, որովհետև շատ բաց զրույց էր, և ես կարծում եմ, որ այս զրույցը վերջինը չէ: Մենք խոսեցինք նաև հետագա հանդիպումների մասին: Ես հստակ գիտեմ, որ «Ելք»-ը հայտարարել է, որ դեմ են քվեարկելու ինձ, ես էլ, իհարկե, հարգում եմ նրանց որոշումը, բայց դա չի նշանակում, որ եթե ես համաձայնեմ թեկնածու լինել, հետո ընտրվեմ նախագահ, նրանց հետ չեմ աշխատելու: Ընդհակառակը` նրանք ընդդիմախոս կառույց են, արտահայտում են հասարակության որոշակի մասի կարծիքը: Այնպես որ` ես նայում եմ առաջ, նրանց հետ շարունակելու եմ աշխատել»,- նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել